Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի մշակումը բխում է վերաքննիչ դատարանում հակակոռուպցիոն գործերի առավել մասնագիտացված և արդյունավետ քննությունն արագ ապահովելու անհրաժեշտությունից:

 2.Առկա իրավիճակը

2.1  2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքը, որով նախատեվում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերը ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը, դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ն իրականացնելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, և առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննություն: Այսինքն՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերով վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջև:

Սակայն ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչև վերոնշյալ նորմի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննությունն իրականացվում է մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից, իսկ այդ գործերով կայացված ակտերի վճռաբեկության կարգով վերանայումն իրականացվում է Վճռաբեկ դատարանի առանձին մասնագիտացված՝ հակակոռուպցիոն պալատի կողմից, սակայն այդ նույն ակտերի վերաքննությունը իրականացնում են վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանները:

          Հետևաբար, առկա իրավիճակը և ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում (սույն թվականի ապրիլի 1-ը): Նշվածը հնարավորություն կստեղծի կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնել ոչ թե վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների, այլ հենց նեղ մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից, միաժամանակ ապահովելով՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտերը վերանայելու հարցում գործերի քննության տևողության ողջամտությունը և արդյունավետությունը:

         3. Նախագծի նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում (սույն թվականի ապրիլի 1-ը):

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում սույն թվականի ապրիլի 1-ից վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:    

 5.Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

          Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխութուններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի ավելացման (Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում հավելյալ հաստիքների ավելացմամբ պայմանավորված պետական բյուջեում լրացուցիչ ծախսերը կկազմեն ընդամենը 68,997,800 ՀՀ դրամ)։

 6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է նաև Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որում որպես նպատակ նախատեսված է դատական համակարգի բարեփոխումների շարունակական ապահովումը, որպես ռազմավարական ուղղություն՝ հայեցակարգի հիման վրա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և, ըստ անհրաժեշտության, հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի նախագծերի մշակումը՝ նոր մասնագիտացված դատարանների կամ դատավորների ենթամասնագիտացումների նախատեսման համար իրավական հիմքեր ստեղծելու նպատակով:

  • Քննարկվել է

    07.03.2023 - 23.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2786

Տպել