Հիշել նախագիծը

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «փորձաքննության» բառից հետո լրացնել «, մոտարկման» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 11-րդ կետ.

11) մոտարկում՝ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ներպետական օրենսդրության համապատասխանեցումը և ներդաշնակեցումը առանձին ոլորտներում տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված իրավական կարգավորումներին:

Հոդված 3. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» բառերը փոխարինել «, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել նոր՝ 8.1-ին հոդվածով.

 «Հոդված 8.1. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգումը

  1. Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ սույն հոդվածում` Համաձայնագիր) շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգումը (այսուհետ սույն հոդվածում՝ Ստուգում) իրականացվում է Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման նպատակով:
  2. Ստուգումն իրականացնում է նախարարությունը` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված բացատրական նշումի շրջանակներում նշված օրենսդրության առնչությամբ, որից հետո տրվում է եզրակացություն։ Նորմատիվ իրավական ակտի նախագիծը Ստուգման նպատակով նախարարություն է ներկայացվում նախագիծը փորձաքննության ներկայացնելու հետ միաժամանակ։
  3. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ Ստուգման են ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմինները:
  4. Նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորումը ներառում է նաև բացատրական նշում, որը պետք է պարունակի.

1) նշում Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը և ընդունման ամսաթիվը.

2) ներկայացված նախագծի` նշված օրենսդրությանը մոտարկման վերաբերյալ պարզաբանում կամ մոտարկման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ բացատրություն:

  1. Նորմատիվ իրավական ակտի նախագծի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը տրվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում: Առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտի նախագծերի ներկայացման դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացվում են նախագիծը ներկայացնողները:
  2. Նախարարության կողմից Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում նախագիծը չի կարող ներկայացվել  Կառավարության քննարկմանը։
  3. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում նախարարությունը Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացություն չի տալիս կամ չի երկարաձգում դրա տրամադրման ժամկետը, օրենսդրական ակտի նախագիծը կարող է ներկայացվել վարչապետի աշխատակազմ, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծը ակտն ընդունող մարմնի կողմից կարող է ընդունվել և ուղարկվել հրապարակման` առանց եզրակացության:
  1. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում նախագիծը ենթակա չէ հրապարակման։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  2. Կառավարության աշխատակարգում և Արդարադատության նախարարության կանոնադրության մեջ սույն օրենքի իրականացումն ապահովող փոփոխությունները պետք է իրականացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում։
  • Քննարկվել է

    29.10.2022 - 13.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3036

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

01.11.2022

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հավանություն տալով օրինագծին, առաջարկում ենք. 2. ՀՀ կառավաևության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշմանը համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի (https://www.e-draft.am) Հիմնավորումը բաժնում նախատեսել Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացության մասին տեղեկանք, որտեղ նշել դրա ստուգման մասնակիցներին ու արդյունքները:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

01.11.2022

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հավանություն տալով օրինագծին, առաջարկում ենք. 1. ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարկաւոյթնա միջև երկխոսության ամրապնդման ՀԸԳՀ-ի 21-րդ գլխի և հատկապես դրա 103 հոդվածի նպատակադրումներին համապատասխան Օրինագծում նախատեսել կետ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նորմատիվ իրավական ակտի նախագծի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը տալու գործընթացին ներգրավվում են նաև նորմատիվ ակտի կարգավորման ոլորտում փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք ակտիվորեն մասնակցում են ՀԸԳՀ-ի իրականացմանը, առաջարկություններով ակտիվորեն մասնակցում են հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am) անցկացվող հանրային քննարկումներին: Վերջին նպատակով առաջարկում ենք ՀՀ արդարադատության նախարարությանը՝ որպես իր կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am) լիազոր մարմնի, իրականացնել օրինագծերի քննարկման մասնակիցների, նրանց կողմից ներկայացված առաջարկությունների և դրանց ընդունման մասին վիճակագրություն՝ ըստ առաջարկություն ներկայացնողների, այդ թվում՝ ՔՀԿ-ների: Ըստ այդմ որոշել նրանց ակտիվության աստիճանն ու ներգրավել սույն օրինագծով նախատեսված ԵՄ օրենսդրության մոտարկման ստուգման աշխատանքներին ու եզրակացության պատրաստման գործում,

Տեսնել ավելին