Հիշել նախագիծը

«Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2023 թվականի N       -Ն

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

  1. Սահմանել ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը՝

      1) Երևան քաղաքում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85000 դրամ.

      2) այլ քաղաքներում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 50000 դրամ.

      3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 25000 դրամ:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 11-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
  2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման համաձայն այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստացող պայմանագրային զինծառայողներին սույն որոշման համաձայն ամսական դրամական հատուցման հաշվարկումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023թ.

Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի                     -ի

N    -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների համաձայն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և ծառայողական բնակարանով չապահովված պայմանագրային զինծառայողներին և օրենքով նրանց հավասարեցված անձանց ամսական դրամական հատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի գործողությունը տարածվում է`

       1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համակարգերում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` նաև համապատասխան պետական մարմին) զինվորական (քրեակատարողական) ծառայության մեջ գտնվող անձանց վրա.

       2) համապատասխան պետական մարմնում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևոր ծառայողների վրա:

  1. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց (այսուհետ` նաև շահառու) ընտանիքի անդամ են համարվում`

       1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.

       2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

  1. Սույն կարգի համաձայն ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք ունի այն շահառուն, ով ծառայության վայրում չի ապահովվել ծառայողական բնակելի տարածությամբ, և ծառայության վայրի վարչական տարածքի (համայնքի) ու շահառուի մշտական (փաստացի) բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի (համայնքի) միջև հեռավորությունը կազմում է առնվազն 30 կիլոմետր: Շահառուի ծառայության և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության վայրը բազմաբնակավայր համայնքում գտնվելու դեպքում` սույն կետում նշված հեռավորությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով շահառուի ծառայության և մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակավայրի միջև եղած հեռավորությունը: Սույն կետի կիրառման նպատակով հիմք է ընդունվում իրավասու պետական մարմնի կողմից հրապարակված կամ համապատասխան պետական մարմնի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (համայնքների), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` բնակավայրերի միջև հեռավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
  2. Սույն կարգի համաձայն ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից չի օգտվում ծառայության վայրում ծառայողական բնակելի տարածությամբ չապահովված այն շահառուն`

       1) ով ծառայության վայրի վարչական տարածքից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ ունի մշտական (փաստացի) բնակության հաշվառում կամ միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով բնակելի տարածություն.

       2) ով սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում ծառայության ընթացքում փոխել է մշտական (փաստացի) բնակության հաշվառման վայրը կամ օտարել է միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը.

      3) ում ընտանիքի անդամը շահառուի ծառայության վայրի վարչական տարածքից (համայնքից), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ ունի միանձնյա սեփականության իրավունքով բնակելի տարածություն:

  1. Ամսական դրամական հատուցում ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է դիմում` ուղղված զորամասի (այլ զինվորական կառավարման կամ կադրային մարմնի) հրամանատարին (ղեկավարին), որին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

       1) շահառուի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների վավեր անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում` բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք անձի հաշվառման մասին.

        2) սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նախատեսված ընտանիքի անդամներ ունենալու դեպքում՝ համապատասխանաբար ուսումնառությունը կամ անգործունակությունը կամ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

       3) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների կողմից սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը հիմք է ընդունվում ոչ ավելի, քան 15 օրացուցային օր վաղեմության ժամկետ ունենալու դեպքում:

