Հիշել նախագիծը

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված է, որ Երևան քաղաքում պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները՝ օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված է, որ  համայնքի ղեկավարը պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ:

«Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված կարգավորման համաձայն՝ զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից` գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում բնակվող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերոգրյալ կարգավորումների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում ամրագրված կարգավորումների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է վարեն համայնքում բնակվող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» օրենքի կարգավորումները՝ 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1269-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատել է զինվորական հաշվառման կարգը, որով սահմանվել է, որ զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից` գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան (համաձայն ձև N 4), որում գրառվում է զինապարտի ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատը:

Վերոգրյալից նկատելի է, որ «Պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված կարգավորումներում առկա է հակասություն՝ մասնավորապես, Օրենքում ամրագրված կարգավորումից պարզ է դառնում, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է վարեն համայնքում բնակվող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված կարգավորումների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է վարեն համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան:

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղական ինքնակառավարման մարմինները համայնքում բնակվող (այդ թվում՝ հաշվառված) զինապարտների վերաբերյալ գրանցամատյանը վարելու համար անհրաժեշտ տվյալների, ինչպես նաև վերջիններիս՝ համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու, աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալների հավաքագրման աղբյուր չունեն և տեղեկատվությունը ներկայացնելու փոխարեն այն ստանում են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներից, քանի որ համաձայն «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք, ինչպես նաև պետական մարմինները պահանջվող տեղեկությունները ներկայացնում են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ:

«Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված կարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինները պարտավոր են`

1) զինապարտներին անձնագիր, նույնականացման քարտ տալու կամ փոխանակելու (բացառությամբ օտարերկրյա պետություններում բնակվող պահեստազորում հաշվառված կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետի համաձայն` զինվորական հաշվառումից հանված անձանց), ըստ բնակության վայրի հաշվառելու կամ հաշվառումից հանելու գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, վարժական հավաքների կամ հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքների, զորավարժությունների ներգրավելու գործընթացում:

«Ոստիկանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է` աջակցել զինվորական կոմիսարիատներին` զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր իրականացնելիս, դատախազությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին` իրենց կանոնադրական գործառույթներն իրականացնելիս:

«Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանությունը պարտավոր է` իրականացնել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ըստ բնակության վայրի հաշվառում, օրենսդրությամբ սահմանված կարգով վարել բնակչության պետական ռեգիստրը:

Այս առումով նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Պաշտպանության մասին» օրենքով նախատեսված գրանցամատյանի վարման համար անհրաժեշտ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ նշված՝ համայնքում հաշվառված և հաշվառումից հանված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում տիրապետում է ոստիկանությունը՝ Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ համայնքի ղեկավարը  համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա վարելու է համայնքում հաշվառված զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները ներկայացնելու է տարածքային զինվորական կոմիսարիատ:

Սույն փոփոխությանը համապատասխան առաջարկվում է փոփոխություն կատարել նաև «Պաշտպանության մասին» օրենքում՝ նախատեսելով, որ՝ զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից` գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան: Գրանցամատյանի վարման կարգը, ինչպես նաև պետական լիազոր մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքում հաշվառված զինապարտների գրանցամատյանի վարման համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում հստակ կամրագրվի, որ համայնքի ղեկավարը վարելու է համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ տեղեկատվությունը ստանալու հավաքագրման աղբյուր առկա չէ, Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ համայնքի ղեկավարը գրանցամատյանը վարելու է պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետով նախատեսվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները և ուսումնական հաստատությունները զինապարտների գրանցամատյանի գրառումների հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը կազմում են հաջորդ տարվա ընթացքում 16 տարին լրացող քաղաքացիների ցուցակներ (համաձայն ձև N 5), որոնք կազմման օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ տեղական ինքնակառավարման մարմիններն ուղարկում են իրենց գտնվելու վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ, իսկ ուսումնական հաստատությունները՝ քաղաքացու հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ: Ցուցակում գրառվում է զինապարտի ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն: Ցուցակը հաստատվում է տեղական ինքնակառավարման մարմնի կամ ուսումնական հաստատության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

Ինչպես նկատելի է տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման համաձայն հիշյալ գրանցամատյանի հիման վրա զինվորական կոմիսարիատներ են ներկայացնում ցուցակներ, ուստի առաջարկվող կարգավորումը կնպաստի հիշյալ պահանջների իրականացմանը:

 «Պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում ապահովում են տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքելը:

Այս առումով հարկ է նկատել, որ օրենսդրությամբ հիշյալ լիազորության իրականացման կարգի վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն, պարզ չէ, թե ինչ տրանսպորտային միջոցների մասին է խոսքը, ինչ կարգով, միջոցներով և ուժերով է ապահովվելու հիշյալ լիազորության իրականացումը:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նաև ««Պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում:

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել նաև «Ոստիկանության մասին» օրենքում:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

 Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտ է լինելու փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

  • Քննարկվել է

    13.01.2023 - 28.01.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2114

Տպել