Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Առկաիրավիճակը և կարգավորման ենթակա խնդիրների սահմանումը

 

2022 թվականին լրացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնադրման 25 ամյակը։ Խրթին, ռեֆորմներով լի և եռանդուն 25 ամյա գործունեության շնորհիվ Հանրապետությունում միջազգային առաջավոր փորձին համահունչ ձևավորվեց ու կայացավ անկախ տնտեսական կարգավորման ինստիտուտը: Սկզբնապես այն ներդրվեց բնակչության կենսապահովման համար համակարգաստեղծ նշանակության էներգետիկայի բնագավառում, երբ 1997 թվականին ստեղծվեց ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը։

Նորանկախ հանրապետության համար այդ վճռորոշ փուլում հանձնաժողովին էր վերապահված էներգետիկայի բնագավառում արմատական բարեփոխումների իրականացման պատասխանատվությունը, ուստի ստեղծման առաջին իսկ օրվանից վերջինս իր ջանքերն ուղղեց ոլորտի հիմնական իրավակարգավորումների սահմանմանը, որոնք միտված էին ապահովելու հանրապետության էներգետիկ անվտանգությունը, խթանելու տեղական էներգետիկական պաշարների և էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործումը, երաշխավորելու սպառողներին էլեկտրական, ջերմային էներգիայի, բնական գազի հուսալի ու անվտանգ մատակարարումը, նպաստելու մրցակցային միջավայրի ձևավորմանը, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և այլն։

Հանձնաժողովը կարճ ժամանակամիջոցում ձևավորվեց որպես ռազմավարական նշանակության և բնակչության կենսապահովման կարևորագույն ոլորտները կարգավորող հեղինակավոր մարմին՝ արժանանալով նաև միջազգային գործընկերների վստահությանը: Այդ է վկայում նաև տարբեր փուլերում հանրային նշանակության այլ ոլորտների, այդ թվում՝ ջրային համակարգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի ներառումը հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում։ Հանձնաժողովի, որպես բազմաֆունկցիոնալ տնտեսական կարգավորողի, գործառույթները ներկայումս ընդգրկում են ՀՀ էներգետիկ, ջրային, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտները, ինչպես նաև մասնակիորեն՝ փոստային կապի (փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների մասով),  երկաթուղային տրանսպորտի (ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման և հաստատման մասով), տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման (սակագների մասով) բնագավառները:

Անկախ կարգավորման ինստիտուտի կայացման և հանձնաժողովի արդյունավետ գործունեության խոսուն վկայությունը արձանագրված այն ձեռքբերումներն են, որոնք իրողություն դարձան հանձնաժողովի կողմից կարգավորվող ոլորտներում կայուն, առաջանցիկ զարգացում ապահովող և ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման պայմաններում։ Այսպես․

  • 2002-2004 թվականներին մեկնարկեցին էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքային բարեփոխումները՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցում, միասնական գնորդ-վաճառողի մոդելի ներդրում, արտադրող-բաշխող ուղիղ պայմանագրային հարաբերությունների հաստատում,
  • էլեկտրաէներգետիկական համակարգում ներդրվեց դրամական հոսքերի վերահսկում՝ հատուկ հաշվի մեխանիզմի կիրառմամբ։ Այն մինչ օրս ապահովում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 100% երաշխավորված վճարումներ համակարգի ընկերություններին,
  • փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանվեցին հաստատուն երկարաժամկետ սակագներ՝ համապատասխան ճշգրտման մեխանիզմներով, ինչը նվազագույնի հասցրեց ներդրողների համար կարգավորման ռիսկերը։ Արդյունքում, 2023-ի թվականի հունվարի դրությամբ գործում են թվով 189 փոքր հիդրոէլեկտրակայաններ՝ 2003-ին դրանց թիվը 29 էր,
  • արևային էներգետիկայում նախաձեռնվեցին բարեփոխումներ, որոնք արձանագրեցին զարգացման մեծ տեմպեր։ Արդյունքում, 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործվում են 60 և կառուցվում 7 էլեկտրակայաններ՝ ընդհանուր 285,4 ՄՎտ հզորությամբ։ Կառուցվող չորս կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան տրամադրվել է առանց «Էներգետիկայի մասին» օրենքով նախատեսված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի։

Ինքնավար էներգաարտադրությանն առնչվող կարգավորումների ներդրման և շարունակական կատարելագործման արդյունքում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ բաշխման ցանցին են միացված շուրջ 10280 ինքնավար էներգաարտադրողներ՝ 197 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, ընդ որում, 2018 թվականին նշված էներգաարտադրողների թիվը կազմել է 784 ինքնավար արտադրող՝ ընդհանուր 9,1 ՄՎտ հզորությամբ։ Ձևավորվել են նաև տարբեր արտադրողներից և սպառողներից կազմված 15 ինքնավար խմբեր, ևս 19 սպառողներ օգտվում են էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու հնարավորությունից,

