Հիշել նախագիծը

««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավականակտիընդունման անհրաժեշտությունը.

««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում այսուհետ՝ Օրենք փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Պետական վերահսկողական ծառայության այսուհետ նաև՝ Ծառայություն) գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերացմամբ, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/127-2022 արձանագրության 3-րդ կետի 10-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
  2. Ծառայության շուրջ 5 տարվա գործունեության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝

1) Օրենքով հստակ բնորոշված չեն վերահսկողական գործառույթները, դրանց իրականացման շրջանակը.

2) Օրենքով կարգավորված չեն ուսումնասիրության հանձնարարագրում փոփոխություններ կատարելու կարգավորումները.

3) Օրենքով կարգավորված չեն նաև ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում դրա կասեցման կամ դադարեցման հետ կապված հարաբերությունները.

4) Օրենքում Ծառայության ղեկավարի կողմից ընդունվող մի շարք հրամանների ընդունման իրավական հիմքերը որոշակի չեն.

5) ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ֆինանսաբյուջետային հսկողության իրականացումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը վերապահելու գործընթացի ապահովմանն ուղղված՝ օրենսդրական կարգավորումների նախատեսում.

6) Ծառայության կողմից իրեն վերապահված լիազորությունների ամբողջական և առավել արդյունավետ իրականացման նպատակով երբեմն անհրաժեշտություն է առաջանում տիրապետել  բժշկական գաղտնիք համարվող տվյալների, մինչդեռ օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ առանց տվյալների սուբյեկտի համաձայնության դրանց տրամադրման հնարավորությունը.

7) Օրենքով կարգավորված չեն նաև մի շարք այլ, այդ թվում՝ օրենսդրական տեխնիկային վերաբերելի հարցեր:

  1. Նախագծով հստակեցվել են Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները:
  2. Նախագծով նախատեսվել է ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում այն կասեցնելու/դադարեցնելու իրավական հնարավորությունը:
  3. Հաշվի առնելով, որ Ծառայության առջև դրված խնդիրների լիարժեք լուծման նպատակով երբեմն անհրաժեշտություն է առաջանում վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցներին պահանջելու ներկայանալ Ծառայություն` պարզաբանումներ ներկայացնելու, աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով՝ Նախագծով նաև նախատեսվել է, որ Ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս կարող է ներկայացնել նման պահանջ:
  4. Նախագծով վերացվել են Օրենքի՝ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի հետ ունեցած անհամապատասխանությունները, լուծվել են մի շարք, այդ թվում՝ տեխնիկական բնույթի հարցեր:
  5. Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական լիազորությունների շարքում ավելացվել է նոր՝ ֆինանսաբյուջետային դիտարկում, այդ թվում՝ հանդիպակաց ֆինանսաբյուջետային դիտարկում գործիքները, որոնց շրջանակներում անհրաժեշտություն է փոփոխություններ կատարել նաև «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներում:

Լիազորությունների շարքը լրացվել է նաև նոր լիազորությամբ, այն է՝ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում:

  1. Օրենքի նոր խմբագրությամբ շարադրելու պայմաններում՝ անհրաժեշտություն է առաջացել ՝

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսել վարչական պատասխանատվություն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար.

- Քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում՝ նախատեսելով, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատողը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողության առնչությամբ, բացառությամբ վերահսկողության ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի, որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել:

- լրացում կատարել նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում` հստակեցնելով վարչապետի վերահսկողական լիազորությունների հասկացությունը և ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտից հանելով ֆինանսաբյուջետային վերահսկողության ոլորտը:

- փոփոխություններ կատարել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներում:

- Փոփոխություն կատարել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում՝ նախատեսելով, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության կարող են տրամադրվել նաև Ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում:

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծերը մշակվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ:

  1. Ակնկալվող արդյունքը.

Սույն Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել Ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ Ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապաhված վերահսկողական լիազորությունների իրականացման միջոցով պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկումը, հնարավոր չարաշահումների բացահայտումը, կանխումը դարձնել առավել արդյունավետ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  N 1902-Լ որոշումից:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    09.03.2023 - 24.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Ֆինանսական, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Պետական վերահսկողական ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2289

Տպել