Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը «և համատեղ զավակ ունեցող անձը» բառերից հետո լրացնել «` եթե սույն մասի 1-ին կետի հիման վրա հատուցման գումար չի նշանակվել (եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողը չի գտնվել գրանցված ամուսնության մեջ այլ անձի հետ)» բառերով:

Հոդված 2.  4-րդ հոդվածի 5-րդ մասում.

  1. 2-րդ կետի «և ժամկետներում» բառերը փոխարինել «, պայմաններով և ժամկետներում» բառերով,
  2. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետ.

«3) շահառուներին, մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով զինծառայողի առողջությանը վնաս պատճառվելու դեպքում` հիմնադրամի շահառու չճանաչված զինծառայողներին Կառավարության համաձայնությամբ և իր սահմանած պայմաններով և կարգով սոցիալական ծառայություններ մատուցելու վերաբերյալ` հիմնադրամի միջոցների հաշվին:»։

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում․

  • 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3) հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ օրացուցային տարին.»,

2) 4-րդ կետը «եկամուտ վճարող» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված» բառերով։

Հոդված 4.  Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5 Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում․

  • հանել «սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը,
  • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով․»,

  • 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.»։

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2․ Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձինք դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն:»։

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում․

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն՝ մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»,

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները:»։

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-5-րդ մասերով.

«2. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա շահառու ճանաչված` առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, ապա հիմնադրամը շարունակվում է վճարել ամսական դրամական աջակցություն.

1) պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի դեպքում` 75 000 դրամի չափով,

2) պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի դեպքում` 50 000 դրամի չափով,

3) պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի դեպքում` 25 000 դրամի չափով:

  1. Զինծառայողի` կրկին հիմնադրամի շահառու ճանաչվելու դեպքում (առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված ժամկետում և պատճառով մահանալու դեպքում) սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա վճարված դրամական աջակցության գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ և նվազեցվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից:
  2. Սույն հոդվածով նախատեսված դրամական աջակցությունը տրվում է առավելագույնը 36 ամիս ժամկետով` սկսած 2022 թվականի հունվարի 1-ից հետո երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան վերջին անգամն ամսական հավասար վճարը վճարելուն ամսվան հաջորդող ամսվանից: Դրամական աջակցությունը դադարեցվում է զինծառայողին կրկին շահառու ճանաչելու կամ սույն մասում նշված 36-ամսյա ժամկետը լրանալու կամ զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ զինծառայողի մահվան կամ սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետը լրանալու դեպքում:5. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի գործողությունը դադարում է 2026 թվականի հունվարի 31-ից:»:

Հոդված 9 Սույն օրենքը, բացառությամբ 3-8-րդ հոդվածների, ուժի մեջ է մտնում մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Սույն օրենքի 3-7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 3-րդ և 5-7-րդ հոդվածները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Սույն օրենքի 8-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա շահառու ճանաչված անձը երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 2022 թվականի հունվարի 1-ից հետո։

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու և (կամ) զավակի (զավակների)` 2022 թվականի համար հաշվարկված եկամուտներից վճարած (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած), ինչպես նաև 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքերի վրա: Այս դեպքում հատուցման գումարը Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում նշված շահառուին վճարվում է համապատասխան դիմումը Հիմնադրամին ներկայացնելուն հաջորդող ամսվանից:

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի հիման վրա շահառու ճանաչված անձի հատուցման իրավունքը չի վերանայվում:

 

 

