Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Եթե մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարման մեջ մեղադրվում են միաժամանակ անչափահաս և չափահաս անձինք կամ միաժամանակ կասկածվում է չափահաս և մեղադրվում՝ անչափահաս անձ, ապա անչափահաս մեղադրյալի կամ ամբաստանյալի նկատմամբ քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ քրեական գործը կարող է անջատվել, եթե դա բխում է անչափահասի լավագույն շահից և չի խոչընդոտում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «և հարուցել քրեական գործ» բառերից հետո լրացնել «կամ կայացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին նոր որոշում, եթե քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 184-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 184. Քրեական գործի նյութերով նոր քրեական գործի հարուցումը

 

  1. Հետաքննության մարմինը և քննիչն իրենց վարույթում գտնվող, իսկ դատախազը՝ իր հսկողության ներքո գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր քրեական գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, եթե սկզբնական քրեական գործով վարույթի ընթացքում բացահայտվում է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարվել է այլ անձի կողմից առանց սկզբնական քրեական գործով մեղադրյալի կամ կասկածյալի մասնակցության, ինչպես նաև այն դեպքում, երբ սկզբնական քրեական գործով հանցանք կատարած անձի ինքնությունը պարզված չէ:

 

  1. Եթե դատարանն իր վարույթում գտնվող քրեական գործի նյութերով հայտնաբերում է հանցագործության մասին այնպիսի տվյալներ, հանցագործության այնպիսի նյութական հետքեր և հետևանքներ, որոնք կարող են վկայել տվյալ քրեական գործով ամբաստանյալին վերագրվող հանցագործությունից բացի՝ առաջինի հետ չկապված այլ հանցագործության մասին, որը կատարվել է այլ անձի կողմից առանց ամբաստանյալի մասնակցության, ապա դատարանը քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմում է դատախազին: Այս դեպքում դատարանն իր միջնորդության հետ միասին դատախազին է ուղարկում քրեական գործի նյութերի՝ դատարանի կնիքով վավերացված այն պատճենները, որոնք դատարանի կարծիքով պարունակում են հանցագործության մասին տվյալներ, հանցագործության նյութական հետքեր և հետևանքներ: Դատարանի միջնորդության հիման վրա քրեական գործ հարուցվելու դեպքում դատարանի միջնորդությանը կից ներկայացված նյութերի պատճենները հարուցված նոր քրեական գործով կարող են օգտագործվել որպես ապացույց:

 

 

  1. Հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը 2 (երկու) օրինակից կազմում են նաև սկզբնական քրեական գործի այն նյութերի ցանկը, որոնք պատճեններով կամ բնօրինակներով պետք է կցվեն նոր քրեական գործին: Այդ ցանկի մեկ օրինակը պահվում է սկզբնական քրեական գործում, իսկ մյուս օրինակը՝ անջատվող քրեական գործում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով առանձնացված վարույթում սկզբնական քրեական գործի նյութերը կարող են օգտագործվել որպես ապացույց:

 

  1. 5. Նոր քրեական գործ հարուցած հետաքննության մարմինը կամ քննիչը սկզբնական քրեական գործի նյութերի պատճենները հարուցված նոր քրեական գործում ընդգրկում են իրենց ստորագրությամբ, իսկ առկայության դեպքում՝ նաև կնիքով դրանք հաստատելուց հետո: Եթե նոր քրեական գործը հարուցվել է դատախազի կողմից, ապա սկզբնական քրեական գործի նյութերի պատճենները՝ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված կարգով կազմված ցանկին համապատասխան հարուցված նոր քրեական գործում ընդգրկվում են միայն այն քննիչի ստորագրությամբ, իսկ առկայության դեպքում՝ նաև կնիքով հաստատվելուց հետո, ում հանձնարարվել է հարուցված նոր քրեական գործի նախաքննությունը:

 

  1. 6. Սկզբնական քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը՝ հետաքննության մարմինը կամ քննիչը, քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին հայտնում է կասկածյալին կամ մեղադրյալին, նրանց օրինական ներկայացուցիչներին և պաշտպաններին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց օրինական ներկայացուցիչներին, ինչպես նաև՝ վերջիններիս ներկայացուցիչներին:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 185-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.-րդ մաս.

«2.1. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը ստանալուց հետո հսկող դատախազը 7 օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) վերացնում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, հարուցում է քրեական գործ և հետաքննություն կամ նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է հետաքնության մարմնի աշխատակցին կամ քննիչին.

2)  վերացնում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և կայացնում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին նոր որոշում, եթե քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը թերի կամ սխալ է պատճառաբանված.

3) հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը:

Դատախազի որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:».

2)  4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դատախազի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ինչպես նաև սույն հոդվածի 2.1 մասի 2-3-րդ կետերով նախատեսված որոշումները կարող են բողոքարկվել վերադաս դատախազին՝ որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Վերադաս դատախազը, բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում կայացնում է սույն հոդվածի 2.1 մասով նախատեսված որոշումներից մեկը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    14.11.2017 - 30.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11144

Տպել

Առաջարկներ`

ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ

24.11.2017

Առաջարկում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածում կատարել լրացում՝ հետևյալ ձևակերպմամբ՝ Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված արարքի ապացուցման բեռը կարող է բաշխվել դատարանի որոշմամբ՝ հաշվի առնելով խտրականության դեպքում մեղադրանքի կողմի վրա դրված «պրիմա ֆասի» (prima facie) ապացուցման բեռը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում ավելացվել է թիվ 197 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում խտրական վերաբերմունքի համար, անհրաժեշտ ենք համարում՝ դրա քննության առանձնահատկությամբ պայմանավորված, քրեական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման բացառիկ դեպքի նախատեսում։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ խտրականությունից տուժողը կրում է միայն prima facie ապացուցման բեռ, իսկ խտրական վերաբերմունք դրսևորած անձը կրում է իր անմեղությունն ապացուցելու բեռը։

Տեսնել ավելին