  • ներդրումների երաշխավորված վերադարձն ապահովող մեխանիզմները հանգեցրեցին Հայաստանի ավելի քան 96%-ի գազաֆիկացման,
  • Կառավարության հետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ մինչև 2031 թվականը ապահովել խմելու ջրի հնարավորինս կայուն և կանխատեսելի սակագներ,
  • Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Էլեկտրական ցանցերին միացում» ցուցիչով 2012-ին Հայաստանը 190 երկրների շարքում 150-րդն էր, իսկ 2019-ին՝ արդեն 17-րդը,
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ծախսերի օպտիմալացմանն ու էլեկտրաէներգիայի կորուստների կրճատմանն ուղղված խթանիչ-թիրախային սակագնային կարգավորման արդյունքում 2021 թվականի սակագները հաշվարկելիս նշված ընկերության ծախսերը կրճատվեցին շուրջ 11,5 մլրդ դրամով,
  • Հանձնաժողովի նախաձեռնած աստիճանական ազատականացման գործընթացն ապահովեց հեռահաղորդակցության շուկայում առողջ մրցակցություն և բազմաթիվ օպերատորների մուտք։ Մրցակցության երաշխավորման ապահովման նպատակով կանոնակարգվեց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցումը,
  • Հայաստանի բոլոր բնակավայրերը ապահովվեցին շարժական կապի 2G, 3G և 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով։ Հայաստանի բոլոր բնակավայրերն ապահովվեցին լարային և անլար տեխնոլոգիաների կիրառմամբ հանրային հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետ ծառայությունների հասանելիությամբ,
  • 2014 թվականից գործարկվեց շարժական կապի օպերատորների հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունը։ Ապահովվեց համընդհանուր հասանելիությունը դեպի արագ արձագանքման 911 ծառայություն և ներդրվեց բաժանորդների տեղորոշման համակարգ։ Քայլեր ձեռնարկվեցին հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հուսալիության ու անվտանգության ապահովման համար,
  • կարգավորումից սկսած միջազգային IP հոսքերի թողունակությունն աճեց 14800 անգամ, գինը նվազեց ավելի քան 10 հազար անգամ։ 2008-2021թթ․ ընթացքում լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թվաքանակը աճեց՝ 13800-ից դառնալով ավելի քան 3 միլիոն։ Օգտագործման ծավալները 2015-2021թթ․ ընթացքում աճեցին ավելի քան 7 անգամ,
  • 2018, 2021 թվականներին օրենսդրական ընդգրկուն փաթեթների ընդունմամբ մեկնարկեց հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացման նոր շրջափուլը, այդ թվում՝ 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով նախատեսված ինքնավար մարմնի կարգավիճակի և անկախության որոշակի երաշխիքների ամրագրման մասով։ Միաժամանակ, գործարար միջավայրի բարելավման նպատակով էապես պարզեցվեց վարչարարությունը, ներդրվեցին սպառողների իրավունքների պաշտպանությունն ապահովող հստակ կառուցակարգեր,
  • Բյուջետային մուտքեր և ներդրումներ․ hիմնադրումից ի վեր հանձնաժողովն ապահովել է շուրջ 123 միլիարդ դրամի մուտք պետական բյուջե: Ավելի քան 1.5 տրիլիոն դրամի ներդրումներ են կատարվել էներգետիկայի բնագավառում, ավելի քան 640 միլիարդ դրամ՝ հեռահաղորդակցության ոլորտում,
  • 2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման արդյունքում, ամբողջովին կարգավորվող մոդելից անցում կատարվեց նոր՝ առավել ազատական մոդելի։ Ռեֆորմի շրջանակում ոլորտում ներդրվեցին մրցակցային շուկայի բաղադրիչներ՝ միտված մենաշնորհը մրցակցությամբ փոխարինելուն, մրցակցային պայմաններով նոր մասնակիցների մուտքը էլեկտրաէներգետիկական շուկա ապահովելուն, երկարաժամկետ պլանավորումը լավարկելուն և համակարգում առաջացած շեղումների համար պատասխանատվության արդարացի մեխանիզմ ներդնելուն, սպառողներին էլեկտրական էներգիայի մրցակցային մատակարարներին ընտրելու հնարավորություն ընձեռելուն, այլ երկրների հետ էլեկտրական էներգիայի առևտուրը խթանելուն և այլն։

          Բարեփոխումների շրջանակում իրականացված հսկայածավալ և բազմապրոֆիլ աշխատանքների արդյունքում մշակվեցին և ընդունվեցին շուկայի ներկայիս մոդելի հիմքում ընկած հիմնական կարգավորող իրավական ակտերը՝ «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունները, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները և պայմանագրերը, էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի կանոնները և պայմանագրերը, հաղորդման ցանցի կանոնները, բաշխման ցանցի կանոնները։

          Ռեֆորմը շուկայի բոլոր մասնակիցներին, առաջնահերթ սպառողներին, ընձեռում է ընտրության հնարավորություն, այսինքն սպառողն ինքն է որոշում իր սպառման համար անհրաժեշտ էլեկտրական էներգիան շարունակի գնել ՀԷՑ-ից, թե ընտրի մրցակցային այլ մատակարարի։  Կոմերցիոն սպառում ունեցող սպառողներին տրվում է նաև մեծածախ շուկային ուղիղ մասնակցության իրավունք, ինչն իր հերթին նշանակում է էլեկտրական էներգիայի գնում անմիջապես արտադրողից, կամ, ասենք, թրեյդերից։ Ընդ որում, մեծածախ շուկայում առևտուր իրականացնելիս սպառողը կարող է գործարքներ կնքել ինչպես ինքնուրույն՝ անձնական պատասխանատվությամբ, այնպես էլ տարբեր խմբերում ընդգրկվելու միջոցով դրանք պատվիրակելով մասնագիտացված այլ կազմակերպությունների։

 

      Հանձնաժողովի կողմից ոլորտային ձեռքբերումները, իհարկե, հնարավոր է եղել ապահովել վերջինիս կողմից եվրոպական, ամերիկյան, տարածաշրջանային կարգավորողների միություններին անդամակցության, ինչպես նաև համագործակցության երկկողմ հուշագրերի շրջանակում ձեռք բերված միջազգային առաջավոր փորձի հիման վրա։

      Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում բարեփոխումները շարունակվում են նաև ներկայումս, և նախանշված թիրախներին հասնելու համար առաջիկայում սպասվում են մեծածավալ աշխատանքներ։ Մասնավորապես,

