Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառհատման, ՀՀ Կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերի հաճախակիության հետ: Նախագծերի մշակումը իրականացվել է նաև 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՀ կառավարության նիստի N 29.6/[425529]-17 արձանագրության 1-ին կետի 3-րդ ենթակետի և 2017 թվականի հոկտեմբերի 26-ի մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի նիստի N 16.3/426692/ արձանագրության 8-րդ կետի հանձնարարականների կատարման շրջանակում: <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծում միավորվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունները: <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծով միավորվել են ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունները:

Ներկայումս քննարկվող ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր խմբագրությամբ ներկայացված  նախագծերում ևս ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագիծը ներկայացվել է հետևյալ հիմնավորմամբ՝ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Սահմանադրական այս իրավունքը զերծ չէ տարաբնույթ ոտնձգություններից, սակայն պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ պաշտպանելու շրջակա միջավայրը և ապահովել անվտանգ շրջակա միջավայր մարդկանց համար:

Էկոլոգիական իրավունքի առավել կոպիտ և վտանգավոր խախտումները հանդիսանում են հանցագործություններ և պատժելի են անգամ ազատազրկման ձևով պատիժներով՝ հիմք ընդունելով էկոլոգիական իրավունքի խախտման առկա և նախատեսվելիք հետևանքները, դրա ազդեցությունը մարդկանց և ազգաբնակչության առողջության վրա:

Ելնելով մարդկանց, հասարակության, պետության համար պատշաճ բնական միջավայրի պահպանության անհրաժեշտությունից, և այն փաստից, որ շրջակա բնական միջավայրը չի ճանաչում պետական սահմաններ, պետությունները պարտավոր են պատշաճ ուշադրություն դարձնել բուսական աշխարհի պաշտպանությանը: Առկա գլոբալ բնապահպանական հարցերն (կլիմայի փոփոխություն, օզոնային շերտի քայքայում, կենսաբանական բազմազանության կրճատում) արդեն իսկ բացասական են ազդում մարդկանց առողջության և անվտանգության վրա, հետևաբար մարդու գործունեությամբ պայմանավորված բացասական ազդեցությունը նվազեցնելուն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը խիստ արդիական է և անհրաժեշտ:

Էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարն իրականացվում է 4 ուղղություններով՝

1 . կանխարգելիչ գործողությունների իրականացում,

2 . բուսածածկի և էկոհամակարգերի պաշտպանություն,

3 . արդյունավետ պատժիչ քաղաքականության իրականացում,

4 . համագործակցություն:

Սույն Նախագծով առաջարկվող լուծումները հանգեցնում են արդյունավետ պատժիչ քաղաքականության իրականացմանը:

Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայր եվրոպայի համար» 23-25 հունիսի 1998 թվականի (Օրհուս, Դանիա) նախարարների չորրորդ կոնֆերանսում էկոլոգիական քաղաքականության հանձնաժողովի կողմից ներկայացվել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Կոնվենցիան[1], որտեղ հանգամանալից անդրադարձ է կատարվում շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, բարելավման և կայուն ու էկոլոգիապես անվտանգ զարգացումն ապահովելու անհրաժեշտությանը: Միաժամանակ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր Կողմ ընդունում է անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող և այլ միջոցներ, ներառյալ միջոցներ` ուղղված սույն կոնվենցիայի տեղեկատվության մատչելիությանը, հասարակայնության մասնակցությանը, արդարադատության մատչելիության դրույթների իրականացումը կարգավորող նորմերի համատեղելիությանը, ինչպես նաև պատշաճ միջոցներ՝ ուղղված այդ դրույթների կիրառման ապահովմանը` սույն Կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիայի նպատակով` հստակ, թափանցիկ և համաձայնեցված դաշտ ձևավորելու համար:

«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին» 19.09.1979 թվականին Բեռնում ընդունված կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 01.08.2008 թվականին[2], ևս նախատեսում է բնական միջավայրի պահպանության վերաբերյալ նորմեր: Մասնավորապես՝ նշված Կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի համապատասխան և անհրաժեշտ օրենսդրական ու վարչական միջոցներ` 1-ին հավելվածում նշված վայրի ֆլորայի տեսակների հատուկ պահպանությունն ապահովելու նպատակով: Պետք է արգելվի նման բույսերը դիտավորությամբ պոկելը, հավաքելը, կտրելը կամ արմատախիլ անելը:

Պետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացումը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ այդ գործընթացին լիարժեքորեն ներգրավված են և՛ պետությունը, և՛ հասարակությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանումՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների վերացման համար սակայն այդ հոդվածի սանկցիան համահունչ չէ դիսպոզիցիայում նկարագրված գործողությունների բնույթին: Կրկնակի խստացվել է 295-րդ հոդվածի սանկցիան:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար, սակայն այդ հոդվածի մասերի սանկցիան համահունչ չէ դիսպոզիցիայում նկարագրված գործողությունների բնույթին և ծանրության աստիճանին:

Մասնավորապես՝ անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում, հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար, եթե այդ գործողություններն զգալի վնաս (ներկա դրությամբ՝ 200.000-400.000 ՀՀ դրամ) են պատճառել, նախատեսված են մեղմ պատիժներ`

  1. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով,
  2. որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել՝ առավելագույնը երեք տարի ժամկետով,
  3. կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ծանրացնող հանգամանքների դեպքում, երբ արարքը կատարվել է՝ 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2) բնության հատուկ պահպանվող տարածքներում, 3) խոշոր վնաս պատճառելով 4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ (ներկա դրությամբ՝ 400.000-700.000 ՀՀ դրամ)` պատիժները նույնպես մեղմ են.

  1. տուգանք` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով,
  2. կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով,
  3. ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Եթե քննարկվող հանցագործությունն առաջացրել է առանձնապես խոշոր վնաս (ներկա դրությամբ՝ 700.000 ՀՀ դրամից ավել գումար), ապա պատիժներն են`

  1. կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով,
  2. ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ 400.000 ՀՀ դրամի չափով վնաս պատճառած անձի նկատմամբ կարող է կիրառվել տուգանք՝ 500.000 ՀՀ դրամի չափով, և կհամարվի, որ պետությունը կատարել է իր պատժիչ քաղաքականությունն, ավելին՝ ապահովել է մարդու իրավունքների պաշտպանության՝ իր պոզիտիվ պարտականությունը: Սակայն պատիժն ակնհայտ համարժեք չէ կատարված արարքի ծանրությանը և վտանգավորությանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ վիճակագրությունը նույնպես վկայում է նրա տարածվածության մասին, ինչը հնարավոր է պայմանավորված լինի նաև մեղմ պատիժներով, որոնք չունեն բավարար կանխարգելիչ ազդեցություն:

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեում 2015թ.-ին շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների (281-298-րդ հոդ.) դեպքերով քննված գործերից դատարան է ուղարկվել 18 քրեական գործ, որից 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով, իսկ 2016թ.-ին՝ համապատասխանաբար 12 և 6: Ինչպես երևում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տեսակարար կշիռը շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվի մեջ և՛ 2015թ.-ին, և՛ 2016թ.-ին, կազմում է 50%:

Կարճված քրեական գործերի վերաբերյալ վիճակագրությունը հետևյալն է. 2015թ.-ին շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քննված գործերից կարճվել է 39 քրեական գործ, որից՝ 13-ը ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով, իսկ 2016թ.-ին՝ համապատասխանաբար 29 և 22: Ինչպես երևում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տեսակարար կշիռը շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվի մեջ (կարճումների համատեքստում) նույնպես բարձր է և կազմում է 2015թ.-ին՝ 33%, իսկ 2016թ.-ին՝ 76%:

Քննարկվող հանցագործության համար խիստ պատիժներ նախատեսված են ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում, մասնավորապես՝ 363-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է նաև ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ ծանրացնող հանգամանքների դեպքում նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ինչպես երևում է վերոգրյալից՝ կարելի է եզրակացնել, որ օրենսդիրը հետագայում այս արարքները կատարելու համար, նախատեսում է ավելի խիստ պատիժ սակայն հաշվի առնելով հարցի կարևորությունը գլոբալ և տեղային մակարդակներում, անհրաժեշտ է հարցը կարգավորել՝ գործող օրենսդրության մեջ փոփոխություն կատարելով:

Քննարկվող հանցագործությունը նախատեսված է նաև այլ երկրների օրենսդրություններում, որտեղ պատժիչ քաղաքականությունն ավելի խիստ է, քան ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ նախատեսվածը: Այսպես.

Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի[3] 277-րդ հոդվածը սահմանում է ծառերի, թփերի ապօրինի հատման վերաբերյալ հատուկ դրույթ՝ նախատեսելով խիստ պատիժ, ընդհուպ ազատազրկում՝ հինգ տարի ժամկետով:

Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի[4] 246-րդ հոդվածը սահմանում է ապօրինի անտառահատման վերաբերյալ հատուկ դրույթ, նախատեսելով պատիժ ազատազրկում՝ երեք տարի ժամկետով: Սակայն, Ուկրաինայի Հանրապետության Գերագույն սայդայում[5] առկա (մշակված՝ 29.11.2016թ-ին) թիվ 5471 նախագծի համաձայն, մի շարք օրենքներում նախատեսվում է կատարել փոփոխություններ, որոնք վերաբերում են անտառահատումներին, էկոլոգիական արտակարգ իրավիճակների առաջացմանը: Այդ նախագծով գործող օրենսդրությամբ սահմանված պատժատեսակներն ավելի են խստացվում՝ նախատեսելով անտառահատումների, էկոլոգիական արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերով հանցագործությունների համար ազատազրկում՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Լատվիայի Հանրապետության քրեական օրենսգրքի[6] 109-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն ծառերի հատման և վնասման համար՝ նախատեսելով ավելի խիստ պատիժներ, ընդհուպ ազատազրկում՝ վեց և տաս տարի ժամկետներով:

Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի[7] 260-րդ հոդվածը սահմանում է խիստ պատասխանատվություն՝ անտառային տնկիների հատման համար, և 2-րդ մասում նախատեսում է ծանր հանգամանք՝ պատիժ՝ արարքը մի խումբ անձանց կողմից կատարելու համար, որը առկա չէ Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսդրությունում:

Մի խումբ անձանց կողմից հանցանքը կատարելու հանգամանքի ծանրացնող լինելն ակնհայտ է, առավել ևս, որ գործնականում անձը միանձնյա հազվադեպ է կատարում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված արարքն, առավել ևս, երբ այն իրականացվում է մեծ ծավալներով ծառեր հատելով: Հանցանքը խմբի կողմից նախնական համաձայնությամբ կատարելը հանցակցության առավել տարածված ձև է և այս հանգամանքի լրացումը պայմանավորված է նրանով, որ խմբի անդամները նախապես համաձայնության են գալիս հանցագործության կատարման համար, և մասնակցում են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչև հանցագործությունը սկսելը, պայմանավորվել են անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում՝ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու մասին:

Շահադիտական դրդումը շահ ստանալու, որոշակի նյութական արժեքներ ձեռք բերելու կամ որևէ այլ նյութական օգուտ քաղելու ձգտումն է: Շահադիտական դրդումներով անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում՝ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու դեպքում, հանցավորը կատարում է գործողություն, որի շարժառիթը նրա կամ այլ անձանց համար նյութական որևէ օգուտ ստանալու կամ նյութական որոշակի ծախսերի կատարումից ազատվելու ձգտումն է: Տվյալ դեպքում, փաստորեն, նյութական արժեքները հանցավորի կողմից ավելի բարձր են դասվում, քան շրջակա միջավայրը, և վերջինս հանցանքը կատարում է ոչ թե իր անձնական կարիքներից ելնելով, այլ՝ շահ հետապնդելով: Սրանով էլ պայմանավորված է քննարկվող հանցագործության՝ շահադիտական դրդումներով կատարելու հանգամանքի հանրային առավել մեծ վտանգավորությունը:

Քննարկվող հանցագործությունն էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կատարելը որպես ծանրացնող հանգամանք դիտելը պայմանավորված է նրանով, որ վերը նշված արտակարգ իրավիճակներում առավել կարևորվում է շրջակա միջավայրի պաշտպանությունը և մարդու իրավունքների ապահովումը:

