Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման  և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի, 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն և ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-529-Ն օրենքների ընդունմամբ։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման  1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը՝ ըստ հաշմանդամության խմբերի (առաջին խմբի հաշմանդամի համար, երկրորդ խմբի հաշմանդամի համար, երրորդ խմբի հաշմանդամի համար): 

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համաձայն՝ եթե անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անձը (երեխան) ճանաչվում է հաշմանդամություն ունեցող, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:  Ընդ որում, ֆունկցիոնալության սահմանափակման միջին կամ ծանր կամ խորը աստիճան սահմանելու դեպքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող:

Բացի այդ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն օրենքի դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաև բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա: Այսինքն, 2023 թվականին վերափորձաքննություններն անցկացվելու են նախկին օրենսդրության համաձայն և սահմանվելու են հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խմբեր։

Ըստ այդմ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համաձայն՝ 2023 փետրվարի 1-ից առաջին խմբի հաշմանդամություն ունենալը նույնականացվում է ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունենալուն, երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալը՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակմանը,  իսկ երրորդ խմբի հաշմանդամություն ունենալը՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի հետ։ Ֆունցիոնալության սահմանափակման խմբեր են սահմանվում նաև երեխաների համար (նախկին «Հաշմանդաամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակի փոխարեն)։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածները, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ:

 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով Կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների ձևակերպումները համապատասխսնեցվում են  «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Ն օրենքին։ Մասնավորապես,  նախագծով առաջարկվում է՝

  • «առաջին խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով․
  • «երկրորդ խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով․
  • «երրորդ խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով։   Նախագծով նախատեսված է, որպես անցումային դրույթ, սահմանել, որ օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի, ինչպես նաև հաշմադամության նպաստ ստացողների՝ հաշմանդամության նպաստի չափերը 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի համար սահմանել համապատասխանաբար  ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի  համար սահմանված կենսաթոշակների/նպաստների չափերին հավասար։

Ընդ որում, քանի որ Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ հաշմանդամության նպաստի չափ սահմանված է միայն հաշմանդաամ երեխա ճանաչված անձի համար, ֆունցիոնալության սահմանափակման խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակումով երեխաների համար սահմանվել է միասնական չափ։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման  և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից։

 

  1. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման  և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ծախսերի և եկամուտների ավելացում նախատեսված չեն:

  • Քննարկվել է

    14.03.2023 - 30.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2041

Տպել