  • էներգետիկայի բնագավառում նախատեսվում է մշակել «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենքի նախագիծ, որի ընդունմամբ կտրվի շուկայի ազատականացմանն ուղղված բարեփոխումների երկրորդ փուլի մեկնարկը։ Գործընթացի շրջանակում կապահովվի նաև CEPA-ի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած՝ էներգետիկայի ոլորտի դիրեկտիվներին համապատասխանության և դրանց մոտարկման հանձնառության կատարումը։ Օրենսդրական փոփոխություններին կհաջորդի հանձնաժողովի կողմից օրենքից բխող համապատասխան կարգավորումների մշակումը, ընդունումը և դրանց կիրարկման ապահովումը։
  • Էլետրաէներգետիկական շուկայի ազատականացման համատեքստում հանձնաժողովին վերապահված գործառույթներին լրացվում է, ըստ էության, ամբողջովին նոր ինստիտուցիոնալ գործառույթ, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մոնիտորինգ՝ շուկայի կառավարման էլեկտրոնային ծրագրի միջոցով։ Այն նպատակ ունի նպաստել շուկայի չկարգավորվող բաղադրիչում՝ թափանցիկ և արդարացի միջավայրի ստեղծմանը, իսկ կարգավորվող բաղադրիչում՝ դրա առավել կանխատեսելիությանը՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վրա ազդող գործոնների ուսումնասիրության և բացասական միտումների կանխարգելման միջոցով։ Շուկայի մոնիտորինգը, որպես վերահսկողության արդյունավետ և անփոխարինելի գործիք, թույլ է տալիս հնարավորինս արագ բացահայտել շուկայի մասնակիցների կողմից թույլ տված խախտումները (բացթողումները), հասցեական գնահատականներ տալ դրանց, շատ դեպքերում կանխել նոր խախտումների կատարումը, ինչպես նաև օպերատիվ կերպով արձագանքել և լուծումներ առաջադրել շուկայում ընթացող առևտրի ընթացքում ծագող օբյեկտիվ խնդիրներին։

Նշված գործառույթի շրջանակում հանձնաժողովն իրական ժամանակում հետևում է էլեկտրաէներգետիկական շուկայում տեղի ունեցող ամենժամյա առևտրին և դրա շրջանակում կնքվող գործարքների՝ շուկայի կանոններին համապատասխանությանը։ Նշված գործառույթի խրթինությունը պայմանավորված է ոչ միայն կատարման ենթակա աշխատանքին բնորոշ բազմածավալությամբ, այլև խիստ մասնագիտական գիտելիքներ պահանջող մասնագետների ներգրավման և վերջիններիս հետևողական ու մշտական վերապատրաստման անհրաժեշտությամբ։ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիտորինգի, որպես վերահսկողական գործիքի արդյունավետ կիրառումից է մեծապես կախված էլեկտրաէներգետիկական շուկայի բնականոն աշխատանքը, վերջնարդյունքում նաև ազատականացման ռեֆորմի աստիճանական և անցնցում իրագործման հաջողումը։

  • Նախատեսվում է նաև «Գազամատակարարման մասին», «Ջերմամատակարարման մասին» նոր օրենքների ընդունում, ինչին կհաջորդի նոր իրավակարգավորումներով պայմանավորված հանձնաժողովի համապատախսան իրավական ակտերի ընդունման և գործող ակտերի լրամշակման գործընթացը։
  • Նախատեսվում է դեռևս 2005 թվականին ընդունված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի ամբողջական վերանայում՝ հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման առաջանցիկ տեմպերը պահպանելու և որակապես նոր կարգավորումների դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը՝ հիմքում դնելով կարգավորող օրենսդրության բարելավման Եվրոպական միության փորձը, ինչպես նաև CEPA-ով ամրագրված հանձնառությունները։ Գործընթացին հաջորդելու են հանձնաժողովի իրավական ակտերի լրամշակման, ընդունման և կիրարկման ծավալուն աշխատանքները։
  • Իրականացվող 700ՄՀց, 800ՄՀց և 1800ՄՀց ռադիոհաճախականությունների մրցույթների արդյունքում նախատեսվում է հանրապետության խոշոր քաղաքներում (Երևան, Գյումրի, Վանաձոր) ներդնել շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանց (այդ թվում՝ «իրերի ինտերնետ»/IoT տեխնոլոգիայի), բարելավել փակ տարածքներում (շինությունների ներսում) շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության որակը, բարձրացնել հանրային շարժական կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակն ու կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով զարգացնել (ընդլայնել) կապի առկա ենթակառուցվածքները։ Միևնույն ժամանակ, ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում նախատեսվում է հիմնել էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ ուսումնական լաբորատորիա, որը կնպաստի ռադիոտեխնիկա, կապ և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացվող՝ ոլորտի համար անհրաժեշտ որակյալ կադրերի պատրաստմանը։
  • Նախատեսվում է հանձնաժողովի կարգավորման տիրույթում ներառել նաև ոռոգման ջրի մատակարարման ոլորտը, ինչը ենթադրում է դրա առնչությամբ հանձնաժողովի մի շարք իրավական ակտերի մշակում և ընդունում, ապա դրանց հիման վրա նշված գործունեության լիցենզավորում, սակագների սահմանում (վերանայում), մոնիթորինգ (մշտադիտարկում) և այլն։

