Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 214-րդ հոդվածը վերաբերում է քննչական գործողություն կատարելիս տեխնիկական միջոցների կիրառմանը, որի 3-րդ մասով սահմանվել է,  որ Օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննչական գործողությունները (բացառությամբ փաստաթղթի զննության, տեղեկատվության պահանջի և առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելու) պարտադիր տեսաձայնագրվում են, բացառությամբ երբ դա օբյեկտիվորեն անհնար է։

Օրենսգրքի 483-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ 214-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։ (…):

Օրենսգրքի 214-րդ հոդվածի 11-րդ մասով ամրագրված է, որ  քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ինչպես նաև տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը։

ՀՀ կառավարության 2022թ․ ապրիլի 7-ի 457-Ն որոշմամբ հաստատվել է վերոգրյալ կարգը (այսուհետ՝ Կարգ)։

Կարգով սահմանված տեսախցիկների տեխնիկական բնութագրերի և չափանիշների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ տեսաձայնագրում և լուսանկարահանում իրականացնող տեխնիկական միջոցների չափանիշներից ստորև նշվածները խնդրահարույց են՝

  1. «ֆոկուսային հեռավորությունը 18-55»,
  2. «էկրանի անկյունագիծ՝ 2․7» չափանիշները։

Նկատի ունենալով, որ նման ֆոկուսային հեռավորության ապահովման նպատակով անհրաժեշտ են մեծ օբյեկտիվով տեսախցիկներ, որոնք անընդմեջ երկարաժամկետ նկարահանման դեպքում պետք է անցնեն հովացման (հանգստի) ռեժիմի, ինչի արդյունքում առկա է քննչական գործողության հարկադրված ընդհատման ռիսկ, ուստի սահմանված չափանիշները ստեղծելու են անհարկի խնդիրներ և օբյեկտիվորեն հնարավոր չի լինելու այդ չափանիշներով օժտված տեխնիկական միջոցներով սեղմ ժամկետում իրականացնել համապատասխան գործողությունները:

 Բացի այդ, նշված չափանիշը իր հերթին ենթադրում է լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, սակայն չի ապահովում լրացուցիչ արդյունք և էկրանի անկյունագծի չափանիշի սահմանման դեպքում, մրցակցությունից դուրս են մնում մարմնի տեսախցիկները (body camera), որոնք լայն կիրառում են ստացել ՀՀ ոստիկանությունում, ինչով պայմանավորված էլ քննարկվող դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել։

Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) փորձնական եղանակով կիրառվել են երկու տեսախցիկներ, որոնք օգտագործում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը։ Վերջիններիս կիրառման արդյունքում ստացվել են բարձրորակ տեսաձայնագրություններ։

Միաժամանակ, տեղի է ունեցել փորձի փոխանակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության մասնագետների հետ և վերջիններիս են փոխանցվել վերը նշված փորձնական տեսաձայնագրությունները, ինչի որակի և արդյունավետության վերաբերյալ արտահայտվել են միասնական կարծիքներ, ավելին գործընկեր հիշյալ մարմինների մասնագետների և իրավակիրառողների կողմից աշխատանքային քննարկումների արդյունքում ստացվել են դրական կարծիքներ նշված փոփոխությունը նախաձեռնելու վերաբերյալ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 457-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որի արդյունքում գործնականում արդյունավետորեն և պատշաճ կարգով կապահովվի Օրենսգրքի դրույթների կատարումը:  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

   

         Նախագիծը մշակվել է Հայասատանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 457-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդումնան արդյունքում կկանխվի քննիչի առօրյա աշխատանքում անհարկի խնդիրների առաջացման որոշակի հնարավորությունները:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 457-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 457-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Քննարկվել է

    31.10.2022 - 15.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն, Անչափահասների արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2305

Տպել