Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի՝ Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները։ Երևանի զարգացման 2023 թվականի  ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) առանձին բաժիններով ներկայացված են  Երևանի վարչական շրջանների զարգացման ծրագրերը։

Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները մեկ տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները։

Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի նկարագիր», «Հիմնախնդիրներ» և «2023 թվականին նախատեսվող աշխատանքներ»։

2023 թվականին նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը կազմվել են՝  հիմք ընդունելով Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։ Այս առումով կարևորվում է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար, մասնավորապես հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը, բնակչության սակավաշարժ խմբերի համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը։

Հատկանշական է, որ այս տարվա ծրագիրը համալրվել է նոր՝ «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված ծրագրեր» բաժնով: Ինչպես գիտեք, վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը զգալի քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի փոփոխության ազդեցության հարմարվողականության հատուկ միջոցառումների իրականացման ուղղությամբ: Այս առումով 2023 թվականին նախատեսվում է շարունակել ակտիվ համագործակցությունը ՄԱԶԾ-ի և Եվրոպական միության հետ՝ կյանքի կոչելու մի շարք կարևոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի քաղաքային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարելավման և շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացմանը: Շարունակական կլինեն վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, հասարակական շենքերի ջերմամեկուսացման, էներգաարդյունավետության մակարդակի բարձրացման, տրանսպորտային համակարգի արդիականացման և խելացի լուծումների կիրառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նպատակ ունենալով նվազեցնելու CO2 արտանետումները:

Մյուս կարևոր ձեռքբերումն այն է, որ 2022 թվականի մայիսի 17-ին Երևանը դարձել է «Տեղային Բաց Կառավարման Գործընկերություն» նախաձեռնության անդամ, որի շրջանակում, համագործակցելով  քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, ՀԿ-ների, ինպես նաև ակտիվ քաղաքացիների հետ, Երևանը մշակել է իր՝ 2023-2024թթ. տեղային ԲԿԳ գործողությունների ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել համայնքային կառավարման համակարգը դարձնել առավել թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային:       
Մշտական ուշադրության կենտրոնում են լինելու Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանության խնդիրները։ Այդ նպատակով սոցիալական բնույթի ծրագրեր կիրագործվեն նաև մասնավոր հատվածի, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակական բարելավման նպատակով՝ աջակցություն կցուցաբերվի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունները ժամանակակից բուժսարքավորումներով  համալրելու գործընթացին։
Կարևորվում է նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը, միջազգային համագործակցության ընդլայնումը։
Երևանի զարգացման 2023թ. ծրագրում նախատեսվում է համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի իրականացում, դրանց շրջանակի ընդլայնում։

Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի նախագիծը 2022թ. նոյեմբերի 8-ին տրամադրվել է Երևանի քաղաքապետի` 2019թ. հունիսի 7-ի հ.1881–Ա որոշմամբ (13.10.2020թ. հ. 3208-Ա որոշման խմբագրությամբ) հաստատված Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամներին, որոնք 2021թ. նոյեմբերի 15-ին հրավիրված նիստի ընթացքում (15 կողմ, 1 դեմ) քվեարկեցին ծրագրի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուն։

Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածը, համաձայն որի Երևանի քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները՝ որոշման նախագծով Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվում Երևանի զարգացման 2023 թվականի ծրագիրը։

  • Քննարկվել է

    15.11.2022 - 30.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

24.11.2022 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3841

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Մշակույթ 20. Մշակույթ բաժնում «Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունները» փոխարինել «Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կազմակերպություններ» բառակապակցությամբ: Շինարարություն և բարեկարգում 21. Շինարարություն և բարեկարգման բաժնում ստորգետնյա և վերգետնյա անցումների կառուցման միջոցառման մեջ նշել, թե որքանով է դա մատչելի դարձվելու տարեցների, մանկասայլակով տեղաշարժվող մեծահասակների, հաշմանդամություն ունեցող անձանց համար (օրինակ՝ վերելակի կամ էսկալատորի առկայություն) կամ վերանայել առաջարկվող միջոցառումը: 22. Հստակեցնել, թե ինչ հիմքով են հուշարձանների վիճակի նկարագրությունը ներառված «Շինարարություն և բարեկարգում» և ոչ «Մշակույթ» կամ «Քաղաքաշինություն և ճարտարապետություն» բաժիններում: Տրանսպորտ 23. Տրանսպորտի բաժնի նկարագրական մասում ավելացնել առաջարկվող հանրային տրանսպորտի միջոցների արդյունավետությունը դրանց ուղևորափոխադրման ծավալի, երթուղիների և քաղաքի բնակիչների տեղաշարժով պայմանավորված պահանջարկի համեմատությամբ: 24. Ավելացնել, թե ինչպես է տրասպորտային միասնական համակարգի ձևավորման գործընթացը հաշվի առնելու խելացի կառավարման մոտեցումները: 25. Հստակեցնել, «Միասնական տոմսային համակարգի ներդրում» ծրագիրն ինչ հիմնավորմամբ է նախատեսված իրականացնել մասնավոր աղբյուրներից ստացված ֆինանսավորմամբ, եթե հանրային տրանսպորտի համակարգն այսօր Երևանում համայնքային սեփականության է: 26. Չափելի դարձնել երկու ստորգետնյա կայանատեղի ստեղծումով նախատեսվող հետևյալ ամբիցիոզ նպատակը. «Երևանի առկա հասարակական, խոշոր վարչական, բազմագործառույթ օբյեկտներով խիտ կառուցապատված միջավայրում կայանատեղերի կազմակերպման քաղաքաշինական կարևորագույն պրոբլեմի՝ քաղաքային միջավայրում տրանսպորտային երթևեկության կազմակերպման պայմանների բարելավման (փողոցների թողունակության բարձրացման) և ավտոտրանսպորտային միջոցների կայանման ու պահպանման ապահովման խնդիրների լուծում, այդպիսով բարենպաստ կենսամիջավայրի կազմակերպում, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավում, հետիոտնային ուղիների ազատագրում և անվտանգ շարժման կազմակերպում, գոտու բարեկարգմամբ սանիտարա-հիգիենիկ պայմանների բարելավում, արտանետումների կանխարգելում, զբոսաշրջության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում և այլն»: Քաղաքաշինություն և ճարտարապետություն 27. Հստակեցնել, ինչ հիմքով են Քաղաքաշինություն և ճարտարապետություն բաժնում առանձնացված ներկայացված «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակում» և «Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծ» գործողությունները, եթե պատմամշակութային հիմնավորման նախագծերը ՀՀ օրենսդրության համաձայն համարվում են գլխավոր հատակագծի համար ելակետային նյութ: Նաև պարզաբանել, թե ինչով է հիմնավորվում Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նոր նախագծի անհրաժեշտությունը, եթե գործողը մշակվել է 2010-ական թվականներին: 28. Հստակեցնել, թե ինչ միջոցառում է նախատեսվում՝ ապահովելու հուշարձանների պահպանական գոտիների ձևավորումը, որը դեռևս առկախված է: 29. Հստակեցնել, ինչպես է Երևանի քաղաքապետարանը երաշխավորելու, որպեսզի քաղաքի տարածքում գտնվող՝ վթարային վիճակում գտնվող պատմամշակութային հուշարձանները չվնասվեն կամ չփլուզվեն մինչև համապատասխան որոշումների կայացումը: 30. Ավելացնել միջոցառում, թե ինչպես է ապահովելու տեղափոխման ենթակա և ներկայումս ապամոնտաժված շենքերի քարերի պահպանությունը: 31. Վերանայել «Երևան քաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագիր» և «Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասուցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև» գործողությունները, որոնք հակասում են գործող գլխավոր հատակագծին։ Ընդ որում, «Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասուցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև» ծրագիրը հակասում է գործող Շինարարական նորմին, մասնավորապես «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՀՀՇՆ 30-01-2014-ին, որտեղ կետ 285-ով մետրոպոլիտենի կայարանների հեռավորությունը պետք է կազմի 1000-1200 մետր։ Տվյալ դեպքում կայարանների միջև հեռավորությունը 1750 մետր է։ 32. Հստակեցնել, թե ինչ է նախատեսվում անել Կորյունի փողոց – Նորք կիսաքանդ ճոպանուղու հետ, ինչ հիմնավորմամբ է այն մատնված անտերության, և փոխարենը նախատեսվում է կառուցել նոր՝ գլխավոր հատակագծին հակասող մեկ այլ ճոպանուղի: 33. Հաշվի առնելով Երևան քաղաքի առանձին հատվածներում ծայրահեղ խիտ կառուցապատումը և դրանով պայմանավորված տրանսպորտային ծանրաբեռնվածությունը, աղմուկը և ստրեսը, օրինակ՝ Կենտրոնում և Արաբկիրում, սառեցնել շինթույլտվությունների տրման գործընթացը՝ մինչև գլխավոր հատակագծի (գլխավոր քաղաքային պլանի/ռազմավարության) մշակման աշխատանքների ավարտը, նոր հարացույցի/պարադիգմի որոշումը: Վարչական շրջանների ծրագրեր 34. Ամբողջությամբ վերանայել վարչական շրջանների համար նախատեսված գործողությունները, դրանց տրամաբանությունը և հիմքերը: Պարզվում է, որ միայն Կենտրոն վարչական շրջանում կա ալկոհոլային և թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց հարկադիր բուժման վերականգնման անհրաժեշտություն և Ընտանեկան բռնության ենթարկված քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովման անհրաժեշտություն, իսկ հասարակական զուգարանների վիճակը խնդրահարույց է միայն Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Վարչական նման միջոցառումները կախված չեն տարածքային զարգացման առանձնահատություններից և տրամաբանական է, որ ունենան միասնական լուծում:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Կոմունալ տնտեսություն 14. Կոմունալ տնտեսության բաժնի նկարագրական մասում հիմնավորել, թե արդյո՞ք կոմունալ տնտեսության բաժնում «Երևանի քաղաքային լուսավորություն» վարկային և դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների պլանավորմանը նախորդել է ծախսերի արդյունավետության գնահատում առ այն, թե որքանով է ավելի շահավետ կարճաժամկետ և երկարաժամկետ տեսանկյունից միայն LED տիպի լուսատուների տեղադրումը, ինչպես նաև հիմնավորել այս մոտեցման արդյունավետությունը հռչակված գերակայությունների տեսանկյունից, որտեղ նաև հստակ նշված է էներգախնայող համակարգերի ներդրման և էներգետիկ անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը: 15. Ուսումնասիրել և գնահատել աղբահանման և սանիտարական մաքրման գործառույթի իրականացմանն առնչվող խոչընդոտները, համակարգային լուծման հնարավորությունները և անհրաժեշտ միջոցները: 16. Վերանայել վերելակային տնտեսության հետ կապված մոտեցումները: Մի կողմից զգալի միջոցներ են ծախսվում և արդիականացվում է քաղաքի վերելակային համակարգը, մյուս կողմից՝ վարչական շրջանների թողտվությամբ և համատիրությունների մասնակցությամբ տեղի է ունենում վերելակների ֆիզիկական փչացում՝ դրանցում տարբեր չափերի և բովանդակության գովազդային վահանակներ տեղադրելու միջոցով՝ հատկապես ընտրական ժամանակահատվածում: Հանրակրթություն 17. Վերանայել նախադպրոցական ոլորտի «Նյութատեխնիկական բազայի համալրում նախադպրոցական ուսումնական հաստատություններում» ծրագրի շահառուների ցանկը, որտեղ անհասկանալիորեն ներառված են Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակիցները: Միջազգային համագործակցություն 18. Միջազգային համագործակցության բաժնում թվարկված քույր/գործընկեր քաղաքների հետ կնքված բոլոր հուշագրերի, համաձայնագրերի ու պայմանագրերի ցանկին զուգահեռ ավելացնել համապատասխան վերաբերելի ոլորտները, համագործակցության արդյունքները, փորձը, օգուտը Երևան քաղաքի և քաղաքապետարանի համար: 19. Նախանշել համագործակցության այն ուղղությունները, որոնք կկարևորվեն 2023 թվականի ընթացքում՝ ելնելով հռչակված նպատակներից և գերակայություններից:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Ոլորտային խնդիրներ և առաջարկություններ Առողջապահություն 11. Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի առողջապահության բաժնի նախատեսվող ծրագրերում հստակեցնել գերակայություններում նշված մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը միտված ծրագրի կամ ծրագրերի անմիջական նպատակները, ինչպես նաև ցույց տալ, թե ինչպես են առողջապահական ծառայություններից օգտվելու պատերազմից հետո բացահայտված՝ խոցելիություն ունեցող խմբերը: Բնապահպանություն 12. Հստակեցնել, թե ինչ գործողություններ են ձեռնարկվելու Նորքի անտառի պահպանման ու վերականգման ուղղությամբ, նույնիսկ եթե անտառի պահպանության առաջնային պատասխանատուն Երևանի քաղաքապետարանը չէ: 13. Բնապահպանության կամ Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման բաժնում նախատեսել շատրվանների վերանորոգման կամ նորերի կառուցման միջոցառումը, որպես նաև քաղաքի միկրոկլիմայի վրա բարենպաստ ազդող միջոց:

Տեսնել ավելին