Հարկ է նշել, որ հանձնաժողովի, որպես անկախ մասնագիտացված կառույցի հիմնման և հետագա կայացման գործընթացը մշտապես ուղեկցվել է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմամբ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հաղթահարել անկախ կարգավորման ինստիտուտի կայացման յուրաքանչյուր փուլում մարմնի առջև ծառացած հիմնական խնդիրները։ Այդ առումով իրողություն է, որ հանձնաժողովի կողմից իր լիազորությունների իրականացման արդյունքում արձանագրված ձեռքբերումները պահպանելու ու դրանց հետևողական զարգացումը խթանելու, երկրի կողմից կարգավորվող ոլորտներում նախանշված բարեփոխումներն իրականացնելու նպատակով հասունացել է սահմանադրաիրավական պահանջին և միջազգային փորձին համահունչ հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված հաջորդ շրջափուլին անցնելու անհրաժեշտությունը։ Բարեփոխումներ չնախաձեռնելու հետևանքը կարող է ռեալ վտանգ ստեղծել հանձնաժողովի հետագա արդյունավետ գործունեության համար։

Մասնավորապես, հանձնաժողովի առջև ծառացած լրջագույն խնդիրներից է որակյալ կադրերի ներգրավման անհնարինությունը և առկա կադրերի արտահոսքը, ինչը նախևառաջ հետևանք է կարգավորվող ոլորտների աշխատաշուկայի համեմատությամբ վարձատրության անհամեմատ ցածր մակարդակով։ Նշված խնդիրը սրվել է 2014 թվականի հուլիս ամսից սկսած, երբ օրենսդրական փոփոխությունների արդյունքում քաղաքացիական ծառայության վարձատրության համակարգը տարածվեց նաև հանձնաժողովի  աշխատողների նկատմամբ։ Նախքան նշված փոփոխությունները հանձնաժողովը գործում էր նշված համակարգից դուրս և օրենքով սահմանված հստակ բանաձևային կարգով ձևավորվող բյուջեի շրջանակում ինքնուրույն էր որոշում իր աշխատակիցների վարձատրության չափը։ Ընդ որում, հարկ է նշել, որ նշված մոտեցման կիրառումն ամենևին էլ ինքնանպատակ չէր, դրա հիմքում դրված էր լավագույն միջազգային փորձը և միջազգային կառույցների կողմից նորանկախ մեր հանրապետությանը տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում երկրի ստանձնած հանձնառությունները։ Արդյունքում, սկզբնապես ամրագրված ֆինանսական որոշակի անկախության պայմաններում հանձնաժողովը կարճ ժամանակամիջոցում ձևավորվեց որպես ռազմավարական նշանակության բնական մենաշնորհային ոլորտները կարգավորող հեղինակավոր մարմին՝ արժանանալով նաև միջազգային գործընկերների վստահությանը:

Ի հակառակ վերը նկարագրվածի, 2014 թվականի փոփոխությունները հանգեցրեցին ոչ միայն հանձնաժողովում աշխատանքի անցնելու գրավչության կորստին (միայն 2023 թվականի հունվարից մինչ օրս հայտարարվել են 9 մրցույթներ, որոնցից որևէ մեկը չի կայացել և արդյունքում որևէ պաշտոն չի համալրվել՝ դիմողներ չլինելու կամ մրցույթին չներկայանալու պատճառով), այլև պրոֆեսիոնալ կադրերի հոսունությանը դեպի կարգավորվող ընկերություններ։ Ավելին, նշված փոփոխություններն էապես կրճատեցին նաև հանձնաժողովի աշխատակիցների առաջխաղացման ձգտումն ու մասնագիտական ինքնակատարելագործման մոտիվացիան՝ հաշվի առնելով, որ հիշյալ փոփոխությունների արդյունքում նախկին դրույքաչափով վարձատրվող աշխատակցի առաջխաղացման դեպքում վերջինիս պատասխանատվության բարձրացմանը զուգահեռ աշխատավարձի բարձրացում տեղի չի ունենում կամ գրեթե տեղի չի ունենում։ 2014 թվականից սկսած Հանձնաժողովի՝ մասնագիտական գործունեություն իրականացնող աշխատողների հոսունության ցուցանիշը կազմել է շուրջ 41 տոկոս (43 աշխատող)․ աշխատակիցների մեծամասնությունը, որոնց թվում նաև՝ հանձնաժողովում աշխատանքի տարիների փորձ ունեցող, ներսում և արտերկրում վերապատրաստված ղեկավար անձինք (վարչության կամ բաժնի պետեր), անցել է աշխատանքի կարգավորվող ընկերություններում կամ միջազգային կառույցներում։

Ընդ որում, Հանձնաժողովի, որպես անկախ կարգավորող մարմնի, ինստիտուցիոնալ հզորացմանն ու անկախության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և միջազգային առաջավոր կարգավորումները մոտարկելու պարտավորությունը, ինչպես արդեն նշվել է վերը, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է CEPA-ի շրջանակում նախատեսված հանձնառություններով (հիմքերը՝ №1 աղյուսակում)։ 

Կարգավորողին՝ իր մասնագիտացված ու պրոֆեսիոնալ կադրերին պահելու և աշխատաշուկայից մրցունակ կադրեր ներգրավելու իրական հնարավորությամբ ապահովումը վերջինիս անկախության հիմնարար երաշխիքներից է, ինչի մասին է վկայում նաև միջազգային առաջադեմ փորձը (հիմքերը՝ №2 աղյուսակում)։

Հանձնաժողովի ինստիտուցիոնալ անկախության և գործառույթների պատշաճ մակարդակով ապահովմանը խոչընդոտող հաջորդ գործոնը թերևս աշխատողների ներգրավման ձևն է։ Ներկայումս հանձնաժողովը կարողանում է ներգրավել աշխատողներին գործող ընդհանուր կարգերին համապատասխան՝ որպես քաղաքացիական ծառայողներ, փորձագետներ, ինչը թույլ չի տալիս մարմնի կարիքներին համապատասխան լիարժեքորեն բավարարել իր մարդկային ռեսուրսի պահանջարկը (այդ թվում՝ նեղ մասնագիտացում ունեցող անձանց ներգրավելու առումով)։

