Հիշել նախագիծը

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում կատարվող լրացումը բխում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից։

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները...», սակայն համաձայն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ « Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:», իսկ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադիրը հանդիսանում է համայնքը։ Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն  որոշմամբ հստակ սահմանվում են այն սուբյեկտների ցանկը, որոնց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են պետական սեփականություն հանդիսացող տարածքները։ Տվյալ որոշմամբ չի կանոնակարգվում պետական ոչ առևտրային կազմակերպություններին գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը, որը կանոնակարգվում է օրենքով։

Նշված իրավակարգավորումներից բխում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ՀՀ կառավարության կողմից գույք ամրացնելու հիմք է հանդիսանում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածը, սակայն գործընթացը հստակ կանոնակարգելու և իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքը լրացնել նոր 5.1-րդ հոդվածով։ Օրենքում նման կարգավորում նախատեսելու պարագայում անհրաժեշտություն է առաջանում նախատեսել նաև կարգավորումներ՝ ՀՀ կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը հետ վերցնելու իրավունք ամրագրելու, ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու սահմանափակումների, hամայնքային ոչ առևտրային կազմակերպության օգտագործման իրավունքի ծագման վերաբերյալ։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով, որ օրենքով չի կանոնակարգվում համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը, օրենքի նախագծով առաջարկվում է լրացնել 5.1. հոդվածով, համաձայն որի՝

- ՀՀ կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք։

- ՀՀ կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը:

- Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման կամ վարձակալության:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում hամայնքային ոչ առևտրային կազմակերպության ստացած եկամուտները hամայնքային ոչ առևտրային կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:

Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները ՀՀ սեփականությունն են:

- ՀՀ կառավարության կողմից գույքը hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

- ՀՀ կառավարության կողմից hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից։

Այս նպատակով, ինչպես նաև ՀՀ ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 09.01.2023թ. նիստի N ԿԱ/8-2023 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

  1. 2. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում՝ կկանոնակարգվի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

  • Քննարկվել է

    23.03.2023 - 12.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1617

Տպել