Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

          «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է հարկային և մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

          2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը նույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն և կատարում է այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Նույն մասի 16-րդ կետի համաձայն ժամանակավոր թափուր պաշտոնը նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով թափուր պաշտոնն է:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվելու դեպքերը:

Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն նույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներն իրականացվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից կամ այդ պաշտոններն զբաղեցվում են նույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կամ հաշվի առնելով նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը՝ այդ պաշտոններն զբաղեցվում են մեկ այլ անձի հետ (այդ թվում՝ ռեզերվում գտնվող) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերության համաձայն նույն օրենքի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները):

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածների 2-րդ և 3-րդ մասերի համաձայն հարկային և մաքսային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն նույն օրենքներով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով, իսկ նշված օրենքներով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում, դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն հարկային ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը նույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է հարկային ծառայության պաշտոն և իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է հարկային ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Նույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են հարկային ծառայողներ:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են մաքսային ծառայողներ:

Վերոգրյալից հետևում է, որ «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված չեն ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման իրավահարաբերությունները կանոնակարգող դրույթներ, հետևաբար դրանք կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով։

Միաժամանակ, քաղաքացիական, հարկային կամ մաքսային ծառայության պաշտոն օրենքով սահմանված կարգով (այդ թվում ժամանակավոր) զբաղեցնող  անձինք համարվում են քաղաքացիական, հարկային կամ մաքսային ծառայողներ, այսինքն` համարվում են պետական ծառայողներ, իսկ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությունը չի տարածվում միայն պետական ծառայող չհանդիսացող ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վրա։

Այսպիսով, Նախագծերով նախատեսվում է սահմանել հարկային և մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման վերաբերյալ կանոնակարգումներ, մասնավորապես սահմանել, որ դրանք կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի կամ մեկ այլ անձի հետ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։

Արդյունքում ստացվում է, որ հարկային կամ մաքսային ծառայության պաշտոններ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` ժամանակավոր, զբաղեցնող անձինք հանդիսանում են պետական ծառայողներ, ուստի վերջիններիս վրա ևս կտարածվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությունը:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են Նախագծերը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը անմիջականորեն չի բխում ռազմավարություններից։

        6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

          Նախագծերի ընդունման արդյունքում հարկային և մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները կհամարվեն մաքսային կամ հարկային ծառայողներ և կկանոնակարգվեն այդ պաշտոնների զբաղեցման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    06.06.2023 - 21.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1551

Տպել