Այս առնչությամբ հարկ է ընդգծել, որ ներկայումս քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար գործող հավաստագրման գործընթացը բավականին բարդեցված ու երկարատև գործընթաց է, իսկ այդ պաշտոնի համար սահմանված վարձատրությունը՝ բավական ցածր։ Բացի այդ, երաշխավորված չէ, որ կրտսեր պաշտոնի հավաստագրման գործընթացի շրջանակում հնարավոր է ներգրավել կարգավորող մարմնի չափորոշիչներին համապատասխանող անձանց։

Նշվածից բացի բավականին բարդ է նաև առանձին խնդիրների լուծման համար բարձր որակավորում ու նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետների ներգրավումը՝ պայմանավորված ցածր աշխատավարձով։

Ամփոփելով վերը նշվածը՝ հարկ է արձանագրել, որ բարեփոխումներ չնախաձեռնելը կարող է ռեալ վտանգ ստեղծել հանձնաժողովի ինստիտուցիոնալ անկախության և հետագա արդյունավետ գործունեության համար։

 

    2 Առաջարկվող կարգավորման բնույթը

 

  • «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝
  • առաջարկվում է պետական կառավարման գործընթացի օպտիմալացման ներկայիս մոտեցմանը համահունչ ամրագրել հանձնաժողովի աշխատակիցների ատեստավորման հնարավորություն։ Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով մասնագիտական առավել բարձր հմտություններ ունեցող աշխատակիցներին Հանձնաժողովն իրավասու կլինի տրամադրել լրավճար, վերջնարդյունքում նաև՝ համադրության մեջ ավելի մրցունակ վարձատրության մեխանիզմ։ Կարևոր է, որ գործընթացի կազմակերպման և անցկացման համար ամրագրվեն այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնք գործընթացին չեն հաղորդի ավանդական ֆորմալ բնույթ, այլ իրապես կնպաստեն բանիմաց կադրերի մասնագիտական առաջխաղացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Առաջարկվող իրավակարգավորումը կնպաստի նաև թափուր աշխատատեղերը պրոֆեսիոնալ և բանիմաց կադրերով համալրելուն։ Նշված հնարավորության ապահովմանն է ուղղված նաև  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։
  • Հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահության և վերահսկողության մակարդակի բարձրացման նպատակով առաջարկվում է Հանձնաժողովի ամբողջական գործունեությունն առնվազն երեք տարին մեկ անգամ աուդիտի ենթարկելու կարգավորում։ Ընդ որում, գործընթացի առավել օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշված աուդիտի տեխնիկական առաջադրանքը ենթակա կլինի համաձայնեցման Ազգային Ժողովի համապատասխան մշտապես գործող հանձնաժողովի հետ, իսկ աուդիտը կիրականացվի աուդիտորական ընկերությունների վարկանշմամբ զբաղվող միջազգային ճանաչում ունեցող ինտերնետային կայքերում գրանցված կամ վարկանշված, համընդհանուր միջազգային ճանաչում ունեցող տասը խոշորագույն (բիգ թեն) անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից` աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Աուդիտի արդյունքները նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով և հրապարակել Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։ Միաժամանակ նախատեսվում է նաև, որ նշված աուդիտի իրականացումից բացի, այլ մարմինների և անձանց կողմից կարող է իրականացվել բացառապես ֆինանսական աուդիտ (հաշվեքննություն, ստուգում),
  • նախատեսվում է Հանձնաժողովի կողմից իր սահմանած կարգով և դեպքերում վճարովի հիմունքներով փորձագետ ներգրավելու հնարավորություն, ինչը հնարավորություն կտա Հանձնաժողովին ներգրավելու ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված նեղ մասնագիտացում պահանջող պրոֆեսիոնալների։ Նշված նպատակին է ուղղված նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը,
  • հաշվի առնելով, որ անձանց, այդ թվում՝ սպառողների կողմից Հանձնաժողով են ներկայացվում բազմաթիվ դիմում-բողոքներ (հաղորդումներ), որոնցից մի շարք դեպքերում հնարավոր չի լինում նույնականացնել, թե արդյոք այն ներկայացված է հենց դիմումում նշված անձի կողմից (արձանագրվել են դեպքեր, երբ դիմումները ներկայացվել են այլ անձանց անունից), այդ իսկ անձանց օրինական շահերի՝ տվյալ դեպքում նաև անձնական տվյալների պաշտպանության նպատակով նախատեսվում է պահանջ՝ դիմում-բողոքին և հաղորդմանը կցելու այն ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, որի բացակայության պարագայում դիմում-բողոքը (հաղորդումը) ենթակա կլինի վերադարձման։
  • Հաշվի առնելով կարգավորվող ոլորտներում գործունեություն իրականացնող անձանց կողմից վճարվող պարտադիր վճարներից կարգավորող մարմնի լիարժեք ֆինանսավորման միջազգային լավագույն փորձը, այդ թվում՝ Եվրոպական միության օրենսդրությամբ սահմանված սկզբունքներին համահունչ, «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով առաջարկվում է յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարների տարեկան մեծությունը սահմանել օրենքով նախատեսված կարգով որոշված իրացման շրջանառության 0.25 տոկոսի չափով։
  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ նախատեսվում է, որ Հանձնաժողովն է կազմակերպում և անցկացնում քաղաքացիական ծառայողների մրցույթը, որի կարգը սահմանում է Հանձնաժողովը։ Փոփոխությունն ուղղված է մարմնի կադրային կարիքների լիարժեք բարելավմանը։ Սահմանվում է նաև, որ Հանձնաժողովում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության, աշխատանքային ստաժի և այլ չափանիշները սահմանում է Հանձնաժողովը, ինչը պայմանավորված է անձնագրերում մարմնի չափորոշիչներից բխող՝ առկա կարիքներին համապատասխանող առավել նեղ մասնագիտական չափանիշների սահմանմանը։
  • Մյուս օրինագծերով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները բխում են վերոնշյալ առաջարկներից։
  • Օրինագծերով առաջարկվում են տարընկալում առաջացնող օրենսդրական կարգավորումները հստակեցնող տեխնիկական բնույթի որոշ փոփոխություններ ևս:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 Նախագծերը մշակվել են Հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» (EU4Energy) նախաձեռնության (AM 2.1 կետ՝ Կարգավորման անկախություն) շրջանակում, Էներգետիկ կարգավորողների եվրոպական խորհրդի (CEER) ներկայացուցիչների կողմից տրված փորձագիտական կարծիքը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փաթեթի ընդունումը՝