Քանի որ Նախագիծը կազմվել է պատիժների տեսակների և չափերի համաչափության համատեքստում, ուստի առաջարկվում է փոփոխության ենթարկել նաև քննարկվող հանցագործության հարակից հանցագործության՝ անտառներ ոչնչացնելու կամ վնասելու համար նախատեսված սանկցիաները: Մասնավորապես՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում տուգանքի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով (գործող խմբագրությամբ նախատեսված է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափը), իսկ ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (գործող խմբագրությամբ նախատեսված է առավելագույնը երկու տարի ժամկետ):

   

ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան համաչափորեն խստացվում է և առաջարկվում է սահմանել հետևյալ կերպ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա (գործող խմբագրությամբ նախատեսված է ազատազրկում՝ երեքից ութ տարի ժամկետով):

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծով խստացվել են 295-րդ, 296-րդ և 297-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները: <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծով օրենսգրքի 64-րդ, 65-րդ, 66-րդ, 68-րդ, 69-րդ, 73-րդ, 74-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 79.1-րդ, 85.2-րդ, 90-րդ, 91-րդ 93-րդ,94-րդ հոդվածներում խստացվել են պատասխանատվությունների չափը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

 

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

 

Նախագծերի ընդունման արդյունքում անտառային տարածքներում, ինչպես  հատումներն արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները  հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար կնախատեսվեն ավելի խիստ պատիժներ և պատասխանատվություններ և պետությունը կապահովի մարդու իրավունքների պաշտպանության՝ իր պոզիտիվ պարտականությունը:

Բացի այդ, նախագծերի ընդունմամբ կստեղծվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ՝ ապահովելով էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարի քառաստիճան համակարգի կետերից յուրաքանչյուրի իրականացումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.11.2017 - 18.12.2017

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9111

Տպել

Առաջարկներ`

Կանանց աջակցման կենտրոն

30.11.2017

1. Առաջարկում ենք Նախագծի 71-րդ հոդվածից պատիժը մեղմացնող հանգամանք հանդիսացող հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաբարոյական վարքագծի ազդեցության տակ կատարելու նախապայմանը հանել, քանի որ այն հակասում է <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի տրամաբանությանը և ընդունման գաղափարախոսությանը: Նման մեղմացնող հանգամանքի նախատեսումը իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել ընտանեկան բռնության իրավահարաբերությունների դաշտում կատարվող հանցագործությունների մասով ոչ համաչափ պատիժների նշանակմանն, ինչն իր հերթին կարող է խթանել նման հանցագործությունների աճը: 2. Որպես պատիժը ծանրացնող առանձին հանգամանք առաջարկում ենք նախատեսել հանցանքը ընտանիքի անդամի նկատմամբ կատարելը, քանի որ ներկայումս հանցավոր բնույթի մի շարք արարքներ կատարվում են անմիջականորեն ընտանիքի ներսում՝ ընտանիքի անդամի նկատմամբ: Սակայն գործող քրեական օրենսգրքով նման ծանրացնող հանգամանքի կամ որևէ հանցագործության մասով որակյալ հատկանիշի բացակայությունը պատճառ է հանդիսանում արարքի ոչ ճիշտ որակման և ոչ համարժեք պատժամիջոցների նշանակման համար՝ արդյունքում նպաստելով ռեցիդիվի բարձր մակարդակին: 3. Նշված հիմնավորումներից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծի 74-րդ հոդվաից ևս հանել տուժողի հակաբարոյական վարքագծի մասին նախապայմանը: 4. Որպես հանցագործության որակյալ հատկանիշ առաջարկում ենք ընտանիքի անդամի նկատմամբ կատարված լինելու պայմանը նախատեսել մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունների, առողջության դեմ ուղղված հանցագործությունների, կյանքը և առողջությունը վտանգող հանցագործությունների, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների գլուխներում՝ ընտանեկան բռնության հանցագործությունների դեմ արդյունավետ պայքար իրականացնելու և այդ հանցագործությունները կանխարգելելու նպատակով: Նոնա Գալստյան Փաստաբան Կանանց աջակցման կենտրոնի

Տեսնել ավելին