  1. Շահառուին ամսական դրամական հատուցումը հաշվարկվում է շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը զորամաս (այլ զինվորական կառավարման կամ կադրային մարմին) մուտքագրվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած և վճարվում է շահառուի ամսական դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ՝ անկանխիկ եղանակով:
  2. Շահառուին վճարվող ամսական դրամական հատուցման չափը կարող է փոփոխվել` շահառուի դիմումի հիման վրա կամ զորամասի (այլ զինվորական կառավարման կամ կադրային մարմնի) հրամանատարի (ղեկավարի) նախաձեռնությամբ` շահառուի ընտանիքի անդամների թիվն ավելանալու կամ նվազելու կամ սույն կարգի 3-րդ կետում նախատեսված համապատասխան հանգամանքը վերանալու դեպքում: Այդ նպատակով շահառուի ծառայության վայրի զորամասի (այլ զինվորական կառավարման կամ կադրային մարմնի) կողմից իրականացվում է ամսական դրամական հատուցում ստացող շահառուների հաշվառում:
  3. Ամսական դրամական հատուցում ստացող և օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնված (կադրերի ռեզերվում գրանցված) շահառուն պահպանում է հատուցում ստանալու իրավունքը՝ կադրերի տրամադրության տակ թողնելու (կադրերի ռեզերվում գրանցելու)` օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում` բացառությամբ սույն կարգի 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված դեպքերի:
  4. Ամսական դրամական հատուցում ստացող շահառուին զորամասի (այլ զինվորական կառավարման մարմնի) տեղակայման վայրի վարչական տարածքում (համայնքում) գտնվող մեկ այլ զորամասում (այլ զինվորական կառավարման մարմնում) ծառայության նշանակելու դեպքում ամսական դրամական հատուցման վճարումը շարունակվում է նոր զորամասում (այլ զինվորական կառավարման մարմնում):
  5. Ամսական դրամական հատուցում ստացող շահառուն պարտավոր է յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 1-ն իր ծառայության վայրի զորամաս (այլ զինվորական կառավարման կամ կադրային մարմին) ներկայացնել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ կետում նախատեսված տեղեկանքը: Սույն կետում նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու կամ ներկայացված տեղեկանքի համաձայն սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության դեպքերում ամսական դրամական հատուցման վճարումը դադարեցվում է, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում նախատեսված հանգամանքների առկայության դեպքում այդ հանգամանքների ծագման օրվանից մինչև սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսված տեղեկանքը ներկայացնելու օրը շահառուին վճարված ամսական դրամական հատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Սույն կետի համաձայն ամսական դրամական հատուցման վճարումը դադարեցնելու և վերադարձման ենթակա ընդհանուր գումարի չափի վերաբերյալ գրավոր ծանուցվում է շահառուին, ինչպես նաև առաջարկվում է մեկամսյա ժամկետում` միանվագ, կամ շահառուի ցանկությամբ` 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված ամսական դրամական հատուցման ընդհանուր գումարը, որից շահառուի հրաժարվելու դեպքում՝ այդ գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:
  6. Ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարեցվում է`

      1) սույն կարգի 5-րդ կամ 11-րդ կետերով սահմանված դեպքերում.

      2) օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության կամ օրենքի 45-րդ հոդվածում նշված մարմին գործուղելու հիման վրա շահառուին` օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքում, եթե շահառուն չունի ընտանիք, կամ շահառուի հետ գործուղման վայր է մեկնում նաև նրա ընտանիքը.

      3) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերով սահմանված հիմքով շահառուին զինվորական պաշտոնից ազատելու դեպքում, եթե շահառուն չունի ընտանիք.

      4) շահառուին ծառայությունից արձակելու (ազատելու) դեպքում:

  1. Ամսական դրամական հատուցում ստացած և համապատասխան ծառայությունից արձակվելու (ազատվելու) հետևանքով հատուցման իրավունքը դադարեցված, սակայն հետագայում համապատասխան ծառայությունից արձակելու (ազատելու) մասին հրամանը ոչ իրավաչափ ճանաչվելու հիմքով շահառուին ծառայությունում վերականգնելու դեպքում շահառուին հաշվարկվում և վճարվում է նաև ծառայությունից արձակելու (ազատելու) օրվանից մինչև ծառայությունում վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածի համար ամսական դրամական հատուցման գումարը, եթե այդ ժամանակահատվածում առկա չէ սույն կարգի 5-րդ կետում նշված՝ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը բացառող որևէ պայման:
  • Քննարկվել է

