Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք /նոր խմբագրություն/

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ  նոր օրենքի նախագծի ընդունման

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Նոր խմբագրությամբ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ  օրենքի ընդունումը պայմանավորված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծման, նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության շարունակականության համար իրավական հիմքեր ապահովելու,  ինչպես նաև ՄԱԿ-ի « «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգում» ներառված չորրորդ,  այն է՝   «ներառական և բոլորի համար որակյալ կրթության ապահովում, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանում» նպատակի պահանջներից:

Կրթությունը մարդու հիմնարար իրավունք է: Պետությունը պետք է ապահովի համընդհանուր հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն:

      Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն և կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի և «Կրթություն բոլորի համար»  հռչակագրերի, 2010 թվականի մայիսին վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի և «Սոցիալական խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթության հավասար հնարավորություն բոլորի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

          2015 թվականի հունվարից ուժի մեջ է մտել  «Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-200-Ն օրենքը, որով  անցում է կատարվել ներառական հանրակրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման,  յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:

Ներառական նախադպրոցական կրթության զարգացմամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան դառնում է իրավահավասար բոլոր երեխաների հետ։  Շեշտը դրվում է երեխայի ուժեղ կողմերը զարգացնելուն, իսկ թույլ կողմերը ուժեղացնելը իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը գնահատելու և այդ պայմանը ապահովելու միջոցով` ֆիզիկական միջավայրը, տեխնիկական սարքերը, մասնագետի աշխատանքը, ուսուցման  մեթոդը և մեթոդաբանությունը, ուսուցողական հարմարեցված նյութերը և այլն։

Կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի ընտանիքը դադարում է խուսափել իր երեխայի խնամքից կամ իր երեխայի հետ միջավայրի շփումից, քանի որ նույն միջավայրը սկսում է  ընդունել հաշմանդամությւոն ունեցող եեխայի հավասար լինելու փաստը։ Ընտանիքի անդամի հետ տարվող մասնագիտացված աջակցության ծառայությունները, ինչպես նաև երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի գնահատման գործընթացին անմիջական մասնակցությունը, մասնագետների խորհրդատվությունը և միջավայրի վերաբերմունքը օգնում են ծնողին ավելի օգտակար լինել իր երեխային, դուրս գալ անելանելիության ու ամոթի բարդույթից և օգնել իր երեխային հաղթահարելու անհատական ուսուցման  պլանը։ 

       Օրենքի ընդունումով հնարավոր է դառնում երկրում կրթության կազմակերպման և իրականացման մեխանիզմների արդիականացումը, որոնք համահունչ են ժամանակակից մարտահրավերների կարգավորմանն ուղղված միջոցառումներին։

           

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

<<Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին բաժնի 13-րդ կետով  սահմանված է .

<<13.Նախադպրոցական կրթության որակի և մատչելիության ապահովում

ա. կատարելագործել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը և կառավարման համակարգը,

բ. ապահովել նախադպրոցական կադրերի արդյունավետ մասնակցությունը վերապատրաստման, կատարելագործման և ատեստավորման ծրագրերին,

գ. բարելավել նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը,

դ. մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:>>:

 

Օրենքի մշակման շրջանակներում իրականացվել է համակողմանի հետազոտություն՝ ուղղված նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների բացահայտմանը՝ հետևյալ հինգ ուղղություններով. կրթության մատչելիություն, կրթության որակ, կրթության բովանդակություն, կրթության կառավարում, կրթության արդյունավետություն:

Արդի փուլում նախադպրոցական կրթական ծառայությունների ուղղությամբ բնակչության առավելագույն պահանջարկի ապահովմանը միտված` զարգանում են նախադպրոցական կրթության իրականացման տարբերակված ձևեր և մոդելներ, ինչպես ավանդական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների և կրթական գործունեության լիցենզիա ունեցող տարբեր կազմակերպաիրավական ձևերով գործող կազմակերպությունների բազայի վրա: Ուստի անհրաժեշտություն է  տարբեր ուղղվածության նախադպրոցական կրթական ծրագրերի իրացման համար ֆինանսավորման մոդելի ներդրումը:

Ինչպես նշված է նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական խնդիրների իրագործման ուղղություններում (ՀՀ կառավարության 13 մարտի 2008թ <<ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ ռազմավարական և փորձնական ծրագրերին հավանություն տալու մասին>> N10 արձանագրային որոշման մեջ, ակնկալվում է պետական  աջակցությունը նախադպրոցական կրթության համակարգի զարգացման ծրագրերում նպատակային ֆինանսական ներդրումների իրականացման միջոցով:

Ռազմավարության մեջ շեշտադրվում է` ակնկալվում է, որ պետությունն այս ոլորտում կկատարի նպատակային ներդրումներ`  ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բարձրացումը, հաշվետու լինելը և կիրականացվի համարժեք պետական վերահսկողություն արդյունքների նկատմամբ:

Նախադպրոցական կրթության համակարգի զարգացման համար  կարևորագույն պայման է` անկախ կազմակերպաիրավական ձևից և սեփականության ձևից, 1 սանի հաշվարկով  ուսումնական հաստատության  նորմատիվային սկզբունքի կիրառումը:

<<Կրթության մատչելիության ապահովում>> ծրագրի շրջանակներում գերազանցապես այն համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզներ, շուրջ 220 հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա գործարկվել են ավագ տարիքային խմբեր` 4515   նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկմամբ, ակնկալվում է տարեցտարի ընդլայնել համակազմի  թիվը:

           2013-2014 ուտարվա վիճակագրական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գործում են համայնքային ենթակայության  647 մանկապարտեզ` 63430 երեխայի ընդգրկմամբ,կրթահամալիրների կազմում գործող և գերատեսչական ենթակայության` 9 մանկապարտեզ -673 երեխայի ընդգրկմամբ, ոչ պետական` 57 մանկապարտեզ 1950 երեխայի ընդգրկմամբ, ընդամենը հանրապետությունում` 71138 երեխա:

  Ոլորտի վերլուծության դինամիկան ցույց է տալիս, որ գործնականում նախադպրոցական կրթության պահանջարկն աստիճանաբար ավելանում է և  ակնկալվում է համայնքային, ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության ավելացում, ուստի անհրաժեշտություն է հիմնախնդիրների լուծման համար  կարևորություն ունեցող իրավական կարգավորման քաղաքականություն: Միաժամանակ, որևէ փաստաթղթով կամ իրավական ակտով կարգավորված չեն հաշմանդամություն ունեցող և/կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի նախադպրացական ուսումնական հաստատություն ընդգրկման և հաստատությունում ուսուցման կազմակերպման մեխանիզմները;

          Թեև Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման  քաղաքականություն, սակայն նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար օրենքով ամրագրված չեն պետական և համայնքային բյուջեներից հաստատությունների  ֆինանսավորման, երեխաների կրթության կազմակերպման, զարգացման, կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտեր:

          -Պետական նպատակաուղղված քաղաքականության, կառավարման համակարգի   համապարփակ գործունեությանն ուղղված իրավական հիմքի բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների  կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը,  նախադպրոցական մանկավարժական կադրերի  վարձատրության խնդիրները:

-Կանոնակարգված չէ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, ինչպես նաև կառավարման և վերահսկողության համակարգի ապահովումը:

- Անհավասար իրավական  դաշտ է ստեղծված հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա գործարկված նախադպրոցական խմբերի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության միջև:

Եթե ՀՀ կառավարության 4 նոյեմբերի 2010թ. N 1427-Ն որոշմամբ  սահմանված են ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսերի ֆինանսավորման մեխանիզմները, ապա համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում տարբեր գործոններով պայմանավորված  կարգավորված չէ:

 Նախադպրոցական կրթության ոլորտում առկա են հետևյալ խնդիրները.