  • հնարավորություն կտա Հանձնաժողովին հաղթահարելու իր առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, ապահովել դրանց արդյունավետ լուծումներ,
  • կստեղծի դրանց մշտական հաղթահարմանն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման կառուցակարգեր,
  • կնպաստի սահմանադրաիրավական պահանջին ու միջազգային առաջավոր փորձին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառություններին համահունչ Հանձնաժողովի ինստիտուցիոնալ անկախության կայացմանը,
  • կապահովի Հանձնաժողովի արձանագրած ձեռքբերումների պահպանումն ու կխթանի դրանց հետևողական զարգացումը՝ կարգավորվող ոլորտներում պետության նախանշած բարեփոխումներին համահունչ։

 

  1. Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

  1. Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվում են նույն չափով փոփոխություններ, հետևաբար լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը չի լինի:  

 

 

 

 

 

 

Աղյուսակ №1

 

Օրինագծերով փոփոխվող իրավակարգավորումների առնչությամբ CEPA-ի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած  հանձնառություններ

 

 

Փաստաթուղթ

Պահանջ

1․

2018 թվականի դեկտեմբերի 11-ի էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական օրենսգրքի սահմանման  մասին Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2018/1972 (ԵՄ) կանոնակարգ և

Հոդված 6

1․ Եվրոպական միության անդամ պետությունները պետք է երաշխավորեն ազգային կարգավորող մարմինների անկախությունը և ապահովեն, որ դրանք ունենան իրավական և գործառնական անկախություն Էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր, սարքավորումներ կամ ծառայություններ մատուցող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից։

2․ Անդամ պետությունները պետք է երաշխավորեն ազգային կարգավորող և այլ իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների անաչառ և թափանցիկ իրականացումը, ինչպես նաև պետք է ապահովեն ազգային կարգավորող մարմիններին համապատասխան տեխնիկական, ֆինանսական և մարդկային ռեսուրսներով՝ իրենց վերապահված գործառույթների իրականացման նպատակով։

2009 թվականի հուլիսի 13-ի էլեկտրաէներգիայի ներքին շուկայի ընդհանուր կանոնների մասին Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2009/72/ԵՀ կանոնակարգ

Հոդված 35

4. Անդամ պետությունները պետք է երաշխավորեն կարգավորող մարմնի անկախությունը և ապահովեն դրա լիազորությունների անաչառ և թափանցիկ իրականացումը։ Այդ նպատակով անդամ պետությունը պետք է ապահովի, որ սույն կանոնակարգով հարակից օրենսդրությամբ իրեն վերապահված կարգավորմանն առնչովող խնդիրներն իրականացնելիս կարգավորող մարմինը.

ա) իրավաբանորեն և գործառութապես անկախ լինի որևէ այլ պետական կամ մասնավոր կազմակերպությունից.

բ) ապահովի, որ իր անձնակազմը և իր կառավարման համար պատասխանատու անձինք.

  (i) գործեն անկախ շուկայական շահերից. և

(ii) կարգավորող առաջադրանքներ կատարելիս կառավարությունից կամ որևէ այլ պետական կամ մասնավոր կազմակերպությունից ուղղակի հրահանգներ չստանան կամ չընդունեն:

5. Կարգավորող մարմնի անկախությունը պաշտպանելու նպատակով անդամ պետությունները պետք է մասնավորապես ապահովեն, որ.

(a) կարգավորող մարմինը  կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել՝ անկախ որևէ քաղաքական մարմնից, և ունենա տարեկան բյուջետային հատկացումներ՝ հատկացված բյուջեի կատարման ինքնավարությամբ և իր պարտականությունները կատարելու համար համապատասխան մարդկային և ֆինանսական ռեսուրսներով.

2․

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր

Ազգային կարգավորող մարմնի անկախության և վարչական իրավազորության ամրապնդում

 

 

Document

Requirment

1․

Directive (EU) 2018/1972 of the European Parliament and of the Council of 11 December 2018 establishing the European Electronic Communications Code (Recast)Text with EEA relevance

 

 

 

 

 

 Article 6

1.     Member States shall guarantee the independence of national regulatory authorities and of other competent authorities by ensuring that they are legally distinct from, and functionally independent of, any natural or legal person providing electronic communications networks, equipment or services.

2.    Member States shall ensure that national regulatory and other competent authorities exercise their powers impartially, transparently and in a timely manner. Member States shall ensure that they have adequate technical, financial and human resources to carry out the tasks assigned to them.

Directive 2009/72/EC of the European Parliament and of the council of  13  July 2009 concerning common rules for the internal market in electricity and repealing Directive 2003/54/EC

Aricle 35

4. Member States shall guarantee the independence of the regulatory authority and shall ensure that it exercises its powers impartially and transparently. For this purpose, Member State shall ensure that, when carrying out the regulatory tasks conferred upon it by this Directive and related legislation, the regulatory authority:

(a) is legally distinct and functionally independent from any other public or private entity;

(b) ensures that its staff and the persons responsible for its management:

 (i) act independently from any market interest; and

(ii) do not seek or take direct instructions from any government or other public or private entity when carrying out the regulatory tasks.

5. In order to protect the independence of the regulatory authority, Member States shall in particular ensure that:

(a) the regulatory authority can take autonomous decisions, independently from any political body, and has separate annual budget allocations, with autonomy in the implementation of the allocated budget, and adequate human and financial resources to carry out its duties.

2․

Comprehensive and Enhanced Partnership Agreement between the European Union and the European Atomic Energy Community and their Member States, of the one part, and the Republic of Armenia, of the other part

Strengthening independence and administrative capacity of the national regulator

 

 

Աղյուսակ №2

Միջազգային փորձ

 

 

Երկիր

Կարգավորող մարմին

Օրենդրություն

1․

Լատվիա

 

Լատվիայի հանրային ծառայությունների հանձնաժողով (PUC), որը կարգավորում է էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության, փոստային ծառայությունների, թափոնների կառավարման, ջրային բնագավառները

-   Լատվիայի հանրային ծառայությունների կարգավորողների մասին օրենքի համաձայն մարմինը ֆինանսավորվում է կարգավորվող անձանցից գանձվող վճարներից, որոնք կազմում են կարգավորվող անձնաց շրջանառության 0,2%, սակայն ոչ պակաս քան 200 եվրո օրացուցային տարվա համար․

-   Լատվիայի պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենքով սահմանվում է կարգավորող մարմնի նախագահի և անդամների ամսական աշխատավարձի չափը։ Հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձի չափը որոշվում է՝ հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցության և էներգետիկայի ոլորտներում կիրառվող միջին աշխատավարձը։

2․

Վրաստան

 

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող

ազգային հանձնաժողով (GNERC) և

Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողով (ComCom)

-   Վրաստանի ազգային կարգավորող մարմինների մասին օրենքի համաձայն Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովը (GNERC)  ֆինանսավորվում է կարգավորվող անձանցից գանձվող վճարներից, որոնք հանձնաժողովի որոշման համաձայն կազմում են կարգավորվող անձաց հասույթի 0,3% և օրենքով նախատեսված այլ եկամուտներից.

-   Վրաստանի ազգային կարգավորող մարմինների մասին օրենքի համաձայն Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը (ComCom) ֆինանսավորվում է կարգավորվող անձանցից գանձվող վճարներից, որոնք Վրաստանի էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի համաձայն կազմում են կարգավորվող անձնացից գանձվող՝ մատուցված կարգավորվող ծառայությունների և (կամ) կարգավորվող անձի շրջանառության 0,75% և օրենքով նախատեսված այլ եկամուտներից.

-   Վրաստանի ազգային կարգավորող մարմինների մասին օրենքի համաձայն կարգավորող մարմինները ինքնուրույն են սահմանում հանձնաժողովի նախագահի, անդամների և աշխատակիցների աշխատավարձի չափը։

3.

Հունգարիա

Հունգարիայի էներգետիկան և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (MEKH)

-   Հունգարիայի էներգետիկան և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին ակտի համաձայն Հունգարիայի էներգետիկան և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (MEKH) ֆինանսավորվում է կարգավորվող անձանցից գանձվող վճարներից, ադմինիստրատիվ վճարներից, տույժերից և տուգանքներից և այլ եկամուտներից, որոնք Հունգարիայի էլեկտրական էներգիայի և Հունգարիայի բնական գազի մասին օրենքների համաձայն կազմում են կարգավորվող անձանց զուտ հասույթի 0,085%։

-   Հունգարիայի հատուկ կարգավիճակ ունեցող վարչական մարմիննրի մասին օրենքով սահմանվում է կարգավորող մարմնի նախագահի և անդամների ամսական աշխատավարձի չափը։ Հանձնաժողովի աշխատակիցնեը համարվում են հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքացիական ծառայողներ, որոնց աշխատավարձի չափը որոշվում է հանձնաժողովի կողմից՝ անհատական պայմանագրերի հիման վրա։

4.

Ռումինիա

 

Ռումինիայի հեռահաղորդակցության կառավարման և կարգավորման ազգային մարմին (ANCOM)

-   Ռումինիայի էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի համաձայն մարմինը ֆինանսավորվում է կարգավորվող անձանցից գանձվող վճարներից, որոնք կազմում են կարգավորվող անձանց հասույթի առավելագույնը 2% և օրենքով նախատեսված այլ եկամուտներից.

-   Հաղորդակցության կառավարման և կարգավորման ազգային մարմին ստեղծելու մասին Ռումինիայի կառավարության արտակարգ որոշման համաձայն ազգային կարգավորող մարմինը ինքնուրույն է սահմանում մարմնի նախագահի, անդամների և աշխատակիցների աշխատավարձը՝ կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերի հիման վրա՝ ազգային կարգավորող մարմնի բյուջեի սահմաններում։

5.

Ուկրաինա

 

Ուկրաինայի էներգետիկայի և հանրային ծառայությունների ազգային կարգավորող հանձնաժողով (NEURC)

-   Ուկրաինայի էներգետիկայի և հանրային ծառայությունների ազգային կարգավորող հանձնաժողովի մասին օրենքի համաձայն մարմինը ֆինանսավորվում է Ուկրաինայի ազգային բյուջեի մուտքերից, որոնք ձևավորվում են կարգավորվող անձնացից գանձվող վճարներից, որոնք նույն օրենքի համաձայն չեն կարող գերազանցել կարգավորվող անձնաց զուտ հասույթի 0,15%։ Հանձնաժողվի նախագահի, անդամների և աշխատակիցների աշխատավարձը որոշվում է Ուկրաինայի մինիմալ աշխատավարձի նկատմամբ համապատասխան գործակցի կիրառմամբ։

6.

