Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1584-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացում կատարելը բխում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 399-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեվտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1863-Լ որոշումներով սահմանված կարգավորումներից և նպատակ ունի նպաստելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (այսուհետ նաև՝ Նախարարություն) վերապահված գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացմանը:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն  Նախարարությունը վարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) տնտեսավարող սուբյեկտների փաստացի գործունեության կամ տնտեսավարող սուբյեկտի կառավարման գործադիր մարմնի վայրի, գործունեության հիմնական և ոչ հիմնական տեսակների, աշխատողների քանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներդրումների (այդ թվում՝ օտարերկրյա), եկամուտների, ներմուծման և այլ անհրաժեշտ ցուցանիշների մասին շարունակական արդիականացման ենթակա տվյալների բազա:   «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն  հարկային մարմինները պարտավոր են իրենց մոտ առկա տեղեկությունները յուրաքանչյուր եռամսյակ տրամադրել Նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 399-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1863-Լ որոշումներով սահմանված կարգավորումների համաձայն՝ Նախարարությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից (այսուհետ նաև՝ ՊԵԿ) ստանում է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված, Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդի և գործունեության տեսակների տեսակարար կշռի, աշխատողների թվաքանակի, նոր ընդունված աշխատողների վերաբերյալ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների (թվաքանակ), գործատուի մոտ աշխատող չհանդիսանալու վերաբերյալ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների (թվաքանակ, աջակցման ամսվա համար հաշվարկված եկամտային հարկ), հաշվարկված և վճարված եկամտային հարկի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների և եկամտային հարկի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:

 Նախարարության՝ վերոնշյալ իրավական ակտերով սահմանված գործունեության իրականացման շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության ստացումը ներկայումս տեղի է ունենում Նախարարության կողմից ՊԵԿ ուղղված դիմումների հիման վրա՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին դիմում ներկայացնելու ձևով: Պայմանավորված վերջին շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման աճով, ոլորտի շահառու հանդիսացողների կողմից ներկայացվող դիմումների քանակով և սահմանված ժամկետի սղությամբ՝ Նախարարության կողմից պահանջվում է ժամանակ և ռեսուրսներ, ինչը գործնականում հանգեցնում է խնդիրների: Վերոնշյալ իրավիճակի կարգավորմանը նպաստելու նպատակով անհրաժեշտ է, որ Նախարարությունն անպայմանորեն ունենա հասանելիություն հարկային գաղտնիք կազմող տեղեկություններին ինչը ակնհայտորեն կնպաստի ոլորտում իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Վերոգրյալով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու, այն է՝ Նախարարությանը հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիություն ապահովելու անհրաժեշտությունը և հրատապությունը:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Որոշմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Նախարարությանը հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիության հնարավորության ընձեռում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները .

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից: 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից և Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումը կարևոր դերակատարում կունենա Նախարարության կողմից Օրենքով և սույն Նախագծում նշված իրավական ակտերով Նախարարությանը վերապահված լիազորությունների իրականացման         գործընթացի բնականոն իրականացման համար։

Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    02.02.2023 - 23.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2009

Տպել