 

     -Կանոնակարգված չէ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, ինչպես նաև կառավարման և վերահսկողության համակարգի ապահովման խնդիրը:

- Անհավասար իրավական  դաշտ է ստեղծված հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա գործարկված նախադպրոցական խմբերի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության միջև: 

          -Պետական նպատակաուղղված քաղաքականության, կառավարման համակարգի   համապարփակ գործունեությանն ուղղված իրավական հիմքի բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների  կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը,  նախադպրոցական մանկավարժական կադրերի  վարձատրության խնդիրները հաստատություններում:

         ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպման պայմանները խիստ տարբեր են.

- երեխա-թվով ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են, մի դեպքում ֆինանսավորման համար ելակետային  է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, նույնիսկ ամսական կտրվածքով, մյուս դեպքում հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը-արդյունքում` ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում.

- Հաստատությունների մանկավարժական  անձնակազմի  աշխատանքի վարձատրությունների  չափը, միևնույն կրթական ցենզի, միևնույն ստաժի առկայության պայմաններում  շատ տարբեր է. բացակայում են նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատողներին ուղղվող  խթանման ֆոնդի հնարավորությունները,

Տեղական և միջազգային ծրագրերի և փորձի ուսումնասիրություն

       Քաղաքակրթության զարգացման ներկայիս փուլում վաղուց արդեն ապացուցված է  վաղ տարիքի երեխայի համակողմանի զարգացման կարևորությունը և դրա ապահովման գործում կրթության ունեցած մեծ դերը: Դա բխում է ինչպես  երեխաների իրավական պաշտպանվածության, այնպես էլ նրանց համակողմանի զարգացման և սոցիալական հարմարվողականության միջազգայնորեն ընդունված նորմերից և չափանիշներից: 

       Կառավարությունները, ի դեմս իրենց համապատասխան նախարարությունների, հիմնական պատասխանատվություն են կրում <<Կրթություն բոլորի համար>> ասպարեզում ազգային ծրագրերի շրջանակներում մանկահասակ երեխաների խնամքի ու նրանց դաստիարակության քաղաքականության մշակման, քաղաքական շրջանակների և բնակչության կողմից համապատասխան աջակցության ապահովման և մանկահասակ երեխաների համար ճկուն, հարմարեցման ենթակա ծրագրերի ներդրման համար, որոնք հատուկ հաշվարկված են նրանց տարիքի համար, այլ ոչ թե կրկնորդում են սովորական դպրոցական համակարգերը` դրանք փոխադրելով ավելի փոքր տարիքի երեխաների վրա:

        Աշխարհի զարգացած երկրներում գոյություն ունեն նախադպրոցական կրթության կազմակերպման բազմաբնույթ մոդելներ և տիպեր: Այդ բազմազանության մեջ, սակայն, դրանք կարելի է խմբավորել ըստ որոշակի հատկանիշների` կազմակերպաիրավական ձևերի, ֆինասնավորման աղբյուրների, մատուցվող ծառայությունների բովանդակության և այլն:

       Այսպես, ըստ առաջին հատկանիշի գոյություն ունեն պետական, մունիցիպալ, գերատեսչական, հասարակական, մասնավոր, ընտանեկան, ինչպես նաև կրոնական նախադպրոցական հաստատություններ: Ընդ որում, եվրոպական երկրներում ամենատարածվածը մունիցիպալ հաստատություններն են, որտեղ հաճախում են երեխաների մոտ 90 տոկոսը: Նախադպրոցական կրթության կազմակերպման կոնկրետ ձևերն ավելի բազմազան են` կապված աշխատանքի ռեժիմի, կրթության բովանդակության, տեղաբաշխման վայրերի, սոցիալական ուղղվածության և այլ գործոնների հետ: Օրինակ, ըստ աշխատանքի ռեժիմի եվրոպական երկրներում ամենատարածվածը ամբողջ օրով գործող հաստատություններն են: Բացի այդ, կան նաև կես օրով(կարճաժամկետ), երկարօրյա, սեզոնային (հատկապես գյուղական բնակավայրերում) և ճկուն աշխատանքային ժամերով աշխատող հաստատություններ: Նախադպրոցական կրթության կազմակերպման ավելի <ազգային> մոդելներ են կիրառվում Ճապոնիայում և Իսրայելում: Ընդ որում, Ճապոնիան աշխարհի այն առանձնահատուկ երկրներից է, որտեղ այդ ոլորտում գերակշռում են տղամարդ մասնագետները, և որոնց աշխատավարձը ավելի բարձր է մունիցիպալ ծառայողների աշխատավարձից: Նախադպրոցական ծառայություններում 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը շատ ավելի բարձր է, քան ավելի փոքր տարիքային խմբի երեխաների ընդգրկվածությունը երեխայի խնամքի ծառայություններում: ՏՀԶԿ կեսից ավելի երկրներում ներկայումս այդ տարիքի երեխաների ընդգրկվածությունը վաղ կրթության ոլորտում, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրատարակվող <Կրթություն մեկ հայացքից> պարբերականի վերջին տվյալների, կազմում է 80 %  և ավելի: Ընդգրկվածության մակարդակը հատկապես  բարձր է Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Իսպանիայում, որտեղ  պրակտիկորեն ապահովված է 3-5 տարեկանների համընդհանուր ընդգրկվածություն: Մյուս կողմից, սակայն, Կորեայում, Լեհաստանում, Թուրքիայում այդ տարիքային խմբի երեխաների ընդգրկվածության մակարդակը մոտ կամ ցածր է 40 տոկոսի սահմանից:

      ՈՒշադրությունը վաղ տարիքի երեխաների խնամքի և զարգացման ոլորտում շարունակում է խիստ կենտրոնացված մնալ հատկապես նախադպրոցական կրթության վրա և մասնավորապես տարրական դպրոցին անմիջապես նախորդող տարիքի վրա: Եվրոպայում հիմնականում ընդունվել է նախադպրոցական կրթության համընդհանուր հնարավորության ապահովման կոնցեպցիան: Շատ երկրներ ապահովում են բոլոր երեխաների` նախքան տարրական դպրոցը առնվազն երկու տարի անվճար, պետական ֆինանսավորմամբ նախադպրոցական կրթություն: Նախադպրոցական կրթության գնահատման հաշվետվությունների տվյալները տարբեր երկրներում հաճախ են արձանագրում 5 կամ 5-6 տարեկանների առավելագույն ընդգրվածություն, որը արդյունքն է այն բանի, որ այդ երկրներն իրենց կրթության պետական քաղաքականության  առաջնահերթություններում ներառում են երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստման նպատակային ծրագրեր:

       Այսօր եվրոպական շատ երկրներ արդեն հասել են կամ մեծամասամբ մոտեցել են նախադպրոցական կրթությունը համընդհանուր դարձնելու նպատակին, ինչը ԱՄՆ-ն որպես թիրախ` սահմանել էր դեռևս 2000 թվականի համար: Հիմնականում կրթության նախարարությունը տարբեր երկներում ապահովում է անվճար պետական մանկապարտեզներ կամ նմանատիպ կրթական ծրագրեր` առավելագույն թվով 5 տարեկան երեխաներ ընդգրկելու համար: Այսօր աշխարհի շատ երկրներում պետական նախադպրոցական կրթությունը դարձել է ավելի մատչելի, քան, օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ պետական նախադպրոցական ծրագրերում ընդգրկված են 5 տարեկան երեխաների 66%-ը, 4 տարեկանների` 36%-ը և 3 տարեկանների` 14%-ը:

          Ֆրանսիան, Բելգիան և Իտալիան, հասել են մեծ հաջողության պետական նախադպրոցական կրթության համընդհանուր հնարավորության ապահովման հարցում: Այսօր Ֆրանսիայում 3-5 տարեկան երեխաները 100%-ով ընդգրկված են նախադպրոցական կրթության մեջ և առավելապես պետական ծրագրերում:  Իտալիայում տեղական իշխանությունները 1950-ականներից սկսել են բացել նախադպրոցական հաստատություններ, և արդեն 1968 թվականից կառավարությունը հիմնադրել է անվճար նախադպրոցական հաստատություններ ըստ էության բոլոր երեխաների համար: Այսօր Իտալիայում 3-5 տարեկան երեխաների շուրջ 99%-ը ընդգրկված են նախադպրոցական հաստատություններում, առավելապես պետական ծրագրերում  /ՏՀԶԿ  կրթության տվյալների բազա- www. oecd.org/education/database ՏՀԶԿ  Ընտանեկան տվյալների բազա- www. oecd.org/els/social /family/database/

 

Վերջին տվյալներով ԱՊՀ երկրներից նախադպրոցական կրթության համակարգում երեխաների համախառն ընդգրկվածության լավագույն ցուցանիշներ ունեն Բելառուսը` 90.7 տոկոս քաղաքային բնակավայրում և 53.4 տոկոս` գյուղական բնակավայրում, Մոլդովան` միջինում 68.0 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` շուրջ 74.0 տոկոս, Ռուսաստանը` 59.3 տոկոս, Ուկրաինան` միջինում 57.0 տոկոս, Ղազախստանը` միջինում 38.7 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` 83.0 տոկոս:

   Ներկայումս ԱՊՀ երկրներում նկատվում է նախադպրոցական կրթության նկատմամբ կառավարությունների ուշադրության և հոգածության աճ: Դրա վկայությունն է մի շարք երկրների (Բելառուս, ՈՒկրաինա, Հայաստան, Ղազախստան) կառավարությունների կողմից նախադպրոցական կրթության պետական ծրագրերի, ռազմավարությունների և այլ փաստաթղթերի ընդունումը, որի նպատակը նախադպրոցական կրթությունը պետական քաղաքականության առարկա դարձնելու միջոցով դրա հետագա զարգացման ապահովումն է: Այս առումով, որպես լավագույն օրինակ է ծառայում Ղազախստանը, որտեղ վերջերս ընդունված <Ճուտիկ> պետական ծրագրով նախատեսվում է մինչև 2020 թվականը ապահովել նախադպրոցական կրթության 100 տոկոս ընդգրկվածոթյուն: Բացի այդ, երկրում գործում է նախադպրոցական կրթության պետական պատվերի ինստիտուտ (պետությունը վճարում է նախադպրոցական պարտադիր կրթության համար` անկախ հաստատության սեփականության ձևից), գործում է նախադպրոցական կրթության հաստատությունների լիցենզավորման պարզեցված կարգ և հարկային իրական բարենպաստ մեխանիզմ (ԱԱՀ-ից և կորպորատիվ եկամտահարկից ազատում, հողի հարկի և գույքահարկի գծով զգալի արտոնություններ

 

 

 

  1. Կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը:

  1. Նախադպրոցական կրթության զարգացման հիմնական գերակայությունն է նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովումը: Այն ներառում է գործողությունների հետևյալ շրջանակը.
  • նախադպրոցական կրթության կազմակերպման ձևերի բազմազանեցում,
  • նախադպրոցական ծառայությունների ընդլայնում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական և սահմանամերձ համայնքներին,
  • նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրում,
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար համապատասխան պայմանների ստեղծում:
  1. Միաժամանակ, նախադպրոցական կրթության զարգացման քաղաքականություններն ուղղված կլինեն կրթության որակի բարձրացմանը, մասնավորապես`
  • նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազայի, նյութատեխնիկական հագեցվածության բարելավում,
  • կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների մշակում,
  • նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրում,
  • նախադպրոցական հաստատությունների շենքերի անվտանգության գնահատման մեխանիզմի ներդրում:

 

  1. Կրթության բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ստեղծել որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություններ բոլորի համար, ներառյալ՝ խոցելի խմբերի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, կյանքի դժվարին պայմաններում հայտնված աղջիկների և տղաների, կանանց և տղամարդկանց: Կրթության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերը, բարեփոխումները, նախաձեռնություններն ու մշակումները պետք է հաշվի առնեն սովորողների առանձին խմբերի և անհատների կարիքները, նախատեսեն դրանց արձագանքման համապատասխան մոտեցումներ:

 

 

  1. Օրենքի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովման, նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, հաստատությունների գործունեության  կանոնակարգման և զարգացման նորմատիվային դաշտի, ինչպես նաև վերահսկողության համակարգի ապահովման համար իրավական երաշխիքների, օրենսդրական հիմքի ստեղծում:

  • Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, ոլորտի զարգացմանն ուղղված պետական երաշխիքների ամրագրում,

 

  • նախադպրոցական կրթության ոլորտում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին,տարածքային կառավարման լիազոր մարմնին, ՏԻՄ-երին վերապահվող գործառույթների հստակեցում.
  • Նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերի բարելավում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն:
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավման և զարգացման պայմանների համար ֆինանսավորման հստակ մեխանիզմների մշակում և ներդրում
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավման, նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում,
  • երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական երաշխիքների  հիմքի ապահովում,
  • նախադպրոցական հաստատությունների ղեկավարների և մանկավարժական կադրերի վերապատրաստման, մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման,աշխատանքի որակի և վարձատրության խթանում, վերահսկողության համակարգի ապահովում,
  • Կրթական ծրագրերի տեսակների, երեխաների ընդունելության, տարիքային խմբերի դասակարգման, համալրման, ազգային փոքրամասնության և օտարերկրյա քաղաքաքացիների երեխաների կրթության կազմակերպման, ռեսուրսային կենտրոնների, ոլորտի ղեկավար և մանկավարժական կադրերի իրավունքների և պարտականությունների սահմանում:
  • Նախադպրոցական կրթության համընդհանուր ներառականության և մատչելիության ապահովում. 3-6 տարեկան բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառական և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիություն և 5 տարեկանների առավել ընդգրկվածություն:
  • Ոչ պետական նախադպրոցական հաստատությունների և հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի հիման վրա գործող նախադպրոցական խմբերի գործունեության կանոնակարգում:
  • Հաստատությունում ձևավորվող տարիքային խմբերի անվանումների, երեխաների ընդունելության, համալրման, փաստաթղթերի ցանկի հստակեցման, նորմատիվների կանոնակարգման իրավական նորմերի սահմանում:
  • Կրթության համակարգում կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակների և ուղղվածության` այդ թվում նախադպրոցական կրթական ծրագրերի կառուցման հաջորդականության սկզբունքի ապահովում: մասնավորապես խոցելի խմբերի նախադպրոցական տարիքի, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների համար, համընդհանուր ներառական կրթության ապահովում:   
  • Սույն օրենքի նախագիծը երաշխավորում է համընդհանուր ներառական կրթության միջոցով նախադպրոցական կրթությունը դարձնել մատչելի և հասանելի քաղաքաբնակ և գյուղաբնակ բոլոր երեխաների համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական և տնտեսական պատճառներով խոցելի երեխաների համար:

       Օրենքի նախագծում կարևորված է երեխաների իրավունքների պաշտպանությունը,  հատկապես կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից, քանի որ երեխայի ներառման ամենագործուն միջոցը հասակակիցների հետ մեծանալու և ընկերություն անելու նրա իրավունքի ապահովումն է ։ 

       Նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը, այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցող ծառայությունների մատուցման (յուրաքանչյուր երեխայի, ծնողի, մանկավարժի մեթոդական աջակցության տրամադրման),  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման (հատուկ մանկավարժի և ուսուցչի օգնականի մասնագիտական աշխատանք, ամենօրյա դիտարկում, համեմատում, գնահատում), տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողություններից։   Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր ՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

  • Քննարկվել է

    31.10.2017 - 15.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 25584

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

14.11.2017

Հոդված 32-ի 2-րդ մասի 7-րդ կետից հանել «ծանրության» բառը։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

14.11.2017

Հոդված 32-ի 2-րդ մասի 6-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ) մտավոր»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

14.11.2017

Հոդված 32-ի 2-րդ մասի 6-րդ կետը լրացնել նոր զ) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «զ) հոգեկան կամ այլ»։

Տեսնել ավելին