Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9

N 905-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև նախարարական ֆինանսատնտեսական կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի նիստի N ԿԱ/264-2022 արձանագրության 18-րդ կետի շրջանակներում տրվա հանձնարարականի կատարումն ապահովելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից (օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մաս) կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, և տրամադրվում է անհրաժեշտ օգնություն` ՀՀ կառավարության սահմանած կարգով: Համապատասխան հարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության 09.05.2007թ. N 905-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ որոշում), որի պահանջների համաձայն ֆիզիկական անձանց փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև դրամական օգնություն է տրամադրվում նվազագույն աշխատավարձի չափով, իսկ ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները ՀՀ կառավարություն է ներկայացվում ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, սակայն ներկայումս նման հանձնաժողով ձևավորված չէ, ինչպես նաև որոշմամբ չեն կանոնակարգվել ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները գնահատելու և փոխհատուցման չափի որոշման ընթացակարգը: Միաժամանակ, օրենքի 8.1-ին հոդվածով և 15-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով ու դրանց հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն, 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն և 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշումներով կարգավորվել են նույնանման հարաբերություններ, ինչպես նաև դրանց ապահովման նպատակով ՀՀ վարչապետի 22.10.2021թ. N 1197-Ա որոշմամբ ստեղծված է և գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որի արդյունքում նպատակահարմար է գտնվել ՀՀ կառավարության 09.05.2007թ. N 905-Ն որոշմամբ սահմանված գործընթացը ևս իրականացնել համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Բացի այդ, ՀՀ վարչապետի 22.10.2021թ. N 1197-Ա որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված է, որ կրած նյութական վնասների (գույքին հասցված վնասի) չափի գնահատումն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կապակցությամբ նպատակահարմար է որոշման կիրառման շրջանակներում ֆիզիկական անձանց կրած նյութական վնասների գնահատումը և փոխհատուցման չափի հստակեցումը ևս իրականացնել այդ կազմակերպության միջոցով: Ընդ որում, դրա համար հիմք է ընդունվել նաև ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշման մեջ ՀՀ կառավարության 16.09.2021թ. N 1509-Ն որոշմամբ կատարված փոփոխությունը:

 

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու գործընթացն ապահովող, ինչպես նաև  կրած վնասների դիմաց փոխհատուցման չափերը որոշող մարմինները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը կարող է հանգեցնել 2023 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների, որի հաշվարկը հնարավոր չէ ներկայացնել՝ 2020 թվականին ռազմական դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքներից ֆիզիկական անձանց կրած նյութական վնասների շրջանակը հստակեցված և փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ներկայացված չլինելու պատճառով:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:  

  • Քննարկվել է

    26.12.2022 - 11.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2403

Տպել