Էստոնիա

Էստոնիայի մրցակցության մարմին

-     Էստոնիայի մրցակցության օրենքի համաձայն մարմինը ֆինանսավորվում է էստոնիայի ազգային բյուջեի մուտքերից, որոնք ձևավորվում են կարգավորվող անձնացից գանձվող վճարներից, որոնք նույն օրենքի համաձայն չեն կարող գերազանցել կարգավորվող անձնաց վաճառքից ստացված հասույթի 0,2%։

-     Մարմնի աշխատակիցների աշխատավարձը սահմանում է մարմնի կողմից։

-     Էստոնիայի մրցակցության մարմինը կազմված է երկու ստորաբաժանումից՝ կարգավորող և մրցակցության։ Միայն կարգավորրող ստորաբաժանումն է ֆինանսավորվում կարգավորման վճարներից, մրցակցության ստորաբաժանումը ֆինանսավորվում է պետական բյուջեից։

7.

Լիտվա

Էներգետիկայի կարգավորող ազգային խորհուրդ

-   Լիտվայի էներգետիկայի մասին, Խմելու ջրի և կեղտաջրերի կառավարման մասին, Ալտերնատիվ վառելիքի մասին համաձայն՝ խորհուրդը ֆինանսավորվում է կարգավորվող անձանցից գանձվող վճարներից, որոնք կազմում են կարգավորվող անձնաց տարեկան եկամուտի 0,3-2,19%՝ կախված կարգավորվող բնագավառից։

-   Լիտվայի քաղաքացիական ծառայության մասին օրենքի համաձայն՝ օրենքով սահմանվում է յուրաքանչյուր մակարդակի քաղաքացիական ծառայողի առավելագույն աշխատավարձի չափը, որի հիման վրա Խորհրդի նախագահը սահմանում է աշխատակիցների աշխատավարձը։

8.

Հյուսիսային Մակեդոնիա

Էներգետիկայի և ջրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով

-   Հյուսիսային Մակեդոնիայի էներգետիկայի մասին օրենքի համաձայն՝ հանձնաժողովը ֆինանսավորվում է կարգավորվող անձանցից գանձվող վճարներից, որոնք կազմում են կարգավորվող անձնաց տարեկան հասույթի 0,1%։

-   Հյուսիսային Մակեդոնիայի էներգետիկայի մասին օրենքի հանձնաժողովը սահմանում է աշխատակիցների աշխատավարձի չափը։ Աշխատավարձի չափը պետք է համադրելի լինի կարգավորվող ընկերությունների աշխատավարձի չափի հետ։

9.

Մոլդովա

Մոլդովայի Հանրապետության էներգետիկայի կարգավորման ազգային գործակալություն

-       Մոլդովային Հանրապետության էներգետիկայի մասին օրենքի համաձայն՝ մարմինի բյուջեն ձևավորվում է կարգավորվող անձնացից գանձվող վճարներից, որոնք նույն օրենքի համաձայն չեն կարող գերազանցել կարգավորվող անձնաց հասույթի 0,3%։

-       Մոլդովայի կառավարության 1997 թվականի №767 որոշման համաձայն՝ գործակալության աշխատակիցների վարձատրության չափը որոշում է գործակալության տնօրենը՝ գործող օրենսդրության համապատասխան։

 

1.

Ավստրիա

e-Control

-       Հանձնաժողովի որոշման համաձայն կարգավորվող անձնանցից գանձվող վճարների չափը սահմանվում է 2018-2022 թվականների համար՝ յուրաքանչյուր կարգավորվող անձի համար:

2.

Բելգիա

Էլեկտրաէներգիայի և գազի կարգավորման մարմին

-       Կարգավորող մարմինը ֆինանսավորվում է յուրաքանչյուր կարգավորվող անձից գանձված վճարներից, որոնք հաշվարկվում են ըստ կարգավորվող անձի մատուցած ծառայությունների՝ կՎտ/ժ։

3.

Չեխիա

Էներգետիկայի կարգավորման գրասենյակ

-       Կարգավորող մարմինը ֆինանսավորվում է յուրաքանչյուր կարգավորվող անձից գանձված վճարներից, որոնք հաշվարկվում են ըստ կարգավորվող անձի մատուցած ծառայությունների՝ կՎտ/ժ։

4.

Իսպանիա

Շուկաների և հակամենաշնորհային ազգային կարգավորող մարմին

-       Կարգավորող մարմինը ֆինանսավորվում է յուրաքանչյուր կարգավորվող անձից գանձված վճարներից, որոնք հաշվարկվում են ըստ կարգավորվող անձի մատուցած ծառայությունների՝ կՎտ/ժ։

5.

Միացյալ Թագավորություն

OfGem

-       Հանձնաժողովի որոշման համաձայն կարգավորվող անձնանցից գանձվող վճարների չափը սահմանվում է յուրաքանչյուր տարի՝ յուրաքանչյուր կարգավորվող անձի համար:

6.

Սերբիա

Սերբիայի Հանրապետության էներգետիկայի գործակալություն

-       Հանձնաժողովի որոշման համաձայն կարգավորվող անձնանցից գանձվող վճարների չափը սահմանվում է յուրաքանչյուր տարի՝ յուրաքանչյուր կարգավորվող անձի համար:

7.

Ալբանիա

Էներգետիկայի կարգավորման գործակալություն

-       Հանձնաժողովի որոշման համաձայն կարգավորվող անձնանցից գանձվող վճարների չափը սահմանվում է յուրաքանչյուր տարի՝ յուրաքանչյուր կարգավորվող անձի համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    23.05.2023 - 07.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1579

Տպել