Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի հուլիսի 30-ին ընդունված և ներկայումս գործող քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նախապատրաստված և քրեական գործ հարուցելը մերժված նյութերի հետագա պահպանության և պահպանության ժամկետների հստակեցման հարցերով։

Որոշմամբ հաստատված հավելվածի 310-րդ կետի համաձայն քրեական գործի հարուցումը մերժված նյութերի պահպանության համար սահմանվել են հետևյալ ժամկետները՝ 5 տարի (ոչ մեծ ծանրության հանցագործությունների կապակցությամբ), 10 տարի  (միջին ծանրության հանցագործությունների կապակցությամբ), 15 տարի (ծանր հանցագործությունների կապակցությամբ) և մշտական (առանձնապես ծանր հանցագործությունների կապակցությամբ)։ Հիշյալ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ քրեական գործի հարուցումը մերժված նյութերի պահպանման ժամկետների նման տարանջատումն արծարծվել է նաև ՀՀ ոստիկանության պետի 11․07․2007թ․ թիվ 55-ԱԳ հրամանով հաստատված ցանկում։ Նախկին իրավակարգավորումներով քրեական գործի հարուցումը մերժված նյութերի պահպանման համար, անկախ ծանրության աստիճանից, սահմանված էր 5 տարի պահպանման ժամկետ, ի կատարումն որի, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները տասնամյակներ շարունակ ոչնչացրել են ավարտված և 5 տարի պահպանման ժամկետները լրացած քրեական գործի հարուցումը մերժված բոլոր նյութերը։

ՀՀ կառավարության 11․04․2019թ․ թիվ 397-Ն որոշման հավելվածով քրեական գործի հարուցումը մերժված նյութերի համար պահպանության 5, 10, 15 և «մշտական» ժամկետների սահմանումը գործնականում դժվարություններ է առաջացնում որոշ տեսակի նյութերի ծանրության աստիճանի որոշման հարցում, մասնավորապես՝ հանկարծամահությունների վերաբերյալ նախապատրաստված։

1998 թվականին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի    4-րդ մասը քրեական գործի հարուցումը մերժելու մասին կայացված որոշումը վերացնելու առավելագույն ժամկետ է նախատեսել այդպիսի որոշումը կայացնելուց հետո վեց ամսվա ժամկետը։

2021 թվականին ընդունված և ներկայումս գործող քրեական դատավարության օրենսդրության կարգավորումների համատեքստում «նյութերի նախապատրաստման» փուլը որպես քրեական դատավարության ինքնուրույն փուլ չի հանդիսանում, քանի որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվելու:

2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից։

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխություն և լրացում՝ քրեական գործի հարուցումը մերժված նյութերի համար տարբերակված (ըստ ծանրության աստիճանների) պահպանության ժամկետների փոխարեն սահմանելով միասնական 1 տարի պահպանման ժամկետ։

Գործող իրավակարգավորումների լույսի ներքո մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նախապատրաստված և քրեական գործ հարուցելը մերժված նյութերը 5, 10, 15 տարի, առավել ևս «մշտական» պահպանելը իրավական կամ որևէ այլ նպատակահարմարություն չի ներկայացնում, ինչը հավելյալ հանգեցնում է նաև ավարտված փաստաթղթերի պահպանման համար նախատեսված աշխատասենյակների ինքնանպատակ ծանրաբեռնումը։

Հաշվի առնելով, որ քրեական գործի հարուցումը մերժված նյութերն ավարտից հետո անցնում են փաստաթղթերի համար նախատեսված որոշ ընթացակարգերով, ինչպիսին են դրանց կենտրոնացումը անվանացուցակային գործերում (250 թերթ), ներքին ցուցակների կազմումը, կարումը, համարակալումը  և գործերի հաշվառումը «Գործավարությամբ ավարտված գործերի և մատյանների հաշվառման» մատյանում, ինչի համար նախատեսված ժամանակը, նյութերի մեծ ծավալով պայմանավորված, կարող է զբաղեցնել դրանց ավարտին հաջորդող տարվա մի մասը, բայց ոչ ուշ, քան տարեվերջը, ուստի դրանց պահպանման համար առաջարկվում է առավել գործուն 1 տարի ժամանակ։

 

4Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

6Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նախապատրաստված և քրեական գործ հարուցելը մերժված նյութերի պահպանման ժամկետ։

 

  • Քննարկվել է

    18.11.2022 - 03.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2387

Տպել