Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի № 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 13-Ի № 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի № 692-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է, քանի որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի  մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի ու սննդի ընդունման չափը, Հայաստանի Հանրապետության առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների դրամական պարգևատրման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնամարզական հավաքի օրական կեցության վճարի չափը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս ճանապարհորդելիս սննդի ընդունման չափը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուսումնամարզական հավաքի և (կամ) միջազգային միջոցառմանը մասնակցության հետ կապված ծախսերը հաշվարկելու մասին» № 692-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ:

Օլիմպիական խաղերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար մարզական ֆեդերացիաները կազմակերպում են ուսումնամարզական հավաքներ: Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ուսումնամարզական հավաքների ժամանակ Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամի համար նախատեսվող մեկ օրվա կեցության գումարը գործող Որոշմամբ նախատեսված 9800 (ինը հազար ութ հարյուր) ՀՀ դրամից  սույն Նախագծով ավելացվում է և դառնում է 16 300 (տասնվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, քանի որ 9 800 դրամը շատ քիչ է վերջին տարիների սննդի և կոմունալ ծախսերի թանկացումներից հետո: 16300 դրամ գումարը ներառում է՝ 8500 դրամը սննդի համար: Սույն Նախագծին ուղեկցող փաթեթին կցվում է ուսումնամարզական հավաքի ժամանակ մեկ անձի սննդակարգի օրինակ:

Նախագծով ավելացվում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի սննդի ընդունման համար նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանապարհորդելիս՝ յուրաքանչուր հինգ ժամվա հաշվարկով, Որոշմամբ սահմանված 2000 դրամը դառնում է 3300 դրամ: Նախագծով ավելացվում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի սննդի ընդունման համար նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս օդային և (կամ) վերգետնյա տրանսպորտով ճանապարհորդելիս՝ յուրաքանչյուր հինգ ժամվա հաշվարկով, Որոշմամբ սահմանված 10 ԱՄՆ դոլարին համաժեք դրամը դառնում է 16,7 (տասնվեց ամբողջ յոթ տասնորդական) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նախագծի համաձայն նոր խմբագրությամբ է շարադրվում Որոշման Հավելված N 1-ը:

Ավելացվում են  Հայաստանի Հանրապետության առաջնությունների մասնակիցների սննդի համար նախատեսվող գումարների չափերը՝  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած գների թանկացումները: Սննդի համար նախատեսվող գումարի օրական չափը մեծահասակների մրցաշարի մասնակցի համար Նախագծով դառնում է 3000 դրամի փոխարեն 5000 դրամ, երիտասարդների մրցաշարի մասնակցի համար 2500 դրամի փոխարեն 4100 դրամ, պատանիների մրցաշարի մասնակցի համար 2000 դրամի փոխարեն 3300 դրամ, մեծահասակների, երիտասարդների և պատանիների մրցաշարի այլ մասնակցի համար 2500 դրամի փոխարեն 4100 դրամ: Աննդի օրական գումարի չափը հաշվարկելիս զուգահեռներ են տարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335 որոշման հետ (Հավելված N 1, 21-րդ կետ):

Նախագծով ավելացվում է Հայաստանի Հանրապետության առաջնությունների մասնակիցների գիշերավարձի օրական չափը՝ մեկ մասնակցի համար ծախսերը հաստատող փաստաթղթի դեպքում մինչև 5000 դրամի փոխարեն սահմանելով մինչև 8000 դրամ, առանց ծախսերը հաստատող փաստաթղթի 3000 դրամի փոխարեն սահմանելով 5000 դրամ:

Որոշմամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի օրական չափը ծախսերը հաստատող փաստաթղթի առկայությամբ մինչև 5000 դրամ է, առանց ծախսերը հաստատող փաստաթղթի՝ 3000 դրամ է: Որոշմամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների սննդի ընդունման օրական չափը մարզիկների համար 3000, 2500 և 2000 դրամ է՝ համապատասխանաբար մեծահասակների, եերիտասարդների և պատանիների տարիքային խմբերում, այլ մասնակիցների համար 2500 դրամ է: Սույն պարբերությամբ բերված դրույթները ենթարկվել են փոփոխության:

 Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի մասնակցության հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը, սննդի օրական ընդունումը, մասնակցության վճարը և այլն, պետք է հաշվարկել համաձայն տվյալ միջոցառման հրավերի` տվյալ բյուջետային տարում հատկացված ֆինանսական միջոցների շրջանակում: 

Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարի մասնակցի՝ մասնակցության հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը, սննդի օրական ընդունումը, մասնակցության վճարը և այլն, պետք է հաշվարկել համաձայն տվյալ միջոցառման հրավերի` տվյալ բյուջետային տարում հատկացված ֆինանսական միջոցների շրջանակում:

Նախագիծը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի մասնակցության հետ կապված ծախսերին առնչվող դրույթի, որը ուժի մեջ է մտնելու 2023 թվականի ապրիլի 1-ից, որպեսզի այդ դրույթը կիրառվի 2023 թվականի ապրիլի 14-23-ը Երևանում անցկացվելիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության ժամանակ:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8 կետ, մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը»:

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

Նախագծի  ընդունմամբ ավելանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» ծրագրով 2022 թվականին ֆեդերացիաներին տրամադրվել է 1 416 157 870 (մեկ միլիարդ չորս հարյուր տասնվեց միլիոն հարյուր հիսունյոթ հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ՝ ուսումնամարզական հավաքներ և Հայաստանի Հանրապետության առաջնություններ կազմակերպելու, միջազգային միջոցառումներին մասնակցելու համար: Նախագծի ընդունմամբ անհրաժեշտ կլինի  2024 թվականին «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» ծրագրով տրամադրել 1 790 159 280 (մեկ միլիարդ յոթ հարյուր իննսուն միլիոն հարյուր հիսունինը հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսը կազմում է 374 001 410 (երեք հարյուր յոթանասունչորս միլիոն մեկ հազար չորս հարյուր տասը) ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում Նախագծի ընդունմամբ եկամուտների ավելացում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    11.04.2023 - 01.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2375

Տպել