Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 453-Ն որոշման 3-րդ կետով,  ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Քվոտայի պահանջը սահմանված է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով: Վկայակոչված հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջի կիրառումն ուժի մեջ էր մտել 2016թ. հունվարի 1-ից: Այսպիսով, Հայաստանում իրականացվեց քվոտայի համակարգի ներդրման առաջին քայլը, որը գործարկման հաջորդ փուլում ենթադրում է իրավակիրառական պրակտիկայից բխող, շարունակական և հետևողական բարելավման օբյեկտիվ գործընթաց՝ քվոտայի պահանջի կատարումը լիարժեք ու նպատակային ապահովելու համար:

Մասնավորապես, քվոտավորման ենթակա կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջի կատարման գործընթացների ուսումնասիրությունները վկայում են, որ այս փուլում դեռևս առկա են որոշ օբյեկտիվ խոչընդոտներ՝ առանձին ոլորտներում այդ պահանջի լիարժեք կատարման առումով: Նշված խոչընդոտները վեր հանելու և համապատասխան լուծումներ առաջադրելու նպատակով, ՀՀ վարչապետի 31.01.2017թ. N 02/14.10/1825-17 հանձնարարականի հիման վրա պետական կառավարման թվով 28 մարմինների կողմից իրականացվել են ոլորտային առանձնահատկությունների, ինչպես նաև որոշ պետական կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջը չկատարելու պատճառների ուսումնասիրություն: Պետական կառավարման թվով 12 մարմիններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացրել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ որոշ առաջարկություններ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև պետական կառավարման նշված մյուս մարմինների ուսումնասիրություններով վեր հանված խնդիրներից են հետևյալները, որոնք հիմք են հանդիսացել քվոտայի պահանջի կասեցման համար՝

·         ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունը գործող կարգավորումների շրջանակներում հնարավորություն չէր տալիս լիարժեք հաշվարկել քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի թվաքանակը: Մասնավորապես՝ գործող կարգավորմամբ քվոտայի պահանջը կատարված էր համարվում, եթե մեկ հարկային տարում սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղ զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից: Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն, հնարավոր է միայն հաշվարկել կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող աշխատողների թվաքանակը, բայց ոչ քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի թվաքանակը, որի համար մշակվել էին մեթոդական ցուցումներ.

·                  պետական կառավարման որոշ մարմիններում աշխատողների (ծառայողների) թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն և այլն), որը անհնար է դարձնում այդ մարմինների համակարգերում գործող կազմակերպությունների համար քվոտավորման ենթակա աշխատատեղերի թվի հաշվարկը,

·                  քաղաքացիական, դիվանագիտական, զինվորական, քրեակատարողական, փրկարար ծառայությունների և համայնքային ծառայության պաշտոնները հաշմանդամություն ունեցող անձանցով համալրման օրենսդրական սահմանափակումները և գործնականում առկա օբյեկտիվ մի շարք այլ խոչընդոտները,

·                  քվոտայի պահանջի առաջացման կամ այդ պահանջի կատարման տարվա ընթացքում քվոտավորման ենթակա կազմակերպության վերակազմակերպման դեպքում քվոտայի պահանջի կատարման խնդիրները, այդ թվում՝ օրենսդրական կարգավորման հստակեցման անհրաժեշտությունը:

Վերը նշված խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 453–Ն որոշմամբ կասեցվել է քվոտայի պահանջի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործունեությունը մինչև 2018թ. հուլիսի 1-ը և նույն որոշման 3-րդ կետով հանձնարարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել քվոտայի պահանջի՝ օրենքով սահմանված հիմքերի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվող փոփոխություններով ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված խնդիրներին տրվել են հետևյալ լուծումները, մասնավորապես՝

1)    հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի փոխարեն առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նորմատիվի ներդրում և դրանից բխող փոփոխությունների կատարում օրենքի համապատասխան հոդվածներում,

2)    կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի որոշման ժամանակ առաջարկվում է չդիտարկել կազմակերպությունների այն աշխատողների թվաքանակները, որոնք ներառված են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների մեջ, կամ որոնց կողմից իրականացվող աշխատանքների կատարումը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,

3)    առաջարկվում է սահմանել քվոտավորման ենթակա կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում քվոտայի պահանջի կատարման պարտավորությունն իրավահաջորդին (իրավահաջորդներին) փոխանցելու դրույթներ:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը

5.

Ակնկալվող արդյունքը

 

Քվոտայի համակարգի առավել նպատակային և արդյունավետ ներդրման ու գործարկման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված հիմքերի և մեխանիզմների լիարժեք ապահովումը:

 ՏԵՂԵԿԱՆՔ

««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշման մեջ:

 

 

 

  • Քննարկվել է

    10.11.2017 - 27.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

10.11.2017 17:03

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1226

Տպել