Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ և 1541-րդ հոդվածներով վարչական պատասխանատվություն է սահմանված շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։

Չնայած այս հանգամանքին, վերոնշյալ խումբ իրավախախտումները Հայաստանի Հանրապետությունում դեռևս խիստ մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց և վարչական տույժի ենթարկվելուց հետո համապատասխան սուբյեկտները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո։ Նշված իրավիճակը, ի թիվս այլնի, հետևանք է նաև այն բանի, որ քննարկվող իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերն անհամարժեք են դրանց հանրային վտանգավորությանը։ Արդյունքում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ համապատասխան սուբյեկտի կողմից այս խումբ իրավախախտումները կատարելու հետևանքով վերջինիս նկատմամբ նշանակվող տույժերը հաճախ էականորեն ավելի պակաս են այդ իրավախախտումների կատարման կամ շարունակման պայմաններում վերջիններիս կողմից ստացվող եկամուտներից, ինչպիսի պայմաններում քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար հաճախ վարչական իրավախախտում կատարելը, դրա համար նշանակված վարչական տույժը վճարելը, նույնիսկ՝ խախտման համար երկրորդ անգամ տույժի ենթարկվելը ավելի «շահավետ» են լինում, քան իրավախախտում կատարելուց խուսափելը և քաղաքաշինական համապատասխան նորմերի պահպանումը։

Վերոգրյալի համատեքստում ակնհայտ է, որ առկա է Օրենսգրքի 154-րդ և 1541-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների հիման վրա նշանակվող տույժերի չափի վերանայման անհրաժեշտություն։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22 N 51 նիստի արձանագրության 7-րդ կետից։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։

 

3 Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է բարելավել և խթանել Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, էականորեն նվազեցնել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքերը։

Նախագծի նպատակը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ և 1541-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների, դրանց վտանգավորության և հետևանքների, մյուս կողմի՝ այդ իրավախախտումների դեպքում նշանակվող վարչական տույժերի միջև անհրաժեշտ և ողջամիտ հավասարակշռության ապահովումն է՝ նպատակ հետապնդելով առավելագույնս բացառել այս խումբ վարչական իրավախախտումների համար սահմանված ոչ համարժեք, ցածր վարչական տույժերի հետևանքով վարչական իրավախախտման համար տույժի ենթարկվելը համապատասխան սուբյեկտի կողմից քաղաքաշինական կիրառելի նորմերի պահպանումից ավելի շահավետ լինելու իրավիճակը։

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

5 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ       

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    15.03.2023 - 30.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1964

Տպել