Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված է, որ շրջանառելի` բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից Կառավարության սահմանած չափանիշները բավարարող շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի օտարումն ազատվում է ԱԱՀ-ից: Այս կարգավորումը նպատակ է ունեցել խրախուսելու բազմակի օգտագործման տարաների օգտագործումը, ինչը մի կողմից պետք է նվազեցներ միավոր արտադրանքի գինը, մյուս կողմից` ապահովեր շրջանառու տարաների հնարավորինս շատ օգտագործում` ապահովելով նաև բնապահպանական օգուտներ:

Գործնականում այս դրույթի կիրառության հետ կապված առաջանում են խնդիրներ, քանի որ շրջանառելի` բազմակի օգտագործման տարա օգտագործող տնտեսավարողները հիմնականում վաճառքն իրականացնում են դիստրիբյուտորների միջոցով, որոնց կողմից իրացումն ազատված չէ ԱԱՀ-ից: ԱԱՀ-ով հարկվում են նաև շրջանառելի տարաների վերադարձի (ետ վաճառքի) գործարքները` անկախ նրանից օտարումն իրականացվում է դիստրիբյուտորներին, թե արտադրողին: Ստացվում է, որ արտադրողի կողմից իրացումն ԱԱՀ-ից ազատելու խթանը վաճառքի ամբողջ շղթան չի կարգավորում և շրջանառելի միևնույն տարայի վերադարձը հարկվում է այնքան անգամ, որքան այն շրջանառվում է:

Խնդիրը փոքր-ինչ այլ է հանրային սննդի օբյեկտների հետ հարաբերություններում, որոնց արտադրողները ապրանք օտարելիս, որպես կանոն, շրջանառելի տարաները չեն օտարվում, այլ տարբեր մեխանիզմներով տրամադրում են պահպանման` հետագայում վերադարձնելու պայմանով:

Նշված խնդիրները, ինչպես նաև ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական մարմնի կողմից գործարարների կիրառած մոտեցումների հնարավոր մեկնաբանությունների վերաբերյալ մտահոգությունները անորոշություններ են առաջացնում գործարարների համար և չեն նպաստում շրջանառելի տարաների ավելի լայն կիրառությանը: Արդյունքում` որոշ տնտեսավարողներ հրաժարվել են իրենց տարաները շրջանառելու մեխանիզմից և անընդհատ նոր տարաներ են գնում և մտցնում շուկա:

Նշված երևույթները ստեղծում են տնտեսական անհարկի ծախսեր` շրջանառության ենթակա տարաների փոխարեն նոր ձեռք բերվող տարաների վրա կատարվող ծախսի մասով: Ընդ որում, այդ տարաները հիմնականում ներկրվում են և երկրի ներսում լրացուցիչ արժեք չեն ստեղծում:

Չնայած շրջանառելի տարաների հավաքմամբ և վերադարձով զբաղվող տնտեսավարողների առկայությանը` տարաների որոշ մասը մնում է որպես թափոն և ստեղծում բնապահպանական խնդիրներ: Այն մասը, որը հավաքվում է թափոններից և վաճառվում տարայավորված ապրանք արդադրողին, ենթադրում է հավելյալ ծախսեր` հետագայում օգտագործելու համար և ավելի հաճախ է լինում ոչ պիտանի:

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ելնելով վերոգրյալից` Նախագծի նպատակն է ստեղծել կանխատեսելի իրավական պայմաններ շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հնարավորինս շատ շրջանառելու համար:

 

3ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում` դրանում նախատեսելով, որ շրջանառելի` բազմակի օգտագործման տարան, որով տարայավորված է ապրանք, չի համարվում օտարված, եթե այդպիսի տարայով տարայավորված ապրանքի շրջանառության բոլոր փուլերում պայմանագրով (պայմանագրերով) կամ հաշվարկային փաստաթղթով սահմանված է, որ տարայի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանում է ապրանք արտադրողը և որ տարան ենթակա է վերադարձման ապրանք արտադրողին` ուղղակի կամ ապրանքը վերավաճառած անձի միջոցով:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

          Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն կանխատեսելի պայմաններ բազմակի օգտագործման շրջանառելի տարաների շրջանառության համար, ինչը կնպաստի նոր տարաների հնարավորինս քիչ ձեռք բերմանը` նվազեցնելով տնտեսության համար առաջացող լրացուցիչ ֆինանսական բեռը և բնապահպանական խնդիրները:

 

 

 

  • Քննարկվել է

    21.11.2022 - 06.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2430

Տպել