  • Քննարկվել է

    28.10.2022 - 14.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3765

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

08.11.2022

2. Այսպես, մեր կարծիքով ինչպես Օրենքը, այնպես էլ Օրինագծով նախատեսվող փոփոխությունները հակասում են ՀՀ սահմանադրության մի քանի հոդվածներով սահմանված ՀՀ քաղաքացիների իրավունքներին՝ օրենքի առաջ հավասարության և խտրականության բացառման առումով: Այսպես, ՀՀ 2015 թ. Խմբագրությամբ Սահմանդրությամբ սահմանված է հետևյալը. 1) Հոդված 60. Սեփականության իրավունքը. «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: …. 8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:», 2) Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը «Բոլորը հավասար են օրենքի առջև:», 3) Հոդված 29. Խտրականության արգելքը «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:»: Առաջնորդվելով ՀՀ սահմանադրության վերոհիշյալ նորմերով ակնհայտ է նախ այն հանգամանքը, որ Օրենքով սահմանված դրոշմանիշային վճարը կամ պարտադիր վճարը սահմանադրական չէ, քանի որ դրա դրույքաչափը` 1000 դրամ, խիստ անհավասար պրոգրեսիայով կիրառելով օրենքով նախատեսված բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ` անկախ նրանց եկամտային կամ որ նույնն է գույքային վիճակից, պարզապես անհավասարություն է ու խտրականություն: Այսպես, Օրենքի ներկայումս գործող իրավակարգավորումներով մինչև 100.000 ՀՀ դրամ եկամուտ ստացող անձի եկամտի 1.5 տոկոսն է վճարվում դրոշմանիշային վճարի համար, 100.001-200.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողները՝ 3.0 տոկոսից մինչև 1.5 տոկոսը, 200.001-500.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողները՝ 2.7 տոկոսից մինչև 1.1 տոկոսը, 500.001-1.000.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողները՝ 1.7 տոկոսից մինչև 0.85 տոկոսը, իսկ 1.000.000 ՀՀ դրամից ավել ստացողը՝ 1.5 տոկոսը: Այստեղից հետևում է, որ 100.001 ՀՀ դրամ եկամուտ ունեցողի վրա դրոշմանիշային վճարի դրույքաչափը 2 անգամ մեծ է 100.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողից: Այդպիսի համամսնությամբ աստիճանաբար նվազում է նախանշված սանդղակի վերին սահմանում նշված եկամտի վրա դրոշմանիշային վճարի տոկոսային մասը՝ 500.000 ՀՀ դրամի դեպքում կազմելով 1.1 տոկոս, 1.000.000 ՀՀ դրամի եկամտի դեպքում՝ 1.5 տոկոս, 1.500.000 ՀՀ դրամի դեպքում՝ 1.0 տոկոս, 2.000.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում՝ 0.75 տոկոս: Փաստորեն որքան շատ է եկամուտ, այնքան քիչ է այդ անձը վճարում դրոշմանիշյին վճար, ինչն անարդար, անհավասար է և խիստ խտրական է: Նույն կերպ անհավասար ու խտրական է անհատ ձեռնարկատերերի և նոտարների դրոշմանիշային վճարը: Այսպես. մինչև 2.400.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կազմում է եկամտի 0.75 տոկոսը, 2.400.001-ից մինչև 6.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ հաշվարկման բազայի դեպքում՝ 1.0 տոկոսից մինչև 0.4 տոկոս, 6.000.001-ից մինչև 12.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ հաշվարկման բազայի դեպքում՝ 0.8 տոկոսից մինչև 0.4 տոկոս, 12.000.001 և ավելի դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ հաշվարկման բազայի դեպքում՝ 1.0 տոկոս: Փաստորեն դրոշմանիշյին վճարի դրույքաչափերը ոչ միայնա անրդար են, խտրական ու անհավասար, այլ նաև անտրամաբանակն: Փաստորեն ստացվում է, որ 100.001 ՀՀ դրամ ստացող անձը իր աննշան եկամտից դրոշմանիշային վճարի համար վճարում է իր եկամտի 3.0 տոկոսը, իսկ ահա 6.000.000 եկամուտ ստացողը՝ սոսկ 0.4 տոկոսը: Այսպիսի անարդարություն ու խտրականություն ոչ մի տեղ չկա: Դրոշմանիշային վճարի այսպիսի անհավասար, խտրական ու անտրամաբանական դրույքաչափերի սանդղակի սահմանումը հակասում է նաեւ հետւյալ հիմնարար նորմատիվ ակտերի իրավանորմերին. 1) ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Հոդված 20. Քաղաքացու իրավունակությունը 1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես: 2) ՀՀ Հարկային օրենսգիրք Հոդված 3. Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները  3) հավասարություն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է հավասարապես կիրառվեն բոլոր հարկ վճարողների նկատմամբ՝ անկախ նրանց գործունեության ոլորտից, տարածքային պատկանելիությունից.  4) խտրականության բացակայություն՝ հարկերի ու վճարների կիրառությունը և հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից. 3) ՀՀ Հարկային օրենսգրքի հայեցակարգ. ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը մշակվել է՝ հիմքում ունենալով հարկային քաղաքականության հիմնարար տարրերին՝ հարկման դրույքաչափերին, հարկման բազաներին, հարկային արտոնություններին և հարկի հաշվարկման ու վճարման կարգին վերաբերող հետևյալ հիմնական մոտեցումները. Հարկման դրույքաչափերի չեզոքություն: Հարկային օրենսգրքի նախագծի մշակման ժամանակ կարևորվել է հարկման այնպիսի դրույքաչափերի կիրառությունը, որոնք մի կողմից չեզոք ազդեցություն կունենան հարկային միջավայրի վրա, մյուս կողմից հնարավորություն կընձեռեն տնտեսության տարբեր ոլորտների, տարբեր չափերի, ինչպես նաև հարկման տարբեր համակարգերում գտնվող հարկ վճարողների համար սահմանել հավասարակշռված և տնտեսապես հիմնավորված հարկային բեռ: Վերոհիշյալը թույլ է տալիս եզրակացնելու, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցուման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրոշմանիշային վճարը կամ պարտադիր վճարը հակասում է վերոհիշյալ հիմնարար նորմատիվ իրավական ակտերով սահմանված հավասարության պահպանման ու խտրականության արգելման սկզբունքներին, տնտեսագիտորեն հիմնավորված չեն ու անտրամաբանական են: Ընդ որում, այդ մասով Օրենքում 2019-2021 թվականներին կատարված փոփոխություններով անընդհատ բարելավվել են բարձր եկամուտ ստացող անձանց եկամտից դրոշմանիշների վճարների վճարման սանդղաները՝ ավելիցածր տոկոսադրույքներ սահմանելով: Այդպիսի քաղաքականությունը հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ անհավատալիորեն մեծացել են Օրենքի շահառուների թիվը, եղել է ոչ միայն անրադար ու խտրական, այլև լուրջ վտանգ է ներկայացրել ծրագրի ֆինանսկան կայունության համար, ինչի մասին նշվում է Օրինագծի հիմնավորման մեջ: Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք. 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցուման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ձեւակերպել հետեւյալ բովանդակությամբ. «1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են. 1) ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով. Եկամտի ամսական մեծությունը Պարտադիր վճարի դրույքաչափը Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից մինչեւ 100.000 դրամը ներառյալ 1000 դրամ 100.001-ից մինչև 200.000 դրամը ներառյալ 1000 դրամ գումարած 100.000 դրամը գերազանցող գումարի 1,5 տոկոսը 200.001-ից մինչև 500.000 դրամը ներառյալ 2500 դրամ գումարած 200.000 դրամը գերազանցող գումարի 1,75 տոկոսը 500.001-ից մինչև 1,000.000 դրամը ներառյալ 7750 դրամ՝ գումարած 500.000 դրամը գերազանցող գումարի 2 տոկոսը 1,000.000-ից մինչև 1,500.000 դրամը ներառյալ 17.750 դրամ՝ գումարած 1,000.000 դրամը գերազանցող գումարի 2,5 տոկոսը 2,000.000-ից ավելի դրամ 30.250 դրամ՝ գումարած 2,000.000 դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը 2) տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով. Եկամտի ամսական մեծությունը Պարտադիր վճարի դրույքաչափը մինչև 1,000.000 դրամը ներառյալ 2 տոկոսը 1,000.001-ից մինչև 2,000.000 դրամը ներառյալ 7750 դրամ՝ գումարած 1,000.000 դրամը գերազանցող գումարի 2,5 տոկոսը 2,000.001-ից ավելի դրամ 30.250 դրամ՝ գումարած 2,000.000 դրամը գերազանցող գումարի 3,0 տոկոսը

