Հիշել նախագիծը

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

      1. Անհրաժեշտությունը

    «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման  9-րդ գլխի 9․5 ենթակետի պահանջի կատարումն ապահովելու  անհրաժեշտությամբ:

      2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     Պարենային անապահովությունը Հայաստանում բարձր է․ բնակչության կեսից ավելին պարենային անապահովության վտանգի տակ են։ Պարենի Համաշխարհային Ծրագրի կողմից կատարված վերջին «Հայաստանի պարենային անվտանգության և խոցելիության» գնահատումն արձանագրում է, որ հետազոտված տնային տնտեսությունների 23%-ը պարենային անապահով վիճակում են, իսկ 56%-ը պարենային ապահովվածության սահմանային շեմին են գտնվում։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ճգնաժամային կամ շոկային իրավիճակների դեպքում պարենի տեսանկյունից անապահով դառնալու վտանգի տակ է: 2022 թվականի հունիսի դրությամբ երկրում արձանագրվել է 23.2% պարենային անապահովության մակարդակ, և այդ առումով  Հայաստանի հյուսիսային շրջաններն ավելի խոցելի են․ մասնավորապես՝ պարենային անապահովությունը Տավուշի մարզում կազմել է 25%, Լոռու մարզում՝ 31%, Շիրակի մարզում՝ 35%։  

     Հնարավոր պարենային ճգնաժամերի և շոկային իրավիճակների կանխատեսման, կանխարգելման և դրանց արագ արձագանքման ենթակառուցվածքներն ու կարողությունները անբավարար են։ Ներկա պահին պարենային անվտանգության իրավիճակի կանխատեսման և հնարավոր ռիսկերի վաղաժամ կանխարգելման որևէ համապարփակ համակարգ երկրում չի գործում։ Համապատասխան գերատեսչություններն ու կառույցները ճգնաժամային իրավիճակներին որպես կանոն արձագանքում են դրանց արտաքուստ ի հայտ գալուց որոշ ժամանակ հետո։ Մյուս կողմից հաշվի առնելով վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ COVID 19 համավարակը, Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքները, Լարսի սահմանային անցակետի պարբերաբար փակման և մեծ կուտակումների հետևանքով առաջացող տրանսպորտային միջոցների մատակարարումների խաթարումները, աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները (ռուս-ուկրաինական հակամարտություն, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաներ և այլն), պարենային ապրանքների միջազգային գների կտրուկ աճը, արտարժույթի փոխարժեքների տատանումները և այլ գործոնները՝ անհրաժեշտություն է առաջանում բարձրացնելու երկրի պարենային անվտանգության մակարդակը և ունենալ արտակարգ և շոկային իրավիճակների գնահատման, կանխարգելման և արագ արձագանքման ու կառավարման գործուն համակարգ։

      3. Կարգավորման նպատակը և բնույթը

    Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման հիմնական նպատակն է․ պարենային անվտանգության, այդ թվում կենսապես կարևոր պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակի բարձրացումը, պետական պարենային պահուստների համալրումը և ընդլայնումը, ինչպես նաև բնակչության բոլոր խավերի համար առնվազն ֆիզիոլոգիական նվազագույն նորմերին համապատասխանող սննդի ձեռքբերման տնտեսական հնարավորությունների և օգտագործվող սննդամթերքի անվտանգության ապահովումը:  Նախագծում նախանշվել են Հայաստանում պարենային անվտանգության հիմնական խնդիրներից բխող մարտահրավերները, որոնք դասակարգվում են Պարենային Ապահովության Համաշխարհային Կոմիտեի Պարենային ապահովության և սնուցման Գլոբալ Ռազմավարական Շրջանակով սահմանված պարենային ապահովության 4 հիմնասյուների՝ պարենի առկայություն, մատչելիություն, օգտագործում և կայունություն ներքո։ Ըստ հիմնասյուների սահմանվել են կոնկրետ ենթանպատակներ։ Նույն սկզբունքով կազմվել է նաև վերոնշյալ նպատակներին հասնելուն ուղղված 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

        4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

         Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (WFP) աջակցությամբ:

        5. Ակնկալվող արդյունքը

        Ռազմավարության իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները․

      1. Բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիության ապահովում,
      2. Հայաստանի 2020-2050թթ. վերափոխման ռազմավարությամբ Global Food Security Index -ի համար նախանշված մատչելիության, հասանելիության, ինքնաբավության և բնական ռեսուրսների ու դիմակայունության ինդեքսավորված հետևյալ թիրախների ապահովում․

  • Գյուղատնտեսական ապրանքների մատչելիություն (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index) մատչելիության (Affordability) գնահատականի), 76 համաթվի ապահովում 2030թ.,
  • Գյուղատնտեսական ապրանքների հասանելիություն (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index) հասանելիության (Availability) գնահատականի), 80 համաթվի ապահովում 2030թ.,
  • Կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակ (էներգետիկ արժեքով հաշվարկված, %), 70% ինքնաբավություն,
  • Բնական ռեսուրսների և դիմադրողականության ինդեքսավորված գնահատական (ըստ Գլոբալ պարենային անվտանգության համաթվի (Global Food Security Index / Natural Resources and Resilience score - indexed)), 1.4 ցուցիչ 2030թ.,