    17.05.2023 - 02.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2085

Տպել

Առաջարկներ`

Մանուկ Բաղդասաարյան

22.05.2023

Առաջարկում եմ վերանայել ամսական դրամական հատուցման չափերը, դարձնել ավելի իրատեսական: Դրանք այս պահի դրությամբ, մեղմ ասած, շատ են տարբերվում բնակելի տարածություն վարձակալելու համար պահանջվող իրական գումարի չափից: Օրինակ՝ Իջևան քաղաքում նվազագույն պայմաններով ու չափերով բնակարան վարձակալելու համար պահանջվում է առնվազն 70,000 դրամ, իսկ 4 անձից բաղկացած սպայի ընտանիքից պահանջվում է առնվազն 100,000 դրամ:

Ռոման Հակոբյան

18.05.2023

Ողջույն նախագծի հեղինակներին և քննարկման մասնակիցներին։ 1. Թերի մշակված նախագիծ է ըստ ինձ։ Նախագիծն մշակողները ոչ մի անդրադարձ չեն կատարել ամսական դրամական հատուցման չափի փոփոխմանը, համապատասխանեցվի ներկայիս վարձավճարների։ Ես բնակվում եմ Դիլիջան քաղաքում, ներկայումս վճարում եմ 100.000 դրամ, իսկ փոխհատուցվող գումարի չափն 2019թ-ից առ այսօր 4 և ավել անձի համար սահմանված է 50.000: Թող այս նախագծի տգետ հեղինակներն գան Դիլիջան ու 50.000 դրամով փորձեն վարձել 5 անձի (2 մեծահասակ և 3 մանկահասակ) բնակվելու համար բնակարան։ 2. Նախագիծն մշակողները երևի տեղյակ չեն ՀՀ Կառավարության 14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն որոշման (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ) պահանջների մասին. Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելու դեպքում քաղաքացին պարտավոր է հաշվառվի բնակության նոր վայրում։ Այսինքն պայմանագրային զինծառայողն նշանակված իր հաշվառման վայրից 30+ կմ հեռավորության վրա գտնվող զորամասում ծառայության, ապա համաձայն Կառավարության 2005թ N 1231-Ն որոշման պահանջի բնակության նոր վայրի Ոստիկանության անձնագրային բաժին ներկայացրեց դիմում հաշվառման հասցեն փոխելու նպատակով (դա պարտադիր է) , ապա այս նախագծի ,,ԽԵԼԱՑԻ,, հեղինակների պատճառով զրկվեց դրամական հատուցման իրավունքից։ Չեմ հասկանում ովքեր են մշակում նման նախագծերն, իրենք որքանով են կապված զինվորական ծառայության, ՀՀ օրենսդրության, կամ առհասարակ տրամաբանության հետ։ Չկա գոնե մեկը, որ տարրական գիտելիք ունենա այս ոլորտից։ Այնքան հետաքրքիր է, թե պաշտպանության նախարարը, իր 3 անձից (ինքը, կինը և դուստրը) կկարողանան 38.000 դրամով բնակարան վարձեն օրինակ ք. Դիլիջանում մեկ ամիս ժամկետով, այն դեպքում երբ ավտոտնակների վարձը Դիլիջանում կազմում է շուրջ 20.000 դրամ

Նորիկ Շահնազարյան

17.05.2023

Ուսումնասիրելով անշարժ գույքի վարձակալության շուկայական գները Երևան քաղաքում համոզվում ենք, որ այսօր 65.000 ՀՀ դրամով շատ բարդ է ( եթե ոչ անհնար) գտնել վարձով բնակարան: Ելնոլով վերոգրյալից առաջարկում եմ սահմանել Երևան քաղաքում մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին 85.000 ՀՀ դրամ, իսկ 4 և ավելի անձանից բաղկացած շահառու ընտանիքին 105.000 ՀՀ դրամ ամսական դրամական հատուցում վճարելու չափը:

Տեսնել ավելին