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

08.11.2022

Կ Ա Ր Ծ Ի Ք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծն (այսուհետև՝ Օրինագիծ), գտնում է, որ դրանք հիմնականում ընդունելի են և փորձում են բարելավել Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետությունը: Մեր համաձայնությունն ենք արտահայտում Հիմնադրամի այն մտահոգությանը, որ, ամսական հավասար վճարումները վճարվում են առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության ժամանակահատվածի համար, իսկ եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա ամսական հավասար վճարումները դադարեցվում են՝ հարուցելով շահառուների դժգոհությունը։ Կողմ արտահայտվելով Օրենքի նախագծին, միաժամանակ ներկայացնում ենք հետևյալ դիտողություններն ու առաջարկությունները. 1. Ողջունելի է ներկայացված Օրինգծի նպատակադրումը: Սակայն մեզ մտահոգում է այդ նպատակին հասնելու մարտավորությունը: Հասկանալով Հիմնադրամի մտահոգությունները այդ աշխատանքի կազմակերպման, ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ, կարծում ենք, որ Հիմնադրամը պետք է նախաձեռներ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) այնպիսի փոփոխություններ, որոնցով կամրապնդվեր Հիմնադրամի ֆինանսական կայունությունն ու կուտակված միջոցներով լուծել Օրինագծում նշված իրապես ընդունելի հիմնախնդիրները:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

08.11.2022

Օրենքում նախատեսվող մեր առաջարկությունները հետապնդում են Օրինագծի և զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի իրավակարգավորումների համապատասխանեցումը ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ Հարկային օրենգրքով նախատեսված իրավանորմերին ու սկզբունքներին, ինչպես նաեւ դրանց համապապասխան Հայաստանի Հանրապետությունում այդ հատուկ համակարգի կիրարկման հարաբերությունների հստակեցումը: Այդ կապակցությամբ հուսով ենք, որ դրանք կքննարկվեն ըստ էության:

Տեսնել ավելին