Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

         

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունումն ունի գործնական կարևոր նշանակություն։ Հաշվի առնելով արարողակարգային նպատակահարմարությունը, ինչպես նաև միջազգային փորձը՝ առաջարկվում է նախագծով սահմանված պաշտոնյաներին ազատել սահմանային անցման կետերում նույնականացման գործընթացն անձամբ անցնելու, իրենց և իրենց անձնական ուղեբեռի անվտանգության ստուգման և զննման պահանջից։ Իրավական ակտի բացակայությամբ պայմանավորված՝ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստիպված են լինում անցնել իրենց և իրենց անձնական ուղեբեռի անվտանգության ստուգում և զննում, անձամբ ներկայանալ սահմանապահին, անցնել նույնականացման գործընթաց, պատասխանել սահմանապահի հարցերին, ինչը հաճախ պատվիրակությունների համար դժգոհության առիթ է հանդիսանում: Բացի այդ, շատ երկրներում՝ օտարերկրյա և ՀՀ պատվիրակությունները ազատվում նման պահանջից, և Հայաստանի Հանրապետություն ժամանելիս ակնկալում են կիրառել փոխադարձության սկզբունք։

Խուսափելու համար նման իրավիճակից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը, յուրաքանչյուր այցից առաջ առանձին գրություն է ուղարկում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին՝ խնդրելով ազատել պատվիրակությանը կամ ղեկավարին սահմանային անցման կետերում նույնականացման գործընթացն անձամբ անցնելու պահանջից, իսկ «Զվարթնոց» օդանավակայան հասցեագրված գրությամբ՝ նաև պատվիրակության ղեկավարի անձնական ուղեբեռի անվտանգության ստուգման և զննման պահանջից։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի կանոնակարգել պետական սահմանի հատման կարգը և ցուցաբերել համակարգային մոտեցում։

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ժամանելիս օտարերկրյա պատվիրակությունների անդամներին ազատել նույնականացման գործընթացն անձամբ անցնելու, ինչպես նաև իրենց ձեռքի իրերի, ուղեբեռի անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից։ Նախագծի հավելվածի 2-րդ կետով նույնականացման գործընթացն անձամբ անցնելու պահանջից առաջարկվում է ազատել նաև որոշ ՀՀ պաշտոնատար անձանց և Ամենայն հայոց կաթողիկոսին, քանի որ վերջիններս՝ ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի N 944-Ն և 2003թ. հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշումների համաձայն՝ ազատվում են նաև օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողությունից և անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից։

 

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

 

  1. 4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

          Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Քննարկվել է

    31.05.2023 - 15.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջազգային հարաբերություններ

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2401

Տպել