Հիշել նախագիծը

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 10.02.2023 18:55:44 6. «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ - ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բաժնում․ 6.1 17) և 18)-րդ ենթակետերում ներկայացված վարքագծի կանոնները՝ «17.Ծնողների հետ մանկավարժական աշխատողի հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն աշակերտների գնահատականի կամ կրթական այս կամ այն ծրագրերում նրանց ներառելու հանգամանքի վրա» և «18.Մանկավարժական աշխատող-աշակերտ փոխհարաբերությունների և աշակերտների գնահատականի վրա ոչ մի կերպ չպետք է ազդի աշակերտների ծնողների կողմից ուսումնական հաստատությանը ցուցաբերված աջակցությունը․․․․ » բովանդակությամբ միմյանց կրկնում են։ Առաջարկություն • Բաժնի 17) և 18)-րդ ենթակետերը միավորել և ձևակերպել մանկավարժական աշխատողի վարքագծի կանոնի նոր շարադրանք։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի վարչությունում:
2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 10.02.2023 18:55:44 7. «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ» բաժնում․ 7.1 21) և 22)-րդ ենթակետերում մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամների վարքագծի կանոնների կենսագործման ու վերահսկման մասով ոչ մի կարգավորում նշված չէ։ Այն միայն թողնվել է մանկավարժական աշխատողների ու խորհրդի անդամների գիտակցությանն ու համարժեք վարքագծի դրսևորմանը, իսկ վերահսկողությունը նախատեսված է իրականացնել միայն ինքնագնահատման միջոցով։ Նշված կարգավորումները բարեվարքության վարքականոնը գործնականում կիրարկման տեսանկյունից ոչինչ չեն տա և արդյունքում մշակված փաստաթուղթը կմնա որպես ձևական «թուղթ»։ Մասնավորապես, բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունում մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամների համար սահմանված վարքականոնների կիրարկման պատասխանատուի ինստիտուտը։ Նույնիսկ մանկավարժական աշխատողի կամ կառավարման խորհրդի անդամի «անհատի գիտակցման» բարձր մակարդակը պահանջում է սահմանված վարքագծի կանոնների կիրառման ժամանակ վերահսկողություն։ Ուսումնական հաստատությունում վարքականոնների նկատմամբ վերահսկողությունը նախատեսվում է իրականացնել «անհատի ինքնագնահատման և հասարակական կարծիքի զուգակցման» վեհ գաղափարով։ Մինչդեռ, գործնականում բացակայում է հասարակական կարծիքի ստացման ուղիների՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքացիներից, ծնողներից այլ շահագրգիռ կառույցներից մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամների վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ բողոքների, այդ թվում անանուն, քննարկման և եզրակացությունների ու որոշումների կայացման գործընթացը ապահովող կարգավորումները։ Առաջարկություն Բաժնի 21) և 22) -րդ ենթակետերը վերաշարադրել այն հաշվով, որպեսզի • Հանրակրթական հաստատությունում սահմանվի մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամների վարքականոնների պահանջների պահպանման պատասխանատուների՝ համապատասխանաբար տնօրեն կամ մանկավարժական խորհրդի անդամ և կառավարման խորհրդի նախագահ կամ այլ անդամի ինստիտուտ։ • Երկրորդ, մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամների կողմից վարքականոների խախտումները պետք է առաջացնեն կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Այդ կարգապահական պատասխանատվության միջոցները կարող են ներառել ինչպես դիտողություն, նկատողություն և այլ միջոցներ, այնպես էլ ունենան նյութական հետևանքներ, ինչպիսիք կարող են լինել ուսուցչի տարակարգի իջեցումը, վարձատրության կամ պարգևատրությունների չափի նվազեցումը և այլն։ • Երրորդ, անհրաժեշտ է սահմանել հանրակրթական հաստատության այն մարմինը, որը պետք է քննի վարքականոնների խախտումների դեպքերը; Դա կարող է լինել էթիկայի հանձնաժողովը , որի ձևավորման կարգը և կազմը պետք է հաստատվի օրենսդրորեն։ • Չորրորդ, օրենսդրորեն անհրաժեշտ է սահմանել այն պաշտոնատար անձին կամ մարմնին, որը կարող է վարքագծի կանոնների խախտման փաստերի և կայացված եզրակացությունների հիման վրա մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ։ • Հինգերորդ, անհրաժեշտ է արտացոլել մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամների վարքագծի կանոնների պահպանման ուղղությամբ վերապատրաստման դասընթացներ անցնելու մասով պարտականությունները, ինչպես նաև