Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­­տակը հիպո­տե­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­կարգի կիրա­ռության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. Եկա­մտա­­յին հարկի վերա­դարձ­­­ման համա­կարգի ներ­դրումը նպա­տակ է ունեցել բնա­կա­րանների և անհատական բնա­կելի տների նկատմամբ պահան­ջարկի աճի հաշ­­վին նպաս­տել տնտեսության շինա­րա­րու­թյան ոլորտի աշխու­ժաց­մանը: Այս առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինա­րա­րու­թյան ոլորտը ՀՀ տնտե­սության հիմնա­կան ոլորտներից է, ակն­կալվում էր նշյալ գոր­ծիքի կիրառ­ման միջոցով ոլոր­տում տնտե­սա­կան աճ ապա­հովել, իսկ տնտեսական աճից ստաց­­վող հարկերի միջո­ցով՝ փոխհատուցել եկամտային հարկի գումար­ների վերա­դարձ­ման արդ­յուն­քում պետա­կան բյուջեի եկա­մուտ­ների կորուստ­ները:

Հարկ է նկատել նաև, որ ամբողջ աշխարհում բնա­կա­­րա­նա­շի­նությունը համարվում է շահու­թա­բեր և մաս­­նա­վոր ներ­դրող­ների մոտ հետա­քրքրու­թյուն վայե­լող ոլորտ, և այս պարա­գա­յում պետական բյու­ջեի սահ­մա­նափակ հնարավորությունները բնակարանաշինու­թյամբ զբաղ­վող տնտե­սա­վա­րող սուբ­յեկտ­ներին աջակցության նպատակով օգտագործելը բյու­ջե­տային ծախսերի առաջ­նա­հեր­թու­թյուն­ների որոշման քաղաքականության տեսանկյունից հիմ­նա­վորված չէ։

Ավելին, համակարգի՝ ներկա առանձնահատկություններով գոյությունը նշանակում է պետա­­կան բյուջեից սուբսիդա­վոր­­ման ճանա­պար­հով շարունակել բուռն կեպով խթանել երկու ոչ արտա­հա­նելի՝ ֆինանսական և շինարա­րու­թյան ոլորտ­ների զարգացումը, ինչը համահունչ չէ ՀՀ կառա­­վա­րության որդեգրած՝ տնտե­սու­թյան արտա­­­­հանելի հատ­վածը խթանելու քաղաքականու­թյանը։

Այս առումով, պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետության հետ կապված հարկ ենք համարում ընդգծել, որ ներկա տնտեսական պայմաններում, առավել քան երբևէ, պետա­կան բյուջեի եկամուտների յուրաքանչյուր միավորի զիջումը կամ ծախսերի յուրա­քանչյուր միավորի ավելացումը պետք է ունենա առնվազն ներքոհիշյալ երեք հիմնական նպա­­տակադրում­ները՝

  • տնտեսական աճի նպաստում և հեռանկարայաին աճի կայուն հիմքերի ապա­հովում,
  • հանրային ծառայությունների մատուցման որակի կատարելագործման ապա­հո­վում,
  • առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծում։

Այդ կապակցությամբ, գտնում ենք, որ առավել նպատակահարմար է եկամտային հարկի վերա­դարձման համակարգի կիրառության վրա ծախսվող բյուջետային ռեսուրսներն ուղղել վերո­նշյալ 1-ին և 2-րդ նպա­տա­կադրումներին՝ առավել հասցեական և արդյունավետ ծրագ­րե­րում, ինչը տնտե­սական աճի նախադրյալներ ստեղ­ծելու ավելի մեծ ներուժ կունենա, իսկ վերջինս էլ իր հերթին ավելի դյուրին կդարձնի տարբեր բնույթի սոցիա­լական խնդիրների լուծումը:

Շատ կարևոր է նաև այն, որ եկամտային հարկի վերադարձման համակարգն, ըստ էության, պետք է ընկալվի ոչ թե որպես համակարգի շահառուներին տրամադրվող հար­կային արտո­նու­թյուն, այլ որպես սոցիա­լա­կան քաղաքականության շրջանակներում շահա­ռուներին տրամադր­վող բյուջե­տա­յին աջակ­ցու­թյուն, քանի որ համակարգի շահա­ռու­ներն ընդհանուր սահ­ման­ված կարգով հաշ­­վարկում և կատարում են եկամտային հարկի գծով իրենց հարկային պար­տա­վորու­թյուն­ները, որից հետո նոր միայն դիմում են պետական բյուջեից եկամտային հարկի գումարը հետ ստանալու համար: Հետևաբար, գտնում ենք, որ այս համակարգի կիրառության հարցը քննարկելիս անհրաժեշտ է համա­­կարգը դիտարկել բյուջետային գործ­ընթացի շրջա­նակ­նե­րում սոցիալական նշանա­կու­թյամբ պետական աջակցության ծրագ­րերի ընդհա­նուր համա­տեքս­­տում:

Այս կապակցությամբ, կարևորե­լով սահմանափակ բյուջե­տա­յին միջոցներն առա­վելագույն հաս­ցեա­կանությամբ և արդյունավե­տու­թյամբ օգտագործելու նպա­տակադրումը՝ գտնում ենք, որ համա­կարգի կիրա­ռու­թյան արդյունքում առա­ջացող՝ պետա­կան բյուջեի լրա­ցու­ցիչ ծախսերը հիմ­նա­վորվածու­թյան ու առաջնահեր­թու­թյունների առումով պետք է անպայ­մա­նո­րեն համա­դր­վեն միևնույն՝ սոցիա­լական ոլոր­տում այլ բյուջետային ծրագ­րերի շրջա­նակ­ներում կատար­­վող ծախ­­սերի հիմ­նա­­վոր­վա­ծու­թյան ու առաջնահեր­թու­թյուն­ների հետ:

Վերոգրյալի համատեքստում հարկ է նկատել նաև, որ 2015 թվականի ընթացքում վար­կա­ռու­ներին (համա­­վար­կառու­նե­րին) վերա­դարձ­վել է 273,9 մլն. դրամ, 2016թ.՝ 1.3 մլրդ. դրամ, 2017թ.՝ 2.4 մլրդ. դրամ, իսկ 2018թ.՝ 4,7 մլրդ․ դրամ, 2019թ․ 7,9 մլրդ դրամ, 2020թ․ 13,3 մլրդ․ դրամ, 2021թ․ 22,6 մլրդ․ դրամ, իսկ 2022թ․ 36,5 մլրդ․ դրամ, ինչը նշանակում է, որ եկա­մտա­յին հարկի վերա­դարձման համա­կարգի շրջանակներում պետա­կան բյուջեից կատարվող ծախ­սերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են, արդյունքում մեծ բեռ են պետական բյուջեի վրա: Բացի այդ, վերջին տարիներին աճել է նաև համա­կարգից օգտվող­ների քանակը։

Հատկանշական է նաև այն, որ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս խնդրո առարկա համակարգի կիրառության անժամկետ բնույթը չի խթանում, որպեսզի  համակարգից պոտենցիալ օգտվողները համակարգից օգտվելու իրենք իրավունքը ժամանակի մեջ իրացնեն ավելի տեսանելի ժամկետներում՝ կարճաժամկետ հեռանկարում:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ըստ մար­զերի և ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել հիպո­տե­կային վարկի սպա­սարկ­­ման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոս­ների գումար­­ների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­­կարգի կիրառության շրջա­նակը։ Մասնավո­րա­պես, նախագծով առա­ջարկ­վում է սահ­մանել, որ եկամտային հարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չէ՝
  • 2027 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաս­տատած ցանկում ներառված այդ մարզերի սահ­մանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,
  • 2029 թվականի հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացա­ռու­թյամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահ­մանամերձ բնակավայրերում գտն­վող կամ կառուցվող անշարժ գույքի.

Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով հիպո­տե­­­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­կան անձի վճա­­րած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը, տվյալ եռամսյակի որևէ ամսվա համար փաս­տացի կիրառ­ված հիպոտեկային վարկի տոկոսը ՀՀ կեն­տրո­­­նա­կան բանկի սահ­մանած վերաֆինանսավորման տոկո­սա­դրույքի և երկու տոկո­սա­յին կետի հանրագումարը գերա­­զան­ցելու դեպ­­քում, գերա­զանցող մասով չի վերադարձվում:

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիպո­տե­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճար­ված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­կարգի կիրա­ռու­թյան շրջանակն ու ժամկետներն են:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաս­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյու­ջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը,
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար,

լավարկվելու է հիպոտեկային վարկի տոկոսների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համակարգը և դրան հաղորդվելու է տարածքային համաչափ զարգացման և ավելի ընդգծված սոցիալական ազդեցության նշանակություն։

  • Քննարկվել է

    06.07.2023 - 21.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2542

Տպել

Առաջարկներ`

Հայկ Վարդանյան

07.07.2023

<<երկու տոկոսային կետի հանրագումարը գերազանցելու դեպքում, գերազանցող մասով չի վերադարձվում>> դարձրեք գոնե 4 տոկոսային կետ, այս տարվա կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5+2 % ցածր է, նպատակահարմար կլինի քաղաքացիների համար 10.5%+ 4 % , ռիսկերից երկու կողմնել կխուսափեն , ամեն դեպքում 14,5 % նորմալ տոկոսադրույքա

Տեսնել ավելին