      3. Անհրաժեշտ ծավալով պաշարների պահպանման ենթակառուցվածքների ստեղծում,
      4. Ինքնաբավության ցածր մակարդակ ունեցող առաջին անհրաժեշտության մի շարք պարենային ապրանքների համար պետական պահուստի ձևավորում,
      5.Պարենային անվտանգության համակարգի մոնիթորինգի և գնահատման, կառավարման ու վերահսկողության համակարգի ստեղծում։

   6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

    «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «9.5 Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակում» միջոցառումից (հղում` https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 227-րդ էջ), Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի «Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն» մեգանպատակի «10 Կայացնենք նորարարական, արդյունավետ, բարձր ավելացված արժեք ստեղծող, կայուն զարգացող, բնական պաշարների նկատմամբ հոգատար և շրջակա միջավայրի հետ ներդաշնակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող ֆերմերություն» լուծումից (հղում` https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 65-րդ էջ),  ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886 -Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «3․ Առաջնահերթությունները, առաջադրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները» բաժնի «28․ Բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունից (հղում՝ https://mineconomy.am/media/10030/Razmavarutyun.pdf, 37-րդ էջ։

       7. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

     Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների մոտավոր գնահատականը կազմում է շուրջ 61․8 մլրդ դրամ՝ հաշվի առնելով, որ միջոցառումների ֆինանսավորման զգալի մասն արդեն նախատեսված է կառավարության ծրագրով և դրա իրականացմանն ուղղված միջոցառումներով, իսկ առավել ճշգրիտ գնահատական հնարավոր է տալ կոնկրետ միջոցառումների շրջանակներում:    

    Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2022-2026 թվականների միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է ապահովել համապատասխան տարվա համար ՀՀ պետա­կան բյուջեով ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին առանձնացված հատկացումների ընդհանուր ծավալի շրջանակներում` ելնելով ոլորտի տվյալ տարվա առաջնա­հեր­թու­թյուն­ներից, միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի հաշվին։

 

 

  • Քննարկվել է

    27.10.2022 - 12.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3267

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

08.11.2022

Անսպառ են առարկությունները, թե բովանդակության և թե կառուցվածքի վերաբերյալ, առանց որևէ հետազոտության, համագործակցության, պատասխանատուների: Առաջարկում եմ հանել այս փաստաթուղթը շրջանառությունից, ձևավորել աշխատանքային խումբ ներառականության սկզբունքով և նոր փաստաթուղթ մշակել, մեծ շռայլություն է մեր նման երկրի համար, այսպիսի ռազմավարության ընդունումը:

Թաթուլ Ստեփանյան

08.11.2022

76. Ռազմավարության իրագործման արդյունավետ կառավարման և վերահսկողության նպատակով անհրաժեշտ է ստեղծել ՀՀ Պարենային անվտանգության ռազմավարության և գործողությունների ծրագրի իրագործման և վերահսկողության կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)։ Ինչ նպատակ եք հետապնդում այսօրինակ մոտեցման դեպքում, ով է այս ռազմավարության կյանքի կոչելու պատասխանատուն: Ակնհայտ է, որ այս նախագծի հեղինակները հնարավոր ձախողումների այլ պատասխանատուներ են փնտրում: ՀԳ Դուք ինքներդ ևս չեք հավատում ձեր ռազմավարության հաջողությանը:

Թաթուլ Ստեփանյան

08.11.2022

5.1 ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ 57. Հայաստանում պարենային անվտանգության հիմնախնդիրներն են․ 1. Երկրում մակրոտնտեսական և ագրո-բնապահպանական անկայուն վիճակը՝ պայմանավորված նաև տեխնոլոգիական զարգացվածության ցածր մակարդակով, 2. Արտաքին սպառնալիքներին դիմագրավելու պատրաստվածության անբավարար մակարդակը, 3. Պարենային անվտանգության համակարգի թերզարգացվածությունը և հիմնական պարենային ապրանքների ինքնաբավության ցածր մակարդակը, 4. Գյուղատնտեսության անբավարար զարգացվածությունը։ Այս ձևակերպմանը հանգելու համար, լուրջ հետազոտության անհրաժեշտություն պետք է նախորդեր, ինչը կդառնար հաջորդիվ քայլերի տրամաբանական բացատրություն: Սույն ռազմավարության նախագիծը ոչ միայն այս մասով, այլ ընդհանրապես հեռու է բավարար կոչվելու կարգավիճակից, որոշ առումով կառաջարկեմ որպես մեկնարկային աշխատանքային տարբերակ չընդունել այն, քանի որ գրեթե զուրկ է գիտական, հետազոտական մոտեցումներից:

Տեսնել ավելին