ստանալու խորհրդատվություն և պարզաբանումներ վարքագծի կանոնների պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ։ • Վեցերորդ, մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամների վարքականոնների կիրարկումն ապահովելու գործում կարևոր հանգամանք է մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամների կողմից գործընկերների կատարած խախտումների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու պահանջը, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքացիներից, ծնողներից, այլ շահագրգիռ կառույցներից մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամների վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ ստացված բողոքների, այդ թվում անանուն, քննարկման և եզրակացությունների ու որոշումների կայացման գործընթացի ապահովումը։ • Յոթերորդ, վարքականոնների պահանջների պահպանման և վերահսկման կարևոր գործիքներից է վարքագծի կանոններին մանկավարժական աշխատողների և կառավարման խորհրդի անդամներին դրանց մասին իրազեկումը և ստորագրությամբ վավերացումը՝ իրենց գործունության ընթացքում այդ դրույթների անվերապահ պահպանման և կիրառման գործում պարտականության ստանձնումը։ 7.2 Նույն բաժնի 23)-րդ կետով նախատեսվում է «Ուսումնական հաստատություններում մանկխորհրդի որոշմամբ, ելնելով հաստատության առանձնահատկություններից, համայնքում գործող ավանդույթներից, կարող են սահմանվել վարքականոնի առանձին դրույթների հավելումներ և լրացումներ՝ ներքին կարգապահական կանոններում՝․․․»։ Նշված կարգավորումը վերաբերելի չէ վարքագծի կանոնների կիրարկման գործընթացին։ Բացի այդ, ուսումնական հաստատությունում կարգապահական կանոնները սահմանված են կոնկրետ ընթացակարգերով և դրանք չեն կարող նույնականացվել վարքագծի կանոնների հետ։ Վարքագծի կանոնները բխում են կոնկրետ բարեվարքության (էթիկայի) սկզբունքներից և դրանք արտացոլում են էթիկայի նորմերի կամ սկզբունքների պահպանման նկատմամբ դրսևորվող վարքագիծը, մինչդեռ կարգապահական կանոնները բխում են կոնկրետ գործընթացի իրականացման օրենսդրական կարգավորումներից՝ պահանջներից, որոնք սահմանված են իրավական կոնկրետ ընթացակարգերով կամ առանձին կարգերով։ Այն բոլոր վարքագծի կանոնները, որոնք արդեն իսկ վերածվել են կարգապահական կանոնների, դադարում են որպես վարքագիծ հանդես գալ։ Առաջարկություն • Բաժնի 23)-րդ ենթակետը հանել։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի վարչությունում:
3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 10.02.2023 18:55:44 Ընդհանուր առմամբ, «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծը կարիք ունի խմբագրական, առանձին կանոններում կիրառվող եզրույթների պարզաբանման և հստակերցումների իրականացման, շարադրանքի միասնական ոճի, ինչպես նաև կառավարման խորհդի անդամների և մանկավարժական աշխատողների իրենց գործառույթերով պայմանավորված վարքագծի նոր կանոնների սահմանման։ Նոր կանոննների շարքում անհրաժեշտ է ամրագրել նաև մանկարվարժական աշխատողների և կառավարման խորհուրդի անդամների վարքի համապատասխունությունը ժողովրդավարական, մասնակցային և բազմակարծիք մշակույթի հիմնարար դրույթներին։ Մասնավորապես, մանկավարժական աշխատողը և խորհուրդի անդամը պետք է ընդունի և և ճանաչի ազատ ժողովրդավարական հասարակության հիմնական արժեքները, բարձրաձայնի իրավահավասար և բազմակարծիք միջավայրը խաթարող գործողություններն ու հետամուտ լինի դրանց քննարկմանը կոլեգիալ մարմիններում։ Մանկավարժական աշխատողը և խորհուրդի անդամը պետք է անհանդուրժող լինի կոռուպցիոն, շահերի բախման և այլ հակաիրավական վարքի նկատմամբ, նպաստի հանրակրթական ուսումնական հաստատության օղակներում մասնակցային մշակույթի խրախուսմանը և որոշումների մասնակցային ընդունմանը, ձգտի դիրքորոշում ձևավորել դպրոցի մանկավարժական համակարգի աշխատանքներին առնչվող հարցերում և այլն։ Ելնելով վերոնշյալից ԹԻՀԿ-ն առաջարկում է լրամշակել նախագիծը՝ հիմք ընդունելով միջազգային փորձը, համալրել վարքագծի նոր կանոններով ու դրանց կիրարկումն ապահովող մեխանիզմներով։ Այդ նպատակով կազմակերպել փորձագիտական քննարկում նախագիծը հեղինակող մասնագետների և ոլորտային փորձագետների հետ։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի վարչությունում:
4 Yefima Gevorgyan 10.02.2023 21:39:48 Ողջույն: «3.ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ» կետի, «1. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ - ԱՇԱԿԵՐՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»-ի 15-րդ ենթակետում ներառված բոլոր կետերն արդյո՞ք կարող է ապահովել մանկավարժը, երբ մի շարք օրենքներ են գործում, որոնք խանգառում են նրան լինել անաչառ: Օրինակ. հումանիտար հոսքում սովորում է շատ ուշիմ, խելացի, աշխատասեր աշակերտ, որ բոլոր հումանիտար առարկաներից դրսևորվում է գերազանց առաջադիմություն, իսկ բնագիտամաթեմատիկական առարկաներից, ցավոք, դրսևորում է միջինից մի փոքր բարձր առաջադիմություն: Իսկ երեխան գնում է մեդալի: Ըստ օրենքի, նրան պետք է գնահատել անաչառ, զերծ մնալ գնահատական կեզծելուց: Այսպես եթե շարժվի ֆիզիկայի ուսւցիչը, ապա երեխան կզրկվի մեդալից, եթե ընդառաջ գնա և մի երկու բալ բարձր գնահատի, ապա կոգևորի երեխային, գուցե կլինի խթան, որ երեխան ունենա առավել բարձր առաջադիմություն հետագայում: Առաջանում է հակասություն: Ի՞նչ անի մանկավարժը: Գուցե ճիշտ կլինի ինչ որ լուծում գտնել նաև մեդալի գնացող երեխաների համար, ինչ որ օրենք փոփոխել, որ երեխային չկոտրելու համար մի փոքր բարձր գնահատող մանկավարժը իրեն զեղծարար չհամարի, իրեն վատ չզգա: Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի:
5 Yefima Gevorgyan 10.02.2023 21:55:05 Գուցե հարիր է նաև ծնողներին վերաբերող բարեվարքության կանոններ ավելացնել, որպեսզի ինչ որ ձևով, օրենքի ինչ որ մասով պաշտպանված լինեն նաև մանկավարժներն ու դպրոցն առհասարակ: Խոսքը վերաբերում է այն իրադարձություններին, երբ գնահատականից դժգոհ ծնողը կարող է իրեն թույլ տալ անհարգալից վերաբերվել ուսուցչի և նրան պաշտպանող տնօրենի նկատմամբ: Խոսքը արդար գնահատականին է վերաբերում: Արդյունքում, նման ծնողների «արշավանքից» զերծ մնալու համար ուսուցիչները այդ ծնողների երեխաներին գնահատում են բարձր, այսինքն ստիպված են զեղծարարություն անել, քանի որ վախենում են ավելորդ քաշքշուքից և հուզմունքից: Գուցե ճի՞շտ կլինի փաստաթղթավորել այս պրոցեսը, այսինքն բոլորս, և՛ ծնող, և՛ մանկավարժ, և սոցաշխատող և այլն, ստորագրենք մի փաստաթուղթ, որով հավաստում ենք, որ ծանոթ ենք և համաձայն ենք այդ բարեվարքության կանոնները պահպանելուն: Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի:
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 11.02.2023 22:48:27 Հավելվածում շտկել հետևյալ վրիպակները՝ 4-րդ կետի 1-ին ենթակետի «չընդգծի » բառը փոխարինել «չընդգծել իր» բառերով, իսկ նույն կետի 5-րդ ենթակետի «թույլ չտա» բառերը փոխարինել «թույլ տա» բառերով։ Խմբագրված է:
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 11.02.2023 22:48:53 Հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «2) պետք է դասարանում ձևավորի ուսումնառության համար բարենպաստ և ներառական միջավայր, որտեղ սովորողներն ապահով և խրախուսված են զգում, նաև հետևողականորեն կարևորվում է դրական հարաբերությունների կառուցումը, ընկերությունը և ընդունումը։ Մանկավարժական աշխատողը պետք է զգայուն լինի բուլինգի կամ անհարգալից վերաբերմունքի ազդակների նկատմամբ և փորձի հնարավորինս շուտ կանխարգելել դրանք.»։ Ընդունվել է ի գիտություն:
8 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 11.02.2023 22:49:29 Հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետը «աշակերտի անհատականությունը» բառից հետո լրացնել «և բացառի խտրականությունը» բառերով, իսկ «հաշմանդամութան» բառը փոխարինել «հաշմանդամությունից» բառով։ Կետը խմբագրված է:
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 11.02.2023 22:49:53 Հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետը «ինքնավերահսկումը» բառից հետո լրացնելը «սեփական կարողությունների նկատմամբ հավատը և» բառերով։ Ընդունվել է ի գիտություն:
10 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 11.02.2023 22:50:13 Հավելվածի 7-րդ կետի 11-րդ ենթակետի «պահանջկոտ» բառը փոխարինել «բարձր ակնկալիքներ ունենա բոլոր սովորողներից» բառերով։ Ընդունվել է ի գիտություն:
11 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 11.02.2023 22:50:28 Հավելվածի 7-րդ կետի 15-րդ ենթակետը «օբյեկտիվության և արդարության» բառերից հետո լրացնել «, բացառել կանկախալ վերաբերմունքը» բառերով։ Ընդունվել է ի գիտություն:
12 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 11.02.2023 22:50:46 Հստակեցման նպատակով վերաշարադրել հավելվածի 7-րդ կետի 21-րդ ենթակետը։ Ընդունվել է ի գիտություն: