Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի նիստում ՀՀ վարչապետի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ արդարադատության նախարարներին տրված հանձնարարականի (27.04.2017թ. նիստի N 17 արձանագրություն, N 29.7/[403491]-17)՝ համաձայն որի գործատուների վարչական բեռը թեթևացնելու համար պետք է նախաձեռնվեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների իրականացում կամ մշակվեր նոր օրենսգրքի նախագիծ: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մշակել և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ` Նախագիծ):

Նախագծի մշակման շրջանակներում հաշվի է առնվել նաև ՀՀ վարչապետի 02.08.2017թ. N 02/14.8/17575-17 հանձնարարականի պահանջը, որով հանձնարարվել է աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարության նախագծում բարձրացված հիմնախնդիրները քննարկել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի նիստում տրված հանձնարարականի (27.04.2017թ. նիստի N 17 արձանագրություն, N 29.7/[403491]-17) համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքում իրականացվելիք փոփոխությունների համատեքստում:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         ՀՀ աշխատանքային օրենսգիրքն (այսուհետ` Օրենսգիրք) ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին և ուժի մեջ մտել 2005 թվականի հունիսի 21-ից: Օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո ենթարկվել է մի շարք փոփոխությունների` սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման պահանջներին համաչափ:

          Վերջին մեծածավալ փոփոխությունները կատարվել են 2015 թվականի հունիսի 22-ին, երբ Օրենսգրքի դրույթները միջազգային իրավունքի նորմերի (Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ-ի կոնվենցիաների) դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաև առանձին դրույթների կիրարկման ընթացքում իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների վերլուծության և համապատասխան լուծումներ տալու գործընթացի համատեքստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը:

          Այնուամենայնիվ, Օրենսգրքի նշված փոփոխություններից հետո ևս, իրավակիրառական պրակտիկան ցույց է տալիս, որ առկա է Օրենսգրքի դրույթների շարունակական բարելավման ու կատարելագործման անհրաժեշտություն՝ նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել ճկուն մեխանիզմներ նախատեսելու տեսանկյունից:

          Միաժամանակ առկա է նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին Օրենսգրքի պահանջների համապատասխանեցման անհրաժեշտություն:

          Մյուս կողմից, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում օբյեկտիվորեն կարևորվում է նաև փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման որոշակի խթանների և առանձնահատկությունների սահմանումը՝ նկատի ունենալով նաև այս ուղղությամբ միջազգային հաջողված փորձը: Մասնավորապես, ուսումնասիրվել է ստորև բերված երկրների փորձը:

          Լիտվայի նոր աշխատանքային օրենսգրքով տրվել են աշխատանքային հարաբերությունների առավել ազատականացված կարգավորումներ: Այն է՝

1) թույլատրվում է ազատորեն կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր, սակայն սահմանափակվում է միևնույն գործատուի հետ, նույն աշխատանքի համար կնքվող պայմանագրի ժամկետը (մինչև 2 տարի), իսկ տարբեր աշխատանքների համար մինչև 5 տարի.

2) աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի՝ գործատուի նախաձեռնությամբ լուծման դեպքում ծանուցման ժամկետները կրճատվել են մինչև մեկ ամիս, նախկին 2-4 ամսվա փոխարեն, և մինչև 2 շաբաթ, եթե աշխատողի ստաժը 1 տարուց քիչ է (նախկինում այս հիմքով լուծման դեպքում նշված ժամկետը 2 ամիս էր).

3) գործատուին իրավունք է տրվում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը առանց որևէ պատճառի՝ նրան առնվազն 3 աշխատանքային օր առաջ ծանուցելով և 6 ամսվա միջին ամսական աշխատավարձ վճարելով.

4) մեծացել է արտաժամյա աշխատանքների տևողությունը: Այն աշխատողի համաձայնությամբ կարող է կազմել շաբաթական մինչև 12 ժամ.

5) ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը չի կրճատվում մեկ ժամով:

ՌԴ աշխատանքային օրենսգրքում 2016թ. կատարված փոփոխություններով, գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները, տրվել են մի շարք կարգավորումներ, որոնք հիմնականում տեղ են գտել նաև Նախագծում:

Փոքր բիզնեսի համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկություններ և որոշակի խթաններ սահմանելու նախաձեռնություններ կան նաև Ղազախստանում և Բելառուսում:

ԱՄՆ-ում կիրառվում է այպես կոչված «կամքով աշխատանք» մեխանիզմը: Սա այն դեպքն է, երբ աշխատանքային հարաբերություններում ապահովվում է մաքսիմալ ճկունություն, ընդհուպ մինչև այն, որ կողմերը համաձայնության գալով չեն կնքում աշխատանքային պայմանագիր, սակայն, գործատուն աշխատողի համար ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ ամրագրված բոլոր երաշխիքները: Աշխատողն այս տիպի հարաբերություններում ազատ է: Նա ցանկացած ժամանակ կարող է խզել աշխատանքային հարաբերությունները: Նրա համար սահմանվում է աշխատաժամանակի ճկուն գրաֆիկ՝ ելնելով վերջինիս ցանկությունից:

ԱՄՆ-ում և Կանադայում փոքր բիզնեսի աշխատանքային հարաբերությունների կարգավորումների մասով հատկապես կարևորվում է արհմիությունների դերը: Արհմիություններն իրենց անմիջական մասնակցությունն են ունենում փոքր գործատուների և նրանց մոտ աշխատողների աշխատանքային հարաբերությունների կարգավորման գործում, մասնավորապես վերջիններիս մոտ աշխատանքային ռեսուրսների կայունության ապահովման առումով:

Նախագծի մշակման շրջանակներում, հաշվի առնելով վերոգրյալը և գնահատելով առկա իրավիճակը՝ առանձնացվել են իրավակիրառական պրակտիկայից բխող, ինչպես նաև առավել ճկուն լուծումներ պահանջող հետևյալ խնդիրները, որոնց անհրաժեշտ է տալ օրենսդրական կարգավորումներ, մասնավորապես՝

1) աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից՝ աշխատանքի ազատության սկզբունքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը.

2) փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար առավել ճկուն կարգավորման, առանձնահատուկ մոտեցումների բացակայությունը,

3) պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորող դրույթների հստակեցման և ամբողջականացման անհրաժեշտությունը,

4) «մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը առավել հստակ սահմանելու, ինչպես նաև «ապահովագրական ստաժ» հասկացությունը սահմանող դրույթը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով, որ ապահովագրական ստաժ հասկացությունը, կենսաթոշակային ապահովության ոլորտում օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, գործնականում կորցրել է իր կիրառական նշանակությունը,

5) գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելու համար հիմք ընդունվող աշխատողների թվի վերանայման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով նշված դրույթը համապատասխանեցնել ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի պահանջներին.

6) առանձին կազմակերպություններում գործադուլ անելու ընթացքում ապահովման ենթակա նվազագույն պահանջների սահմանմանը  սոցիալական գործընկերների մասնակցության ապահովման անհրաժեշտությունը՝ նշված դրույթը ևս ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով.

7) աշխատանքի էական պայմանների առավել լայն շրջանակ սահմանելու անհրաժեշտությունը ` հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան,

8) որոշ տեսակի որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի դեպքում աշխատանքային պայմանագիրը անորոշ ժամկետով կնքված համարելու կարգավորման մասով սահմանափակում ամրագրելու անհրաժեշտությունը.

9) հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան՝ Օրենսգրքով սահմանված օրական 24 ժամ աշխատաժամանակի ռեժիմի կիրառումը հստակեցնելու անհրաժեշտությունը.

10) գործատուի և աշխատողի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի կազմակերպման հնարավորության բացակայությունը.

11) արտաժամյա, գիշերային, ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների համար հավելումների կոշտ կարգավորումների առկայություն՝ սահմանված նվազագույն չհիմնավորված չափեր (գիշերային աշխատանքի համար՝ 30 տոկոս, արտաժամ՝ 50 տոկոս, ծանր, վնասակար՝ 30 տոկոս, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար՝ 50 տոկոս).

12) ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդների տրամադրման կոշտ կարգավորումների առկայություն (ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված են արձակուրդի այս տեսակների իրավունքն ունեցող աշխատողների ցանկերը և տևողությունները).

13) Օրենսգրքի պահանջով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների ցանկերը, որի արդյունքում՝

  • միևնույն աշխատանքի՝ իրարից էապես տարբերվող պայմաններ ապահոված գործատուների համար սահմանված են նույն պարտավորությունները՝ հավելումների վճարում, լրացուցիչ արձակուրդի տրամադրում,
  • չի խրախուսվում գործատուի ներդրումները աշխատանքի պայմանների բարելավման ուղղությամբ.

14) ամենամյա արձակուրդի իրավունքի խախտման դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանքի վճարման պահանջի բացակայություն.

15) տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատանքի համար աշխատաժամանակի առավելագույն տևողության սահմանափակման ձևական պահանջների առկայությունը

16) համատեղությամբ աշխատանք կատարողների հետ, կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորության բացակայությունը (գործող կարգավորմամբ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ բոլոր դեպքերում աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով).

17) առևտրային կազմակերպությունների տնօրենների համար աշխատանքից ազատման այնպիսի օբյեկտիվ հիմքի բացակայություն, որը վերաբերում է կազմակերպության ռազմավարական խնդիրների և թիրախների չկատարմանը.

18) ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը առանձին կատեգորիայի աշխատողների համար մեկ ժամով կրճատելու երաշխիքի վերանայման անհրաժեշտությունը,

19) հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան՝ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու և սնվելու ընդմիջման տրամադրման հարցերը հստակեցնելու անհրաժեշտությունը,

20) կրճատ տևողությամբ կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկի պայմաններով աշխատողների ամենամյա նվազագույն արձակուրդների տևողության որոշման հետ կապված հստակ կարգավորումներ ամրագրելու անհրաժեշտությունը,

21) մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողին, կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդ տրամադրելու հետ կապված հարաբերությունների առավել հստակ կարգավորումներ ամրագրելու անհրաժեշտությունը,

22) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական արձակուրդին վերաբերող դրույթները հստակեցնելու անհրաժեշտությունը.

23) չվճարվող արձակուրդի տրամադրման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությունը

24) Օրենսգրքով աշխատավարձի ինդեքսավորմանը վերաբերող դրույթը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը՝ հաշի առնելով, որ ՀՀ կառավարությունը 2012 թվականից իր ծրագրերում, տնտեսության զարգացման ծրագրերին զուգընթաց, սահմանել է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակադրումներ, որին համապատասխան՝ 2013 թվականից մեկնարկել է նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է մինչև 2017թ. ապահովել նվազագույն աշխատավարձի չափի հետևողական բարձրացում,

25) միջին աշխատավարձի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չներառվող ամիսների օրացուցային լինելու պահանջի ամրագրման անհրաժեշտությունը.

26) գործատուի մոտ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտին ուսուցման ընթացքում վճարվող կրթաթոշակի չափի հաշվարկման նոր մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությունը.

27) Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների համապատասխանեցում այն մասով, որ օրենքով նախատեսված դեպքերում՝ աշխատավարձի պահումներից հետո վճարվող աշխատավարձի չափը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից: 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

   Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո թվով 23 անգամ ենթարկվել է փոփոխությունների և լրացումների: Այս շրջանակներում մեծածավալ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 2010 թվականի օգոստոսի 7-ից և 2015 թվականի հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 22-ից:

 ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումներն ուղղված են եղել` աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատողների ներկայացուցիչների իրավունքների ընդլայնմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի և հանգստի ժամանակի կարգավորմանը, միջին ամսական աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ սահմանելուն և այլն:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

 Նախագծով առաջարկվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել արդյունավետ մեխանիզմներ աշխատանքային հարաբերությունների կողմերի համար՝ հիմնված երկուստեք փոխհամաձայնության և փոխշահավետ լուծումների վրա, միջազգային լավագույն փորձը հաշվի առնելով՝ աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն հիմքեր են նախատեսվում՝ հատկապես փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար, ինչպես նաև Օրենսգրքի առանձին դրույթներ առաջարկվում է համապատասխանեցնել ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջներին:

          Մասնավորապես, Նախագծով նախատեսվել է.

1) աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներում՝ աշխատանքի ազատ ընտրության սկզբունքի ամրագրում,

2) փոքր բիզնեսի համար վարչական բեռի թեթևացում, գործատուի սխալվելու ռիսկի նվազեցում և օրինական աշխատանքային հարաբերությունների խթանում.

3) «պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներ» բառերը խմբագրել և շարադրել որպես հանրային ծառայողներ,

4) հստակ ամրագրել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձանցից բացի նաև ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով աշխատող մինչև տասնչորս տարեկան անձանց համար հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի, աշխատանքի ներգրավելու վերաբերյալ արգելք,

5) առավել հստակ սահմանել «մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը, իսկ «ապահովագրական ստաժ» հասկացությունը սահմանող դրույթն ուժը կորցրած ճանաչել,

6) գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելու համար հիմք ընդունվող աշխատողների թվի փոփոխություն՝ Օրենսգրքի դրույթը ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով.

7) առանձին կազմակերպություններում գործադուլ անելու ընթացքում ապահովման ենթակա նվազագույն պահանջների սահմանմանը  սոցիալական գործընկերների մասնակցության հնարավորություն՝ Օրենսգրքի դրույթը ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով.

8) սահմանել, որ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ, կողմերի համաձայնությամբ, հնարավոր է կնքել նաև որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր.

9) հանել տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի առավելագույն տևողությանը վերաբերող ձևական պահանջը.

10) սահմանել աշխատանքի էական պայմանների առավել լայն շրջանակ` հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան,

11) ամրագրել հստակ կարգավորում, որը սահմանափակում է որոշ տեսակի որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի դեպքում աշխատանքային պայմանագիրը անորոշ ժամկետով կնքված համարելու դրույթի տարածումը,

12) առևտրային կազմակերպության հիմնադրի համար ստեղծել օբյեկտիվ հնարավորություն՝ կազմակերպության ռազմավարական խնդիրների լուծումների և համապատասխան թիրախների լիարժեք ապահովման տեսանկյունից: Հակառակ պարագայում հիմնական պատասխանատուի՝ տնօրենի նկատմամբ կարգապահական պատասխանատվության խիստ միջոց (աշխատանքից ազատում վստահությունը կորցնելու հիմքով) կիրառելու օբյեկտիվ հնարավորություն տալ.

13) հստակեցնել Օրենսգրքով սահմանված օրական 24 ժամ աշխատաժամանակի ռեժիմի կիրառումը՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան, ինչպես նաև ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը մեկ ժամով կրճատելու առումով կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողներից բացառություն սահմանել նաև օրական 24 ժամ տևողությամբ առանձին կատեգորիայի կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկով աշխատողի համար,

14) Եվրոպական լավագույն փորձին համահունչ՝ արտաժամյա աշխատանքի կազմակերպման ճկուն և կողմերի համար փոխշահավետ հնարավորություն ապահովել, վերացնել ավելորդ սահմանափակումները.

15) հստակեցնել աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու և սնվելու ընդմիջման տրամադրման հարցերը՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան,

16) ոչ լրիվ աշխատաժամանակով, ինչպես նաև Օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձին կատեգորիայի աշխատողներից բացի հստակ ամրագրել նաև կրճատ տևողությամբ կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկի պայմաններով աշխատողների ամենամյա նվազագույն արձակուրդների տևողության որոշման ձևերը,

17) ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի ձևավորման, ամենամյա հանգստի իրավունքի իրացման չհիմնավորված և կոշտ միջամտությունների (սահմանված նվազագույն չափերի) վերացում, սոցիալական երկխոսության և պատասխանատվության խթանման հիմքերի ամբողջականացում, վարչական բեռի թեթևացում, հատկապես՝ չընդհատվող ռեժիմով գործող կազմակերպությունների համար, գործատուի սխալվելու ռիսկի նվազեցում, «աշխատավարձ - արտադրողականություն» արդյունավետ հարաբերակցության խթանում, ստվերային աշխատանքի և վարձատրության կրճատում: Առաջարկվող լուծումները նպատակ ունեն ապահովել նաև Խարտիայի 4.2 հոդվածի պահանջի կատարումը: Մասնավորապես, Կոմիտեի 2014թ. եզրակացությունում նշված է, որ արտաժամյա աշխատանքի համար չի երաշխավորվում լրացուցիչ ազատ ժամանակ՝ վարձատրության փոխարեն:

18) առավել ճկուն, արդյունավետ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխանող կարգավորման ապահովման նպատակով նախատեսվել է հանել ՀՀ կառավարության կողմից ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների ցանկերի սահմանման Օրենսգրքի պահանջը: Սույն առաջարկության համար հիմք է ընդունվել Նախադեպային իրավունքի վերլուծական ամփոփագրում Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի 2-րդ հոդվածի 4-րդ կետի մեկնաբանություններում ներկայացված հետևյալ մոտեցումը. նպատակ հետապնդելով ապահովել աշխատանքի արդար պայմանների իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են վերացնել իրենց բնույթով վտանգավոր կամ առողջության համար վնասակար աշխատանքները: Այն դեպքերում, երբ դեռևս հնարավոր չէ վերացնել կամ նվազեցնել այդ վտանգները` պետք է նախատեսվի աշխատանքային ժամերի կրճատում կամ լրացուցիչ վճարովի արձակուրդ.

19) ԱՄԿ թիվ 131 կոնվենցիայի պահանջների լիարժեք կատարման նպատակով՝

  • ամրագրել, որ նվազագույն ամսական աշխատավարձը պետք է ձևավորվի՝ հաշվի առնելով սոցիալական և տնտեսական գործոնները (ցուցանիշները),
  • ապահովել սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ նվազագույն աշխատավարձի խթանիչ և օբյեկտիվ կարգավորում,
  • կրճատել երիտասարդների առաջին անգամ աշխատաշուկա մուտքի խոչընդոտները,
  • ստեղծել ճյուղային, տարածքային և կազմակերպությունների մակարդակներում կոլեկտիվ բանակցությունների և պայմանագրերի կնքման համար իրական խթաններ.

20) Օրենսգրքի 164-րդ հոդվածը լրացնել կողմերի համաձայնությամբ մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ դրույթով,

21) ամրագրել, որ Օրենսգրքով սահմանված կարգավորումներին և սահմանափակումներին համապատասխան ամենամյա արձակուրդի իրավունքը չիրացնելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է Օրենսգրքով սահմանված չափով տուժանք՝ կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ դրանով իսկ ապահովելով գործուն հիմքեր աշխատողի ամենամյա հանգստի հիմնարար իրավունքի իրացման համար.

22) Օրենսգրքի 198-րդ հոդվածով ամրագրված աշխատավարձի ժամկետանց վճարման վերաբերյալ դրույթները խմբագրել՝ ապահովելով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների վերաբերյալ դրույթների կիրարկման ամբողջականությունը,

23) հստակեցնել մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական արձակուրդին վերաբերող դրույթները,

24) հստակեցնել չվճարվող արձակուրդի տրամադրման հետ կապված հարաբերությունները,

25) ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված աշխատավարձի ինդեքսավորման կարգավորումը,

26) միջին աշխատավարձի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվառման ենթակա տասներկու ամիսների հաշվարկի հիմքում հստակ ամրագրել տվյալ ամիսների օրացուցային ամիս լինելու պայմանը,

27) սահմանել գործատուի մոտ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտին ուսուցման ընթացքում վճարվող կրթաթոշակի չափի հաշվարկման նոր մեխանիզմներ.

28) Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 4.5 հոդվածի պահանջների կատարման շրջանակներում ամրագրել, որ օրենքով նախատեսված դեպքերում՝ աշխատավարձի պահումներից հետո վճարվող աշխատավարձի չափը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

Նախագծով գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար առաջարկվել են առավել ճկուն կարգավորումներ՝ հաշվի առնելով գերփոքր ձեռնարկատիրության առանձնահատկությունները, այդ թվում՝

  • տնտեսական մրցակցության բարձր մակարդակը և դրանով պայմանավորված շուկայում արագ փոփոխվող պայմաններին համարժեք օպերատիվ արձագանքելու օբյեկտիվ անհրաժեշտությունը,
  • տնտեսական ռեսուրսների էական սահմանափակվածությունը միջին և խոշոր ձեռնարկատիրությամբ զբաղվողների համեմատ,
  • արագ փոփոխվող պայմաններում կայունության համար սեփական մրցունակության պահպանման և հետևողական բարձրացման օբյեկտիվ անհրաժեշտությունը, որը պահանջում է ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ճկուն հնարավորություններ և առավել ազատական խաղի կանոններ.
  • աշխատանքային ռեսուրսներ ներգրավելու ծախսը միջինում մեծ տեսակարար կշիռ է կազմում իր ընդհանուր ծախսերի մեջ՝ համեմատ միջին և խոշոր ձեռնարկատիրության,
  • միջազգային փորձը և Հայաստանի իրավիճակային վերլուծությունը վկայում են, որ գերփոքր ձեռնարկությունների ստեղծման և դրանց գործունեության դադարեցման ցուցանիշները միջինում շուրջ հինգ անգամ գերազանցում են միջին և խոշոր ձեռնարկությունների համապատասխան ցուցանիշները, որը ևս վկայում է գերփոքր ձեռնարկությունների համար տնտեսական գործունեության առավել անկայուն պայմանների առկայության մասին:

Վերը նշված առանձնահատկությունները ուղղակիորեն կապված են նաև գերփոքր ձեռնարկություններում աշխատողների աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարեցման գործընթացների հետ:

Ընդհանրացնելով կարելի է փաստել, որ գերփոքր ձեռնարկությունների տնտեսվարման օբյեկտիվ առանձնահատկություններից բխող դրանց ձեռնարկատիրական գործունեության անկայունությունը, տնտեսական բաձր ռիսկերը անմիջականորեն ստեղծում են փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների և նրանց աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունների կայունության ապահովման սկզբունքի խախտման օբյեկտիվ նախադրյալներ և իրական գործոններ:

Գործնականում առկա առանձնահատուկ այս իրավիճակի հաղթահարման համար միջազգային պրակտիկայում, ինչպես նաև ՀՀ-ում տնտեսության պետական կարգավորման առանձին ուղղություն է համարվում փոքր ձեռնարկատիրության աջակցությունը, որը ենթադրում է դրանց գործունեության համար իրավական, ֆինանսական, ներդրումային, երաշխիքային բարենպաստ դաշտի ձևավորումը:

Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության նպատակը, սուբյեկտները, հիմնական ուղղությունները և պետական ծրագրերը սահմանված և կարգավորված են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, օրենքով փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության հիմնական ուղղություններից է իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը, որը ենթադրում է նաև սոցիալ-աշխատանքային հարաբերությունների օրենսդրական կարգավորման ոլորտում ևս առանձնահատուկ մոտեցումների և լրացուցիչ հնարավորությունների նախատեսում՝ հիմք ընդունելով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացան առկա և օբյեկտիվ մարտահրավերները, ինչպես նաև այս ուղղությամբ առկա միջազգային դրական փորձը:

Հատկանշական է նաև, որ Նախագծով առաջարկվող կարգավորումները բխում են ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային իրավունքի նորմերից և համապատասխանում են աշխատանքային հարաբերությունների ոլորտում ազատականացման ներկայումս ընթացող միջազգային գործընթացներին և միտումներին:

ԱՄԿ թիվ 87 և 98 կոնվենցիաների կարգավորումների տրամաբանության ներքո աշխատանքային հարաբերությունների կողմերի բանակցությունների առարկա են հանդիսանում սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքների, այդ թվում՝ լրացուցիչ վարձատրության (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) սահմանումը և դրանց հետագա փոփոխությունները: Համաձայն ԱՄԿ-ի՝ այս ճանապարհով է հնարավոր ապահովել արհմիությունների դերի բարձրացումը, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության դերի խորացումը և աշխատանքային հարաբերությունների համար զարգացման արդյունավետ, մրցակցային և կայուն հենքի ապահովումը: Վերջին պնդումները և հիմնավորումները առավելապես վերաբերում են գերփոքր ձեռնարկատիրության շրջանակներում ձևավորված աշխատանքային հարաբերություններին, որոնք ինչպես արդեն նշվեց, ունեն օբյեկտիվ և լրացուցիչ անկայունության նախադրյալներ, գործոններ, ինչպես նաև զարգացման իրական սահմանափակումներ՝ համեմատած միջին և խոշոր ձեռնարկատիրությանը: Ավելին, օրենքով  ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու, ինչպես նաև գիշերային և արտաժամյա աշխատանքների համար աշխատողին վճարվող հավելումների նվազագույն չափերի սահմանումը չի բխում ԱՄԿ թիվ 87 և 98 կոնվենցիաների ընդհանուր պահանջներից՝ նկատի ունենալով, որ համաձայն թիվ 87 և 98 կոնվենցիաների հիմնական դրույթների, այդ հավելումների նվազագույն չափերը պետք է սահմանվեն կոլեկտիվ բանակցությունների արդյունքում՝ հանրապետական, ճյուղային, տարածքային կոլեկտիվ պայմանագրերով:

Օրենքով հավելումների նվազագույն չափերի սահմանումը դեռևս մնացել է խորհրդային միության ժամանակահատվածի կարգավորումներից, որտեղ պետությունը որպես միակ գործատու, բնականաբար վերը նշված իրավունքի նորմերից դուրս կոշտ սահմանում է աշխատանքային հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը:

Ամփոփելով անհրաժեշտ է նշել, որ նմանատիպ կոշտ միջամտությունները (օրենքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու, ինչպես նաև գիշերային և արտաժամյա աշխատանքների համար աշխատողին վճարվող հավելումների նվազագույն չափերի սահմանումը) աշխատաշուկայում գնագոյացման և վարձատրության արդյունավետ չափերի սահմանման տեսանկյունից հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների և նրանց աշխատողների համար հանդիսանում է իրական պատճառ անկայունության ձևավորման, ստվերային կամ ոչ ֆորմալ աշխատանքային հարաբերությունների ձևավորման համար, հատկապես, եթե նկատի ունենանք, որ ՀՀ-ում գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտների համար սահմանված են արտոնյալ պայմաններ՝ պետական հսկողության և վերահսկողության շրջանակներում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին Օրենսգրքի պահանջների համապատասխանեցում: Մասնավորապես.

1) փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար ներքին իրավական ակտերի, այդ թվում՝ ներքին կարգապահական կանոններ ընդունելու պահանջի վերացում, ինչպես նաև նրանց համար Օրենսգրքով սահմանված նվազագույն պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևի հաստատում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ.

2) Օրենսգրքով սահմանված բացառիկ դեպքերում գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքի հնարավորությունից բացի, կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանք կիրառելու հնարավորության նախատեսում, որի պարագայում պետք է պահպանվեն աշխատողի աշխատանքային օրվա և շաբաթվա առավելագույն տևողությունները, ինչպես նաև օրական և շաբաթական հանգստի նվազագույն տևողությունները.

3) գործադուլին վերաբերող առանձին կարգավորումների համապատասխանեցում ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի պահանջներին.

4) առանձին կազմակերպություններում գործադուլ անելու ընթացքում ապահովման ենթակա նվազագույն պահանջների սահմանմանը  սոցիալական գործընկերների մասնակցության հնարավորություն՝ Օրենսգրքի դրույթը ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով.

5) արտաժամյա, գիշերային, ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների համար հավելումների նվազագույն շեմի վերացում, հավելումների չափերի սահմանման վերապահում կողմերին, որպես հավելմանը այլընտրանք՝ արտաժամյա աշխատանքի տևողությանը համարժեք լրացուցիչ վճարովի հանգստի տրամադրման հնարավորության նախատեսում, իսկ պետական հատվածում՝ հավելումների չափերի սահմանում ՀՀ կառավարության կողմից.

6) ամենամյա երկարացված կամ լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող աշխատանքների պայմանների բնութագրում օրենքով, ամենամյա երկարացված կամ լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգի ու պայմանների սահմանում կողմերի համաձայնությամբ, իսկ պետական հատվածում՝ ՀՀ կառավարության կողմից.

7) ՀՀ կառավարության որոշմամբ ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների ցանկերի սահմանման Օրենսգրքի պահանջի վերացում և հետևյալ տարբերակված պահանջի սահմանում. աշխատողներին, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի, տրամադրվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդ կամ աշխատանքի ընթացքում հատուկ ընդմիջումներ կամ կողմերի բանակցությունների արդյունքում կարող է վճարվել նաև հավելում կողմերի որոշած չափով.

8) նվազագույն աշխատավարձի կարգավորման վերանայում և հետևյալ պահանջների նախատեսում՝

  • ըստ տնտեսության ճյուղերի, մասնագիտությունների և որակավորումների, տարածաշրջանների, ինչպես նաև առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների համար նվազագույն աշխատավարձի տարբերակված չափերի սահմանում,
  • նվազագույն աշխատավարձի սահմանման գործընթացում տնտեսական և սոցիալական գործոնների բազմակողմանի հաշվառման գործուն մեխանիզմներ, այդ թվում՝ բոլոր փուլերում սոցիալական գործընկերների հետ խորհրդակցություններ.

9) Օրենսգրքով սահմանված կարգավորումներին և սահմանափակումներին համապատասխան՝ ամենամյա արձակուրդի իրավունքը չիրացնելու դեպքում գործատուի կողմից աշխատողին Օրենսգրքով սահմանված չափով տուժանքի վճարում՝ կետանցված յուրաքանչյուր օրվա համար.

10) տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի առավելագույն տևողության պահանջի վերացում՝ հաշվի առնելով, որ այս պահանջը գործատուներից որևէ մեկը չի կարող լիարժեք ապահովել և վերահսկել, եթե աշխատողը ամբողջական տեղեկատվությունը չներկայացնի.

11) առևտրային կազմակերպությունների տնօրենների համար Օրենսգրքով սահմանված՝ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման օբյեկտիվ հիմքի նախատեսում

Առաջարկված օրենսդրական կարգավորումները քաղաքացիների և բիզնեսի համար առաջարկելու են աշխատանքային հարաբերությունների մի միջավայր, որտեղ հնարավոր է դառալու կողմերի համագործակցությամբ սոցիալական և տնտեսական խնդիրների շուրջ արդյունավետ և փոխշահավետ որոշումների կայացումը: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ անհրաժեշտ է.

  • աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանել գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի և աշխատողի միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը.
  • մշակել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվեն պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակն ու տևողությունը,
  • մշակել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվի ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը,
  • մշակել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվեն պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների համար ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունները,
  • մշակել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվեն պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների համար արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի վճարվող հավելման չափերը,
  • մշակել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվեն պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների այն աշխատողներին վճարվող հավելումների չափերը, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի,
  • ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն, N 1599-Ն որոշումները, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշմամբ հաստատված ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը:

 

  • Քննարկվել է

    24.10.2017 - 08.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

24.10.2017 11:39

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3370

Տպել

Առաջարկներ`

Եվրամիության GSP+ համակարգի փորձագետ armen-melkumyan@yahoo.com

08.11.2017

Ներկայացնել մանրամասն վերլուծություն առ այն, թե որն է վարչական բեռի այն մասը, որը ստեղծում է ներկայիս աշխատանքային օրենսդրությունը այսպես կոչված գերփոքր ձեռնարկությունների համար, օրինակ՝ ներքին փաստaթղթաշրջանառության շատ բարձր մակարդակ, աշխատանքի անցնելու և աշխատանքից ազատվելու անճկուն պայմաններ, որոնք հանդիսանում են գործատուի համար այնպիսի բեռ, որի պատճառով փոքր կամ գերփոքր ձեռնարկություններից այսքանը կամ այնքանը անցած տարվա կտրվածքով հայտնվել են սնանկացման եզրին և այլն։ Հաստատել այս ամենը թվային, հետազոտական և վերլուծական տվյալներով։ Պարզաբանել, թե արդյոք կա ՀՀ-ում փոքր գործարարության վրա բացասաբար ազդող գործոնների որևէ վերլուծություն կամ դրա արդյունքները, մասնավորապես՝ թե ինչպես է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը՝ տեսականորեն, և ապա Աշխատանքային օրենսգրքի կիրառումը՝ գործնականում, ազդում փոքր բիզնեսի վրա։ Եթե կա նման վերլուծություն առաջարկում ենք այն հրապարակել։

Եվրամիության GSP+ համակարգի փորձագետ Արմեն Մելքումյան armen-melkumyan@yahoo.com

08.11.2017

Հանել նախագծին կից «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքի վերջին ՝ «ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն, N 1599-Ն որոշումները, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշմամբ հաստատված ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը» ուժը կորցրած ճանաչելու մասին կետը։

Եվրամիության GSP+ համակարգի փորձագետ Արմեն Մելքումյան armen-melkumyan@yahoo.com

08.11.2017

Վերանայել կամ հանել նախագծի 2-րդ, 5-րդ, 13-րդ /նոր 6-րդ մասով/, 14-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածները, որոնք առաջ են բերում խտրականության և աշխատանքային պայմանների դիսկրետ և միակողմանի փոփոխությունների միջոցով աշխատողների շահագործման ռիսկեր։

Տեսնել ավելին