Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

« ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

-ՆԱԽԱԳԻԾ-

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի N -Ն

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 427-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ՝
  • Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ դիմում կարող են ներկայացնել և անմաքս առևտրի կազմակերպման նպատակով պետական կամ համայնքային գույքի վարձակալության մրցույթին կարող են մասնակցել սույն որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված իրավաբանական անձինք.
  • Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձինք սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում պետք է անցնեն սույն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված նախաորակավորումը
  • Սույն կետի 2-րդ ենթակետում նշված անձինք սահմանված ժամկետում նախաորակավորումը չանցնելու կամ նախավորակավորման գործընթացին չմասնակցելու դեպքում համարվում են նախավորակավորում չանցած և 6 ամսյա ժամկետի լրանալուց հետո 5 օրյա ժամկետում մաքսային մարմնի կողմից հանվում են անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից։
  1. Սույն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետում նշված մարմիններին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրյա ժամկետում հանձնաժողովի կազմը հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել իրենց լիազոր ներկայացուցիչների տվյալները։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ                                                              ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված                                                                                  ՀՀ կառավարության 2022 թվականի                                                                                                                  --------------------ի N ------ որոշման

 

ԿԱՐԳ

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութի տիրապետողի ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման գործընթացի անցկացման ընթացակարգերը, գնահատման չափանիշները և դիմումներին ներկայացվող պահանջները:
  2. Կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված իմաստներով:

 

  1. ՆԱԽԱՎՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Նախաորակավորման նպատակով իրավաբանական անձինք սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հանձնաժողովին են ներկայացնում անմաքս առևտրի խանութի ներդրումային ծրագիր (այսուհետ Ծրագիր)։
  2. Ծրագիրը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին․
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում գործող իրավաբանական անձ,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է ապրանքների շարժի օրենսդրությամբ սահմանված ձևով էլեկտրոնային հաշվառումը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը, ժամկետները և մնացորդը) և էլեկտրոնային համակարգին մաքսային մարմնի համար լրիվ հասանելիություն, այդ թվում նստեցման կտրոնների առցանց հաշվառումը և այդ տեղեկատվության փոխանակումը հարկային մարմնի հետ, գնում կատարած ֆիզիկական անձանց տվյալները անհատապես նույնականացնելու համար, և օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում մաքսային մարմնին կներկայացնի համապատասխան հաշվետվություններ և տեղեկատվություն,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է անմաքս առևտրի խանութում տեսանկարահանող սարքերի և այդ սարքերի ձայնագրման հնարավորության առկայությունը, այնպես, որպեսզի հնարավոր լինի դիտարկել անմաքս առևտրի խանութի ամբողջ տարածքը, ինչպես նաև այդ սարքերին ու ձայնագրություններին ամբողջական հասանելիությունը մաքսային մարմնի համար,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է անմաքս առևտրի խանութում սանիտարահիգիենիկ պայմանների և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է, որ անմաքս առևտրի խանութում իրացվող ապրանքների առնվազն 30%-ը լինեն տեղական արտադրության ապրանքներ։ Ընդ որում, տեղական արտադրության ապրանքները պետք է տեղադրվեն վաճառքի համար առավել տեսանելի վայրում,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն տալիս է համաձայնություն ապրանքների վաճառքի տաղավարների տեղադրման վայրերը մաքսային մարմնի կողմից որոշելու համար,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է օդանավակայանների անմաքս առևտրի խանութում ապրանքների իրացման կազմակերպումը բացառապես նստեցման կտրոնների հիման վրա,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն մեկնման համար նախատեսված անմաքս առևտրի խանութի գործունեությունը պետք է կազմակերպի այնպես, որպեսզի բացառվի ժամանող անձանց մուտքը մեկնման համար նախատեսված անմաքս առևտրի խանութ և ժամանող անձանց տվյալ անմաքս առևտրի խանութից ապրանքների օտարումը,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ժամանման համար նախատեսված անմաքս առևտրի խանութի գործունեությունը պետք է կազմակերպի այնպես, որպեսզի բացառվի մեկնող անձանց մուտքը ժամանման համար նախատեսված անմաքս առևտրի խանութ և մեկնող անձանց տվյալ անմաքս առևտրի խանութից ապրանքների օտարումը,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է, որ ժամանման համար նախատեսված անմաքս առևտի խանութը պետք է տեղակայված լինի նախքան մաքսային հսկողության անցկացման վայրը,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է, որ մեկնման համար նախատեսված անմաքս առևտրի խանութը պետք է տեղակայված լինի մաքսային հսկողության անցկացման վայրից հետո,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է, որ վաճառքի սրահները պետք է առանձնացված լինեն անմաքս առևտրի պահեստային սրահներից,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն պետք է ունենա անմաքս առևտրի խանութի սխեմատիկ պատկերը՝ յուրաքանչյուր ապրանքի վաճառքի համար նախատեսված վայրերի նշումով՝ համաձայնեցված մաքսային մարմնի հետ,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է, որ վաճառքի համար նախատեսված բոլոր ապրանքները պետք է պարունակեն հստակ նշում, որ վաճառքի գնի մեջ ներառված չեն մաքսատուրքերը և ԱԱՀ,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է, որ եթե որևէ տեսակի ապրանքի արտահանման համար պահանջվում է թույլատվական փաստաթուղթ, ապա այդ ապրանքները կարող են իրացվել միայն թույլատվական փաստաթղթի առկայությամբ․
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է, որ անմաքս առևտրի խանութում ապրանքները իրացնելուց առաջ անմաքս առևտրի խանութի տիրապետողը պետք է ստուգի անձի նստեցման կտրոնը (օդանավակայաններում) և անձնագիրը՝ հավաստիանալու, որ տվյալ անձը անմաքս խանութից առևտուր անելու իրավասություն ունի,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է, որ օդանավակայաններում տեղակայված անմաքս առևտրի խանութը ապրանքի վաճառքը իրականացնելուց պետք է տպի համապատասխան վաճառքի կտրոն, որի վրա պետք է արտացոլվի թռիչքի համարը և նստեցման կտրոնի վրա նշված նստեցման տեղը,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է, որ վաճառքի կտրոնը պետք է ունենա առանձին համար և տպվի երկու օրինակից, որոնց վրա պետք է արտացոլված լինի առնվազն հետևյալ տեղեկատվությունը․

