Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ) ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ) ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

      ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 2021-2026թթ. ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 4.6 բաժնի համաձայն Կառավարությունը նպատակադրել է մինչև 2026 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը։

Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 36.3-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև՝

  • գործող համակարգի վերլուծված հիմնախնդիրներով,
  • սոցիալական աջակցության ոլորտի զարգացման նոր նպատակադրումներով և առաջնահերթություններով, որոնք ձևակերպված են Կառավարության Ծրագրում, մասնավորապես՝ ծայրահեղ աղքատության թիրախավորմամբ և շահառուների տնտեսական ակտիվության խթանման անհրաժեշտությամբ,
  • անապահովության գնահատման համար ներկայումս օգտագործվող մոտարկված ստուգման մեթոդի խնդիրների հաղթահարման հրամայականից ելնելով՝ դրա փոխարինման անհրաժեշտությամբ։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Առկա է գործող համակարգի հասցեականության՝ ներառման սխալի էական խնդիր: Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (այսուհետ՝ ԸԿԲՈՒՆ) նպատակն անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելն է։ Գործող համակարգի թիրախը անապահով կամ աղքատ բնակչությունն է, սակայն Կառավարության Ծրագրի առաջնահերթ թիրախը ծայրահեղ աղքատ բնակչությունն է։

Խնդրահարույց է ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս մոտեցման վրա հիմնված ԸԿԲՈՒՆ-ի հասցեականության և արդյունավետության գնահատումը՝ ինչքանո՞վ հասցեական են ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստները ներկայումս տրամադրվում անապահով, այսինքն՝ աղքատ և հատկապես ծայրահեղ աղքատ բնակչությանը և ի՞նչ ազդեցություն են դրանք ունենում նրանց կենսամակարդակի բարձրացման վրա։

Եթե դիտարկենք գործող համակարգի հասցեականությունն ըստ բնակչության դրամական եկամուտների դեցիլային խմբերի, ապա նպաստառու բնակչության ընդամենը 50.3 տոկոսը 2019թ.-ին եղել է նախանպաստային բնակչության ամենաաղքատ 20 տոկոսից։ Բնակչության ամենաաղքատ 20 տոկոսին է ուղղվել ԸԿԲՈՒՆ-ով բնակչությանը հատկացված գումարների 50.6 տոկոսը։

Անապահովության գնահատման բանաձևի մեջ ներառված անուղղակի ցուցանիշների կշիռները գերակշռորեն սահմանվում են ինտուիտիվ կերպով և ընտանիքներն անապահովության շատ ավելի մեծ միավոր են ստանում ելնելով ընտանիքի անդամների սոցիալական կարգավիճակից՝ դրանց եկամուտների իրական մակարդակի հետ կապված միավորի համեմատ, ինչը հնարավոր է դարձնում աղքատության գծից բավական բարձր շնչային եկամուտ ունեցող ընտանիքներին նպաստի իրավունք տալը (օրինակ՝ միայնակ չաշխատող կենսաթոշակառու կարգավիճակ ունենալը ապահովում է համակարգում ընդգրկում մինչև անգամ 109,000 դրամ ամսական եկամուտ ունենալու դեպքում, ինչը գերազանցում է աղքատության միջին գիծը 2.5 անգամ, իսկ պարենային գիծը՝ 4.5 անգամ)։ Արդյունքում համակարգն ավելի է կարևորում ըստ սոցիալական կարգավիճակի ինտուիտիվ խոցելիությունը, քան իրական եկամուտներն ու կենսամակարդակը։

Ելնելով վերոգրյալից, կարելի է առանձնացնել անապահովության գնահատման գործող համակարգի վերաբերյալ հետևյալ հիմնախնդիրները`

  • ցածր հասցեականություն՝ աղքատ, ինչպես նաև ծայրահեղ աղքատ բնակչության ներառման տեսանկյունից,
  • ներառման սխալ. շահառուն կարիք չունի, աղքատ կամ կարիքավոր չէ, բայց ծրագրում ընդգրկվել է,
  • բացառման սխալ. աղքատ կամ կարիքավոր ընտանիքները կամ անձինք ընդգրկված չեն ծրագրում (այդ ընտանիքների կամ անձանց տվյալները չեն բավարարում տվյալ ծրագրի համար սահմանված պահանջներին),
  • անապահովության գնահատման բանաձևում ընտանիքի անդամների սոցիալական կարգավիճակի վրա հիմնված խոցելիության գնահատման գերագնահատում, ինչն առաջ է բերում ընտանիքների եկամուտների գնահատականի երկրորդայնություն և այդ պատճառով՝ նպաստի իրավունք ստանալու անհավասար պայմաններ,
  • աշխատունակ բնակչության երկարաժամկետ ներառում պասիվ նպաստի համակարգում,
  • արդիական տեղեկատվական համակարգի բացակայություն և սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական շտեմարանների և արտաքին վարչական շտեմարանների հետ ավտոմատացված փոխգործելիության թույլ մակարդակ:

 3. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի նպատակը Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է և աղքատության կրճատմանն օժանդակելն է՝ նոր մեթոդի կիրառմամբ:

ՀՀ վարչապետի 29.09.2021թ․ N 1082-Ա որոշմամբ, անապահովության (սոցիալական) գնահատման համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նոր համակարգի ներդրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից որպես անապահովության գնահատման նոր համակարգի հիմք ընտրվել է ընտանիքի միջոցների Հիբրիդային ստուգման մեթոդը, որը ենթադրում է անցում ընտանիքի  տնօրինվող եկամուտների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը (հեշտ ստուգվող եկամուտների ստուգման, իսկ դժվար ստուգվող եկամուտների դեպքում՝ դրանց վերագրման միջոցով)։ Որպես անապահովության գնահատման նոր համակարգի թիրախ վերցվում են մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղից ցածր տնօրինվող ամսական եկամուտներ ունեցող՝ եկամտային (և ունեցվածքի) հիմքով ծայրահեղ աղքատ ընտանիքները։

Գնահատման նոր համակարգում անցումը Հիբրիդային մեթոդին ենթադրում է անցում ընտանիքի տնօրինվող եկամուտների և ակտիվների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը։ Այս մեթոդի համաձայն նպաստի իրավունք ստանում են այն ընտանիքները, որոնց տնօրինվող եկամուտները չեն գերազանցում որոշակի նախօրոք սահմանված շեմը՝ բացառող գործոնների (զտիչների) բացակայության դեպքում:

Նոր համակարգը նախատեսում է երաշխավորված նվազագույն եկամտի ապահովման քաղաքականությունը, որտեղ երաշխավորված նվազագույն եկամուտ կամ նպաստի իրավունքի շեմ է սահմանվում նախորդ տարվա 3–րդ եռամսյակի համար վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկվող պարենային զամբյուղի արժեքը, ինչը թույլ կտա հաղթահարել ծայրահեղ աղքատությունը։

Այսպիսով, ընտանիքների համար հաշվարկվում է նպաստի բազային մաս, որով լրացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամին առնվազն մեկ պարենի զամբյուղի դրամական արժեքին հավասար գումար, իսկ աշխատանքային պոտենցիալի ցածր մակարդակ ունեցող ընտանիքներին՝ նաև հավելում։ 

4. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են անապահովության գնահատման նոր համակարգի, դրա հիմքում դրված մոդելի և անապահովության հիմքով նշանակվող նպաստի հետ կապված հարաբերությունները:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է՝

  • Ընտանիքների անապահովության գնահատման նոր, ներկա սոցիալ- տնտեսական իրավիճակին և միջազգային պրակտիկային համահունչ մեթոդի կիրառում,
  • Գնահատման համակարգի հիման վրա տրամադրվող նպաստների և սոցիալական աջակցության հասցեականության ու արդյունավետության բարձրացում,
  • Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքների) համար մեկնարկային հավասար հնարավորությունների ստեղծում և հրատապ արձագանքի համակարգի արդյունավետություն,
  • Աշխատունակ շահառուների տնտեսական ակտիվության խթանում,
  • Օժանդակություն՝ ոչ դրամական սոցիալական ծառայությունների միջոցով կարիքի համալիր արձագանքման համակարգի ներդրմանը,
  • Անապահովության գնահատման տեղեկատվական համակարգի արդիականացում և սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական շտեմարանների և արտաքին վարչական շտեմարանների հետ ավտոմատացված փոխգործելիության մակարդակի բարձրացում,
  • ՄՍԾ տարածքային կենտրոնների աշխատողների գործառույթներում վարչարարության և մասնագիտական աշխատանքի տարանջատում՝ միաժամանակ զբաղվածության ծրագրերի և սոցիալական աջակցության ընթացակարգերի ինտեգրում,
  • Գնահատման նոր համակարգով նպաստի տրամադրումը պետք է դիտարկվի որպես «վերջին հանգրվանի» ծրագիր, ինչը նշանակում է, որ կիրառվել են ընտանիքի անդամների ակտիվացման հնարավոր բոլոր միջոցները և ընտանիքը ստացել է սոցիալական կարիքների համալիր արձագանք,
  • Բնակչության իրազեկվածության բարձրացում,
  • Վարչական տվյալների շտեմարանների բարելավում և փոխգործելիության ապահովում,
  • Դրամական աջակցությունից զատ սոցիալական ծառայությունների տրամադրման բարելավում, այդ թվում նոր սոցիալական ծառայությունների ներդրում։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հետ կապված հաշվարկները կներկայացվեն անապահովության գնահատման նոր համակարգի կիրարկման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման ժամանակ և հաշվարկնեերը կվերաբերեն 2024թ-ից հետո ընկած ժամանակահատվածին։

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության Ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6-րդ ենթակետի երկրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական:

  • Քննարկվել է

    05.06.2023 - 21.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2551

Տպել