Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ 

ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» oրենքների նախագծերը (այսուհետև՝ Նախագծեր) մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2-րդ կետի 2.5-րդ ենթակետի, որի համաձայն՝ սահմանված ժամկետում Վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Աշխատողների իրավունքների երաշխավորված պաշտպանության լավագույն երաշխիքներից է գործուն արհեստակցական միության առկայությունը։ Սակայն հարկ է նկատել, որ գործող ոչ բոլոր արհմիություններն են արդյունավետ կերպով իրականացնում օրենքով սահմանված իրենց գործառույթը։

Միաժամանակ առկա է նաև արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն։

Մասնավորապես, Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման փորձագետների ԱՄԿ կոմիտեի կողմից 2011 թվականին ներկայացված, ինչպես նաև 2013 թվականին ընդունված և 2014թ. ԱՄԿ 103-րդ նստաշրջանի ժամանակ հրատարակված ուղիղ հարցումների համաձայն՝ առկա է անհամապատասխանություն «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» ԱՄԿ N 87 կոնվենցիայի 2-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի միջև: Հաշվի առնելով այն, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ առանց տարբերության բոլոր աշխատողները պետք է իրենց ընտրությամբ կազմակերպություններ ստեղծելու և անդամակցելու իրավունք ունենան, վկայակոչված ուղիղ հարցմամբ Կոմիտեն առաջարկել է ՀՀ կառավարությանը  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` փոփոխելու ՀՀ օրենսդրությունն այնպես, որպեսզի դատավորները և սահմանադրական դատարանի անդամները, և´ առանց աշխատանքային պայմանագրի աշխատողները  (ոչ ֆորմալ աշխատողները),  իրավունք ունենան ստեղծելու արհեստակցական կազմակերպություններ և անդամակցեն վերջիններիս:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը

Նախագծերի ընդունման նպատակն արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացումն է, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով համապատասխան հիմքերի ապահովումն է՝ համապատասխանեցնելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է ընդլայնել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության գործիքակազմը և վերանայել արհեստակցական միությունների լիազորությունների շրջանակը, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով՝ վերանայել գործատուների և արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական կարգավորումները։

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթում, որպես հանրային պահանջարկ նշված է, Արժանապատիվ Հայաստանը, որտեղ ստեղծված են արժանապատիվ կյանքի բոլոր պայմանները՝ առողջության, կրթության, աշխատանքի և հանգստի համար, ինչպես և ընտանիքում ապրում են արժանապատիվ և միմյանց նկատմամբ հոգատար կյանքով։

Նախագծերով ներկայացվող փոփոխությունները միտված են վերոնշյալ փաստաթղթերում վկայակոչված նպատակների իրացմանը։

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել արհեստակցական միությունների գործիքակազմը, ապահովել գործուն արհեստակցական միությունների առկայություն, որոնք արդյունավետորեն կհամագործակցեն նաև գործատուների հետ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։

Միաժամանակ, առաջարկվող լուծումներով արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։

 

  • Քննարկվել է

    30.11.2022 - 16.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2757

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

15.12.2022

Օրենքի հոդված 28-ը առաջարկում ենք ձևակերպել հետևյալ կերպ. «Արհմիությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր սեփականությունը և հաշվետու է իր անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արհմիության կանոնադրությամբ սահմանված կարգով»:

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

15.12.2022

Օրենքի 24-րդ հոդվածը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գործատուն արհեստակցական միությանը տրամադրում է անհրաժեշտ պայմաններ` աշխատատեղ և կապի միջոցներ արհեստակցական միության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար: Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել նաև լրացուցիչ պայմաններ։ Արհեստակցական կազմակերպության անդամի կամ նրա ներկայացուցչի (արհմիության նախագահի) դիմումի առկայության դեպքում գործատուն աշխատավարձը վճարելիս կազմակերպում է արհմիութենական անդամավճարի գանձումը և փոխանցումը դիմումում նշված արհմիության (արհմիությունների) բանկային հաշվեհամարին (հաշվեհամարներին): *************************************************** Հիմնավորում. ԱՄԿ «Աշխատողների ներկայացուցիչների մասին» թիվ 135 կոնվենցիան (վավերացված է ՀՀ կողմից 1994 թվականին) սահմանում է, որ աշխատողների ներկայացուցիչներին պետք է տրամադրվեն անհրաժեշտ միջոցներ իրենց գործունեությունը արդյունավետ և պատշաճ իրականացնելու համար։ Կոնվենցիային կից թիվ 143 հանձնարարական-առաջարկը, իր հերթին, սահմանում է, որ աշխատողների ներկայացուցիչներին պետք է տրամադրվեն իրենց աշխատանքը պատշաճ և արդյունավետ կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, որոնց կոնկրետ ձևն ու քանակը կարող է կախված լինել տվյալ ոլորտից, արհմիությունների կարիքներից, կազմակերպության մեծությունից և հնարավորություններից։ Արհմիություններին իրենց գործունեության համար անհրաժեշտ պայմանների տրամադրումը գործատուների կողմից ամրագրված է նաև ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի համապատասխան որոշումներով, տես՝ Compilation of decisions of the Committee on Freedom of Association, The latest electronic edition (e-compilation, https://bit.ly/e-compilation ), Decisions: 1579-1584: Ինչ վերաբերվում է օրենքի երկրորդ պարբերությանը, անհրաժեշտ է սահմանել, որ միջազգային օրենսդրությամբ սահմանված և արհմիությունների ն որօպես իրավունք վերապահված անդամավճարի գանձման check-off սկզբունքը հնարավոր լինի իրագործել նաև արհմիության ղեկավարի դիմումի դեպքում, այլ որ թե միայն արհմիության անդամի առկայության դեպքում։ Դա զգալիորեն կդյուրացնի check-off իրավունքի իրացման բյուրոկրատիան` առանց ամեն առանձին արհմիության անդամից դիմումներ պատրաստելու պահանջի։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

15.12.2022

Օրենքի հոդված 22-ը առաջարկում ենք հանել կամ ամրագրել գործատուի պատասխանատվությունը կոլեկտիվ պարտավորությունները չկատարելու համար։ ********************************************************** Հիմնավորում. կոլեկտիվ պարտավորությունները, դրանք այն պարտավորություններն են, որոնք կոլեկտիվ բանակցությունների արդյունքում ստանձնում է գործատուն, հետևաբար արհմիության համար կոլեկտիվ պարտավորություններ կատարելու պահանջ չի կարող լինել։

Տեսնել ավելին