ա․ անմաքս խանութի հասցեն, գործունեության իրականացման վայրի հասցեն և ռեեստրում ընդգրկման վկայականի համարը, որտեղից ձեռք է բերվում ապրանքը,

բ․ գնորդի Ժամանման կամ մեկնման ամսաթիվը,

գ․ օդային տրանսպորտով մեկնող անձանց մասով՝ ժամանման վայրի օդանավակայանը,

դ․ օդային տրանսպորտով ժամանող անձանց մասով՝ մեկնման վայրի օդանավակայանը,

ե․ օդային տրանսպորտով երթևեկող անձանց մասով՝ թռիչքի համարը և նստեցման համարը,

զ․ վաճառվող ապրանքների հստակ նկարագրությունը,

է․ վաճառվող ապրանքների քանակը,

ը․ վաճառվող ապրանքների արժեքը ՀՀ դրամով,

թ․ վաճառվող ապրանքի ծածկագիրը ըստ ԱՏԳ ԱԱ-ի՝ 11 նիշի մակարդակով,

  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն պետք է ներկայացնի անմաքս առևտրի խանութում իրացման ենթակա ապրանքների մաքսատուրքի վճարման ապահովում անմաքս առևտրի խանութում նախատեսվող իրացման ենթակա ապրանքների մաքսատուրքի չափով։ Ընդ որում, նշված վճարների կատարման ապահովման եղանակ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների տված երաշխիքը, ապահովագրական ընկերությունների կողմից երաշխիքի տրամադրման դասով իրականացված ապահովագրությունը կամ կանխիկի գրավադրումը։ Ընդ որում, նախավորակավորումը չանցնելու դեպքում նշված գումարը ետ է վերադարձվում։ Նախավորակավորումը անցնելու դեպքում վճարման ապահովումը շարունակում է պահպանվել մինչև անմաքս առևտրի խանութի գործունեության դադարեցումը և մաքսատուրքերի ու հարկերի ամբողջական վճարումը։ Մաքսային մարմինը կարող է գրավոր պահանջ ներկայացնել վճարի ապահովման չափի ավելացման մասին՝ հաշվի առնելով անմաքս խանութ ներմուծված ապրանքներն ու դրանց արժեքը,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է, որ եթե օտարերկրյա ապրանքը վաճառվել է մեկ անդամ պետությունից մեկ այլ անդամ պետություն մեկնող ֆիզիկական անձանց և մեկ անդամ պետությունից մեկ այլ անդամ պետություն մուտք գործող ֆիզիկական անձանց, ապա այդ ընթացակարգը ավարտվի «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով և առաջացած մաքսատուրք վճարվի անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից,
  • Ծրագիրը պետք է պարունակի Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 33-րդ գլխով և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրնքի 30-րդ գլխով սահմանված՝ «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանների պահպանման հավաստման վերաբերյալ տեղեկատվություն,
  • Ծրագիրը պետք է պարունակի դրույթներ առ այն, որ դիմումատուն ապահովում է անմաքս առևտրի խանութի տիրապետողի տարեկան արտաքին աուդիտի իրականացումը մաքսային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված աուդիտորական ընկերությունների ցանկում ներառված որևէ ընկերության կողմից և աուդիտի եզրակացության ներկայացումը մաքսային մարմնին։ Ծրագիրը պետք է ներառի դրույթ, որ դիմումատուն տալիս է իր անվերապահ համաձայնությունը աուդիտի եզրակացությունը մաքսային մարմնի կողմից հրապարակելու համար։

 

  1. ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Անմաքս առևտրի խանութի տիրապետողի ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորմանը մասնակցելու հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում։
  2. Նախավորակավորման մասնակցության համար փաստաթղթերի ընդունումն իրականացվում է հայտարարության մեջ նշված եղանակով։
  3. Նախաորակավորման հայտարարությունը հրապարակվում է նախավորակավորման դիմումների ընդունման վերջնաժամկետից առնվազն 2 ամիս առաջ։
  4. Նախաորակավորման հայտարարությամբ հրապարակվում են՝
  • նախաորակավորմանը նպատակով ներկայացված ներդրումային ծրագրին ներկայացվող պահանջները,
  • նախաորակավորման մասնակցության դիմումի ձևանմուշը՝ համաձայն N 1 Ձևի,
  • դիմումի ներկայացման վերջնաժամկետը,
  • դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը,
  • այլ անհրաժեշտ տեղեկատվություն։
  1. Դիմումին պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը`
  • անմաքս առևտրի խանութի դիզայնի կոնցեպտը,
  • տվյալ ոլորտում գործունեության փորձի՝ այդ թվում այլ երկրներում գործելու հանգամանքի (հանդիսանում է արդյոք միջազգային ցանց, թե՝ ոչ) վերաբերյալ փաստաթղթեր,
  • խանութում ներկայացվելիք բրենդների և ապրանքատեսականու վերաբերյալ տեղեկատվությունը հավաստող փաստաթղթեր (կնքված պայմանագիր, Մտադրությունների մասին նամակ),
  • խանութում ներկայացվելիք տեղական արտադրության ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկատվություն (կնքված պայմանագիր, Մտադրությունների մասին նամակ),
  • անմաքս առևտրի խանութի գործունեությամբ զբաղվելու ներդրումային ծրագիրը, որը պետք է ներառի տեղեկատվություն ներդրումային ծրագրի իրականացման ժամկետի, նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների մասին (շինարարություն, հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ և այլն),
  • սույն կարգով նախատեսված նախավորակավորման համար ներկայացվող պահանջներին բավարարումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
  • անմաքս առևտրի խանութի ներդրումային ծրագիրը։
  1. Նախաորակավորումն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից։
  2. Հանձնաժողովը կազմված է 6 անդամից` այդ թվում նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը, կամ պետական եկամուտների կոմիտեի նախագահի որոշմամբ նրա մաքսային ոլորտը համակարգող տեղակալը, իսկ քարտուղար` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչը:
  3. Հանձնաժողովը ձևավորվում է հետևյալ կազմով` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից երկու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, գործարարության աջակցման գրասենյակից և Ներդրումների աջակցման կենտրոնից մեկական անձ: Հանձնաժողովի կազմը, վերը նշված մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա, հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
  4. Հանձնաժողովի նախագահը, նախաորակավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի անդամներին է ներկայացնում ստացված դիմումները:
  5. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե վերջիններիս մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովը նոր նիստի օրվա և ժամի մասին տեղեկացնում է բոլոր դիմումատուներին:
  6. Հանձնաժողովի նիստերը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ։
  7. Հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդաններին դիմումների ներկայացման վերջնաժամկետի օրվան հաջորդող օրվանից հաշվարկված 5 աշխատանքային օրվանից ոչ շուտ և 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ հրավիրում է հանձնաժողովի նիստ։
  8. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած մյուս անդամների կողմից:
  9. Դիմումատուները նախաորակավորում ստանալու կամ նախաորակավորումը մերժելու մասին գործընթացի արդյունքների ամփոփումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով: Ընդ որում, նշված տեղեկատվությունը հրապարակվում է նաև պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում։
  10. Նախավորակավորումն իրականացվում է երեք տարի ժամկետով, որից հետո անձը համարվում է նախավորակավորում չանցած:
  11. Անձը զրկվում է նախավորակավորումից, եթե մաքսային մարմնի կողմից հայտնաբերվում է նախավորակված անձի կողմից նախավորակավորման պահանջներից որևէ մեկի խախտման դեպք և մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետում տվյալ խախտումը չի վերացվում։
  12. Անձը համարվում է նախաորակավորված դիմումի գնահատման արդյունքում` սույն Կարգի 4-րդ գլխում նշված գնահատման չափանիշների հիման վրա:

 

  1. ԴԻՄՈՒՄԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Դիմումը գնահատվում է հանձնաժողովի կողմից սույն կարգի 23-րդ կետում նշված չափանիշներին N 2 ձևով նախատեսված մինչև առավելագույն միավորներ տրամադրելու միջոցով։
  2. Դիմումի գնահատման չափանիշներն են`
  • խանութի դիզայնի կոնցեպտը,
  • տվյալ ոլորտում գործունեության փորձի՝ այդ թվում այլ երկրներում գործելու հանգամանքը (հանդիսանում է արդյոք միջազգային ցանց, թե՝ ոչ),
  • խանութում ներկայացվելիք բրենդները և ապրանքատեսականին (հիմնավորված համապատասխան պայմանագրերով),
  • խանութում ներկայացվելիք տեղական արտադրության ապրանքատեսակները,
  • ներդրումային ծրագրի իրատեսականություն և հեռանկարայնություն,
  • ներդրումային ծրագրի ռիսկայնության աստիճան,
  • նորարարություն և մրցակցային առավելություն,
  • կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառում (կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի առկայություն),
  • նախաորակավորման պահանջներին համապատասխանությունը։
  1. Դիմումի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի հանձնաժողովի անդամների կողմից գնահատականների միջին թվաբանական արդյունքը:
  2. Ամփոփման արդյունքում 45 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:
  3. Դրական եզրակացություն ստացած անձը համարվում է նախավորակավորում անցած։

 

 

 

 

 

 

N 1 Ձև

 ՀՀ կառավարության 2022 թվականի                                                                                                        --------------------ի N ------ որոշման հավելվածի

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ----------------------------- ԻՆ

------------------------------------------------------

ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻ

-----------------------------------------------------

ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի պարոն --------------------------------

Խնդրում եմ Անմաքս առևտրի խանութների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորում իրականացնող Հանձնաժողովի կողմից քննության առնել կից ներկայացված ներդրումային ծրագիրն ու փաստաթղթերը և  ------------------------------  -ին հատկացնել  Անմաքս առևտրի խանութների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորված սուբյեկտի կարգավիճակ:

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

 

Դիմող`  /                                                    /          պաշտոն, անուն ազգանուն

 

Ամիս ամսաթիվ, տարեթիվ

 

 

 

N 2 Ձև

 ՀՀ կառավարության 2022 թվականի                                                                                                        --------------------ի N ------ որոշման հավելվածի

 

 

Նախաորակավորման մասնակցի դիմումի գնահատման թերթիկ

 

Հ/Հ

գնահատման չափանիշը

Կշիռը %

Գնահատված միավորը 1-100

Վերջնական գնահատականը

1

խանութի դիզայնի կոնցեպտը

10

 

 

2

տվյալ ոլորտում գործունեության փորձի՝ այդ թվում այլ երկրներում գործելու հանգամանքը (հանդիսանում է արդյոք միջազգային ցանց, թե՝ ոչ),

5

 

 

3

խանութում ներկայացվելիք բրենդները և ապրանքատեսականին (հիմնավորված համապատասխան պայմանագրերով)

10

 

 

4

խանութում ներկայացվելիք տեղական արտադրության ապրանքատեսակները

20

 

 

5

ներդրումային ծրագրի իրատեսականություն և հեռանկարայնություն

10

 

 

6

ներդրումային ծրագրի ռիսկայնության աստիճան

5

 

 

7

նորարարություն և մրցակցային առավելություն

5

 

 

8

կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառում (կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի առկայություն)

10

 

 

9

նախաորակավորման պահանջներին համապատասխանությունը

25

 

 

 

Ընդամենը

100 %

 

 

 

  • Քննարկվել է

    06.04.2023 - 21.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2099

Տպել