Հիշել նախագիծը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

Օրենքների նախագծերով կարգավորվում է «Մաքսային կարգավորման մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներով սահմանված՝ մաքսային ծառայողների կողմից վարչական ձերբակալման գործիքակազմի արդյունավետ կիրառման հնարավորությունը։ Միաժամանակ, նախագծով սահմանվում է նաև Կառավարության լիազորությունը՝ սահմանելու մաքսային հսկողության գոտիներում քաղաքացիների համար վարքագծի պարտադիր կանոններ սահմանելու վերաբերյալ, որի հետ մեկտեղ, տրամաբանորեն, մաքսային իրավախախտումների շրջանակը լրացվում է նաև մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների խախտման համար սահմանվող պատասխանատվությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի հոկտեմբերի 17-ին ուժի մեջ մտած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում մաքսային ծառայողի կողմից վարչական ձերբակալության հիմքերը և պայմանները սահմանված են այն տրամաբանությամբ, որ գործնականում հաճախ հանդիպող իրավիճակների դասավորությամբ, հատկապես մաքսային կետերի տարածքներում կիրառելի չի կարող լինել քննարկվող լիազորության իրականացումը, հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիմնականում մաքսային կանոնների խախտման համար անձին վարչական ձերբակալության ենթարկելու հիմնական պայմանը վերջինիս անձը հայտնի չլինելն է, ինչն, ըստ էության, չի կարող տեղի ունենալ մաքսային հսկողության գոտիներում կամ բացառիկ իրավիճակ կարող է լինել։ Ընդհակառակը, հաճախ մաքսային հսկողության գոտիներում մաքսային կանոնների խախտումներ են բացահայտվում անձանց կամ նրանց տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության գործիքների կիրառման արդյունքում, որի ժամանակ արդեն իսկ անձինք նույնականացված են համապատասխան պաշտոնատար անձանց կողմից։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ նմանատիպ խախտումները երբեմն ուղեկցվում են նաև այնիսի վարքագծի դրսևորմամբ, որոնք կարող են նաև խաթարել նաև մաքսային ծառայողների բնականոն գործունեությունը, եթե իրավախախտում կատարող անձնանց նկատմամբ ժամանակին համապատասխան ներգործության միջոցներ չկիրառվեն և դրանով չխափանվեն կատարվող խախտումները՝ ապահովել մաքսային հսկողության գործառույթի բնականոն իրականացումը։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենսդրական կարգավարումների զարգացումը տրամաբանական հակառակ ուղղությամբ է ընթացել Եվրասիական Տնտեսական Միության անդամ մյուս պետություններում։ Այսպես, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության ազգային օրենսդրության համապատասխան մաքսային հսկողության գոտիներում սահմանված իրավական ռեժիմի խախտումները հավասարապես սահմանված են որպես մաքսային կանոնների խախտումներ, իսկ այդ երկրների մաքսային ծառայողների կողմից մաքսային կանոնների խախտումների դեպքերով, ըստ անհրաժեշտության, իրավախախտին արգելանքի վերցնելն, ի տարբերություն մեր Հանրապետության ներպետական օրենսդրության, առավելապես, պայմանավորված է վարչարարության անխափան իրականացման ապահովելուն։[1]

Նույն տրամաբանությամբ մաքսային հսկողության արդյունավետ իրականացման նպատակով համապատասխան նույնական նորմեր են պարունակում նաև Ուկրաինայի և Վրաստանի Հանրապետությունների՝ ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերով։ Ըստ այդմ, մաքսային ծառայողների կողմից անձնանց մաքսային հսկողության գոտում արգելանքի վերցնելը մաքսային կանոնների խախտման համար առավելապես նպատակաուղղված է հենց կատարվող իրավախախտումը խափանելուն կամ դրա կապակցության իրականացվելիք վարույթը առանց խոչընդոտների ապահովելուն։[2]

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը՝ դրանք դարձնելով գործնականում կիրառելի, առավել մոտարկելով վարչական ձերբակալման ենթարկելու վարույթային նպատակներին։ Միևնույն ժամանակ, սահմանվում է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների ընդունման՝ Կառավարության լիազորությունը, ինչպես նաև վերջիններիս չպահպանելը՝ որպես մաքսային կանոնների խախտում։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագածի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության մաքսային հսկողության գոտիներին քաղաքացիների վարքագծի կանոնակարգումն է, նրանց տեղաշարժը և մաքսային հսկողության գործառույթի կազմակերպման առավել անխոչընդոտ կազմակերպելը։ Միևնույն ժամանակ, նախագծի ընդունմամբ կապահովվի մաքսային հսկողության գոտիներում մաքսային կանոնների խախտման դեպքերի առավել արդյունավետ կանխումը, դրանց խափանումը, ինչպես նաև կմեղմվի քաղաքացիների հակաօրինական վարքագծի հետևանքով մաքսային հսկողության գոտում մաքսային մարմնի աշխատանքին խոչընդոտելու հնարավորությունը։

  1. Այլ տեղեկություններ

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծերի ընդունման արդյունքում մեկամսյա ժամկետում Կառավարություն կողմից անհրաժեշտ է սահմանել «Մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր կանոնները»։

 

[1] Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, ընդունված 2001 թվականի դեկտեմբերի 30-ին, թիվ 195-ФЗ, հոդվածներ 16.5, 27.3

Ղազախստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, ընդունված 2014 թվականի հուլիսի 5-ին, թիվ 235-V, հոդվածներ 521, 787

Ղրզղզստանի Հանրապետության իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, ընդունված 2021 թվականի հոկտեմբերի 28-ին թիվ 128, հոդված 524

[2] Ուկրաինայի Հանրապետության մաքսային օրենսգիրք, ընդունված 1991 թվականի դեկտեմբերի 12-ին, թիվ № 1970-XII, հոդված 125 մաս 1

Վրաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, ընդունված 1984 թվականի դեկտեմբերի 15-ին ,թիվ 161, հոդված 194

  • Քննարկվել է

    29.11.2022 - 14.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1821

Տպել