Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.9-րդ գլխով. 

«                                                  ԳԼՈՒԽ 31.9

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 222.28. Հանրային ծառայություն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերով գործերի քննության ժամկետը և դատարանի կազմը

  1. Վարչական դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է հանրային ծառայության իրականացման ընթացքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վեճերը վարչական դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վեճերը վարչական դատարանը քննում և լուծում է միանձնյա:

 

Հոդված 222.29. Հայցադիմումը վարույթ ընդունելու, ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու և հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետները

  1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
  2. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից ապացույցներ պահանջելու մասին, որը կատարման ենթակա է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
  3. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

 

Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
  2. Սույն օրենքի պահանջները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների նկատմամբ:

 

  • Քննարկվել է

    10.05.2023 - 25.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1888

Տպել

Առաջարկներ`

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

25.05.2023

3. Բացի այդ, Ուսումնասիրության արդյունքում նկատվել է նաև Վարչական դատարանի ոչ միատեսակ պրակտիկան հանրային ծառայության հետ կապված գործերով Հայցվորի կողմից պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում այնուամենայնիվ վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ դատական ակտերում նշում կատարելու հարցում։ Այդպես, գործերի միայն մի մասում է դատարանը վճռով հստակ նշել, որ թեեւ Հայցվորի կողմից վճարվել է պետական տուրք, սակայն, նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման եւ աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով հայցվորներն ազատված են դատարաններում պետական տուրքի վճարումից, անհրաժեշտ է վերադարձնել վճարված պետական տուրքը ։ Իսկ այլ դեպքերում, թեեւ Դատարանը նշել է, որ Հայցվորը վճարել է պետական տուրք այն դեպքում, երբ ազատված է եղել նման պարտականությունից, սակայն առանձին նշում չի կատարել վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ ։ Ուստի, առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա դրույթների համանմանությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունների համատեքստում փոփոխել պետական տուրքը վերադարձնելու կարգավորումները, ի թիվս այլնի, նախատեսել Դատարանի պարտականությունը՝ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները: Բացի այդ, ներառել նշում վերադարձի մասին դատական ակտի եզրափակիչ մասում։ Դատական ակտում ավել վճարված պետական տուրքի՝ վերադարձման մասին նշումը հնարավորություն կտա հատկապես խոցելի խմբում գտնվող քաղաքացիներին տեղեկանալ իրենց կողմից վճարված պետական տուրքի՝ վերադարձման ենթակա լինելու մասին և ձեռնամուխ լինել իրենց իրավունքների իրացմանը։ Առաջարկում ենք նաև հարակից օրենքում՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում՝ 39-րդ հոդվածում կատարել փոփոխություն՝ նախատեսելով, որ ֆինանսական մարմնին պետական տուրքի վերադարձման դիմում ներկայացնելիս Դատարանի կողմից դատական ակտում պետական տուրքի՝ վերադարձման ենթակա լինելու մասին նշումը, համապատասխանաբար նաև վերադարձման ենթակա գումարի չափի վերաբերյալ նշմամբ, պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի հետ միասին բավարար հիմք է Ֆինանսական մարմնի կողմից դիմումը բավարարելու և վճարված պետական տուրքը վերադարձնելու համար (գործող՝ տեղեկանք ներկայացնելու պարտականության փոխարեն), ինչը ավելորդ վարչարարությունից կազատի և՛ ֆիզիկական անձին, և՛ Դատարանին։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

25.05.2023

2. Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վեճերը վարչական դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացվել է աշխատանքային գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրություն (հետայսու տեքստում՝ նաև Ուսումնասիրություն) , ինչը ցույց է տվել, որ հանրային ծառայությունից ազատելու գործերով՝ և՛ կարգապահական խախտման և՛ այլ հիմքերով (ուսումնասիրվել է շուրջ 60 դատական գործ) դատավարությունը տևել է միջինը 1 տարի, մինչև 3 ամիս տևել է ընդամենը մեկ գործ, և ընդամենը 4 գործ՝ մինչև 6 ամիս, գործերի առավելագույն տևողությունը՝ 2 տարի: Կարգապահական տույժի վիճարկման գործերով (ուսումնասիրվել է 7 գործ) քննությունը Վարչական դատարանում տևել է 3 ամսից մինչև 1 տարի 5 ամիս: Բացի այդ, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը , որով առաջարկվում է աշխատանքային վեճերով գործերի քննությունը՝ երեք ամսվա փոխարեն վեց ամիս՝ հաշվի առնելով դատական պրակտիկան այն մասին, որ դատարանները չեն կարողանում նշված ժամկետներում իրականացնել նշված գործերի քննություն և լուծում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հոդվածում սահմանված ժամկետը վերանայել՝ դարձնելով 6 ամիս:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

25.05.2023

1. Այսպես՝ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքում ավելացնել նոր գլուխ և Հոդված 222.28, որի 1-ին մասով նախատեսվում է, որ Վարչական դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է հանրային ծառայության իրականացման ընթացքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Գտնում ենք, որ հանրային ծառայություն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի սահմանումը նշված նորմով լիարժեք չէ, և չի ներառում դատական պրակտիկայում հանրային ծառայողների կողմից պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ ներկայացված՝ ծառայության հետ կապված, ծառայության ընթացքում ծագած բոլոր վեճերը, այդ թվում՝ արձակուրդի, աշխատավարձի բռնագանձման, պայմանագրի էական պայմանների փոփոխության՝ անձին այլ պաշտոնի տեղափոխելու հետ կապված վեճերը: Ուստի առաջարկում ենք վերանայել նորմը՝ նախատեսելով, որ հատուկ վարույթի կարգով քննվում են հանրային ծառայության իրականացման ընթացքում ծագած բոլոր վեճերը, ինչպես նաև հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:

Տեսնել ավելին