Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի

 

1 Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագիծը նախապատրաստվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն ապահովելու նպատակով։

Նախագծի նախապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականների, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման համար իրավական հիմք սահմանելու հանգամանքով:

Կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ,ապահովել կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերի տրման շարունակականությունը:

 

2 Կարգավորման նպատակն ու բնույթը.

2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել է փախստականներին տրամադրել նույնականացման քարտ և կենսաչափական տվյալներ պարունակող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 30-ին։

Փախստականներին նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տրամադրումը հնարավոր է իրականացնել միայն կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրման նոր համակարգի ներդրմամբ, ինչով պայմանավորված փախստականներին նույնականացման քարտ և կենսաչափական տվյալներ պարունակող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ դեռևս չի տրամադրվում։ Այս ուղղությամբ ներկայումս տարվում են աշխատանքներ։ 

Մինչև աշխատանքների ավարտը և փաստաթղթերի տրամադրման համար տեխնիկական ապահովում իրականացնելը, ապաստան ստացած և փախստական ճանաչված անձանց իրավունքներն իրացնելու նպատակով շարունակվում են տրամադրվել Կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն որոշմամբ հաստատված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։

Միաժամանակ, 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում Կառավարության կառուցվածքում ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն)։

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով Նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես Նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Անձնագրային և վիզաների վարչությանը գործառույթները, այդ թվում՝ փախստականներին կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տրամադրման մասով, վերապահվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը և համապատասխան ենթաօրենսդրական ակտերը փոփոխելու համար սահմանվել է վեցամսյա ժամկետ։

Ելնելով վերոգրյալից՝ մինչև վերը նշված աշխատանքների ավարտը և փաստաթղթերի տրամադրման համար տեխնիկական ապահովում իրականացնելը, փախստականներին կոնվենցիոն ճամփորդակա փաստաթուղթ տրամադրելու հարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է սահմանել իրավական հիմք, որպեսզի հնարավոր լինի Կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերի տրման շարունակականությունն ապահովելու և փախստականների իրավունքներն արդյունավետորեն իրացնելու համար։

 

3 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության ծրագրի 4-րդ կետի՝ մարդկային կապիտալի զարգացում 4.2 ենթակետից՝ միգրացիա:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից:

 

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում նորմատիվ հիմք կնախատեսվի ներկայումս գործող «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում՝ 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու և փախստականների իրավունքներն իրացնելու նպատակով կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերի տրման շարունակականությունն ապահովելու համար։

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    10.02.2023 - 26.02.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3273

Տպել