Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ խոշոր չափերի գույքային վնասի չափի նախատեսման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասով սամանված է, որ կանխամտածված սնանկությունը՝ ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի, իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների), իրավաբանական անձի անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալու կամ նրան պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու կամ որոշումը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից սեփականությամբ տվյալ ֆիզիկական անձին, անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին պատկանող գույքը ոչնչացնելու, ակնհայտ կեղծ կամ շինծու գործարքներ կնքելու կամ այլ եղանակով անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձի շահերից ելնելով, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ ենթակետով սահմանված է, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` նույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի:

Սնանկության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետով սահմանված է, որ Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։

Հանցագործությամբ պատճառված գույքային վնասի խոշոր չափի սահմանման նպատակով ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ուզբեկստանի, Բելառուսի, Շվեդիայի և Իտալիայի օրենսդրությունը, մասնավորապես`

Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի[1] (13.06.1996 N 63-ФЗ) 196-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ կանխամտածված սնանկությունը գործողությունների (անգործության) կատարումն է, որը ենթադրում է իրավաբանական անձի կամ քաղաքացու, այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ անկարողությունը՝ ամբողջությամբ բավարարելու պարտատերերի պահանջները դրամական պարտավորությունների գծով և (կամ) կատարելու այդ պարտավորությունը, պարտադիր վճարումները, եթե այդ գործողությունները (անգործությունը) խոշոր վնաս են պատճառել:

 (Խոշոր գումարը, խոշոր վնասը, եկամուտը կամ մեծ չափով պարտքը ճանաչվում է որպես ծախս, վնաս, եկամուտ կամ պարտք, որը գերազանցում է երկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար ռուբլին (12.195.000 դրամ), և հատկապես խոշոր վնասը ՝ ինը միլիոն ռուբլի (48.780.000 դրամ)):

Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի[2] 238-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ կանխամտածված սնանկությունը հիմնադրի (մասնակցի), պաշտոնատար անձի, առևտրային կամ այլ կազմակերպությունում կառավարչական գործառույթներ իրականացնող անձի, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ գործողություններն են, որոնք կատարվել են ի շահ անձնական շահերի կամ այլ անձանց շահերի մինչև իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելը պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու համար երեք տարի ժամկետով գույք օտարելով կամ թաքցնելով, որը պատճառել է խոշոր վնաս:

 (Խոշոր վնասը՝ քաղաքացուն պատճառված վնաս՝ ամսական հաշվարկային ցուցանիշի երկու հազարապատիկի չափով, կամ կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասը՝ ամսական հաշվարկային ցուցանիշի տասհազարապատիկի չափով-5-29 մլն դրամ):

Բելառուսի քրեական օրենսգրքի[3] 240-րդ հոդվածով սահմանված է, որ կանխամտածված տնտեսական անվճարունակությունը (սնանկությունը) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի սնանկության դիտավորությամբ ստեղծումը կամ ավելացումը, որը կատարվել է անհատ ձեռնարկատիրոջ կամ պաշտոնատար անձի, հիմնադրի (մասնակցի) կամ սեփականատիրոջ կողմից իրավաբանական անձի գույքի անձնական շահերից կամ այլ անձանց շահերից ելնելով և հանգեցրել է խոշոր չափերի վնասի:

 (Խոշոր չափի վնաս է համարվում հանցագործության կատարման օրը սահմանված բազային գումարի տասհազարապատիկը և ավելին գերազանցող վնասը-1.700.000 դրամ և ավելի չափով):

Ուզբեկստանի քրեական օրենսգրքի[4] 181/1-րդ հոդվածով սահմանված է, որ կանխամտածված սնանկությունը՝ անհատ ձեռնարկատիրոջ կամ պաշտոնատար անձի, իրավաբանական անձի հիմնադիր (մասնակից) կամ սեփականատիրոջ կողմից իրավաբանական անձի գույքի կանխամտածված ստեղծումն կամ ավելացումն է՝ ելնելով այլ անձանց անձնական շահերից կամ այնպիսի շահերից, ինչը հանգեցնում է կայուն տնտեսական անվճարունակության (սնանկություն) անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի պարտատերերին խոշոր վնաս պատճառելով:

(խոշոր վնաս՝ հաշվարկված բազային միավորի երեք հարյուրից հինգ հարյուրապատիկի չափով -2.5-4 մլն դրամի չափով):

Շվեդիայի քրեական օրենսգրքի[5] (Ընդունված՝ 1962թ., ուժի մեջ է մտել 1965թ. հունվարի 1-ից, Մաս 2. Գլուխ 11) 1-ին հոդվածով սահմանված է, որ այն անձը, ով սնանկ լինելով կամ սնանկանալու առերևույթ վտանգի տակ լինելով, ոչնչացնում կամ զիջում կամ այլ կերպ տնօրինում է զգալի արժեք ունեցող գույքը, պարտատերերին խաբեության համար կպատժվի ազատազրկմամբ՝ ոչ ավելի, քան երկու տարի ժամկետով: Նույնը վերաբերում է ցանկացած անձի, ով նման արարքով կամ գործողություններով իրեն կհանգեցնի սնանկության կամ կստեղծի իր սնանկության ակնհայտ վտանգ։

Իտալիայի քրեական օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվություն սնանկության ոլորտում դիտավորյալ և անբարեխիղճ գործողությունների համար։ Իտալիայի Սնանկության մասին օրենքի (Legge fallimentari) 222-րդ հոդվածի համաձայն՝ սնանկ ճանաչված ընկերությունների տնօրենները, գլխավոր տնօրենները, կանոնադրական աուդիտորները և լուծարողները պատժվում են նույն օրենքի 216-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե նրանց գործողությունները հանգեցրել են ընկերության՝ կանխամտածված (դիտավորությամբ) կամ չարամտությամբ սնանկացմանը:

Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում արտասահմանյան երկրների քրեական օրենսգրքերում առկա համանման հանցակազմի արդյունքում որպես խոշոր չափերի գույքային վնասի համեմատաբար առավել բարձր շեմ սահմանելու մոտեցումները՝ Նախագծով նախատեսվում է ամրագրել ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցագործության արդյունքում առաջացած խոշոր չափերի գույքային վնասի չափը (5 միլիոն ՀՀ դրամ գերազանցող չափը):

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

            Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից: 

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում  կկանոնակարգվեն ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ խոշոր չափերի գույքային վնասի չափի ամրագրման հետ կապված հարաբերությունները:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

[1] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/22ea0d836322679774899278631ddea59433ec39/

[2] https://adilet.zan.kz/rus/docs/K1400000226

[3] https://kodeksy-by.com/ugolovnyj_kodeks_rb/240.htm

[4] https://lex.uz/docs/111457

[5] http://www.sweden4rus.nu/rus/info/juridisk/ugolovnyj_kodeks_shvecii

  • Քննարկվել է

    22.03.2023 - 06.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1726

Տպել