Հիշել նախագիծը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

                           Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման հավելվածի 9-րդ գլխի 1.2 ենթակետի պահանջի կատարման  անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

               Հայաստանն իր ամբողջ տարածքով և խոցելի էկոհամակարգերով համարվում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն երկիր։ Տարեցտարի արձանագրվող օդի ջերմաստիճանի աճը, էքստրեմալ եղանակային երևույթների (երաշտ, ջերմային ալիքներ, ցրտահարություն, կարկտահարություն, ուժեղ քամիներ և այլն) հաճախականության և ինտենսիվության ավելացումը, ինչպես նաև մթնոլորտային տեղումների զգալի նվազումն ակնհայտ բացասական ազդեցություն են թողնում երկրի էկոհամակարգերի, տնտեսության, մարդկանց գործունեության և առողջության վրա։

               Ըստ կանխատեսումների առաջիկա 100 տարիների ընթացքում կլիմայի փոփոխության արդյունքում ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում, տեղումների նվազում, երաշտների, տեղատարափ անձրևների ու հեղեղումների, ուժգին քամիների, ինչպես նաև էրոզիոն գործընթացների ուժգնացում:

               Մինչև 2040 թվականը միջին տարեկան ջերմաստիճանը հանրապետությու­նում կբարձրանա 1.60C-ով, իսկ մինչև 2100 թվականը՝ 4.70C-ով: Ջերմաստիճանի փոփոխության ազդեցությունն առավել խիստ կարտահայտվի Արարատյան դաշտում:

               Տեղումների միջին քանակը մինչև 2040 թվականը կնվազի շուրջ 2.7%-ով, մինչև 2070 թվականը՝ 5.4%-ով, իսկ մինչև 2100 թվականը՝ 8.3%-ով: Տեղումների նշված փոփոխությունները կհանգեցնեն երկրում երաշտի ժամանակա­շրջանների ավելացմանը:

               Հողի խոնավության նվազման և ջրային դեֆիցիտի ավելացման պայմաններում նախալեռնային և ստորին լեռնային շրջաններում կնվազեն անջրդի մշակության համար նախատեսված տարածքները:

               Կանխատեսումների համաձայն, հանրապետության հիմնական գյուղատնտե­սա­կան գոտիներում (Արարատյան դաշտ, Տավուշի և Սյունիքի հովիտներ) մինչև 2100 թվականը միջին տարեկան ջերմաստիճանը կկազմի 16-180C (1961-1990 թվականների ժամանակահատվածում այն տատանվում էր 10-140C միջակայքում), իսկ ամռան ամիսներին միջին ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 270C: Դրան զուգահեռ կդիտվի տեղումների նվազում մոտ 12%-ով:

               Գյուղատնտեսության ոլորտը չափազանց զգայուն է կլիմայի փոփոխության նկատմամբ և մեծապես կախված է եղանակային պայմաններից։

Առավել հաճախակի և ինտենսիվ դարձած հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, ինչպիսիք են կարկտահարությունը, ուշ գարնանային ցրտահարությունը, վարարումները, սելավները, սողանքները, երաշտն ու խորշակները, ամեն տարի իրենց բացասական հետևանքներն են թողնում գյուղատնտեսության ոլորտի վրա և էապես նպաստում են ինչպես արտադրական ծավալների նվազմանը, այնպես էլ՝ գյուղական բնակչության եկամուտների կրճատմանը։

               Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներից ՀՀ գյուղատնտեսության ոլորտին առավել մեծ վնաս է հասցնում կարկտահարությունը, որի պատճառած վնասը 2014-2017 թվականների ժամանակահատվածի համար գնահատվում է շուրջ 61.2 մլրդ ՀՀ դրամ։ Վերջին տարիներին երաշտից, կարկուտից, հեղեղումներից, ցրտահարություններից և սելավներից գյուղատնտեսությանը հասցված ամենամյա վնասը գնահատվում է շուրջ 15-30 մլրդ ՀՀ դրամ:

               Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունն ավելի արտահայտիչ է դառնում մարդածին տարբեր գործոնների (ոչ ռացիոնալ հողօգտագործում և գյուղատնտեսության ոչ ճիշտ վարում) համատեղման արդյունքում, ինչի պատճառով առավել խոցելի են դառնում հանրապետության ցածրադիր և միջին բարձրության գոտիները։ Համեմատաբար քիչ են ենթարկվում կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը լեռնային գոտիները, որտեղ մարդածին գործոնները այդքան էլ արտահայտված չեն։

               Մարդածին գործունեությունը մեծ ազդեցություն է թողել նաև ՀՀ տարածքի շուրջ 80%-ի տարբեր աստիճանի անապատացման վրա, որն այլոց թվում պայմանավորված է նաև բնական գործոնների ազդեցությամբ և գեոմորֆոլոգիական առանձնահատկություններով։

               Համաձայն կանխատեսումների մինչև 2030 թվականը 8-14%-ով կնվազի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը։ Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը այդ ցուցանիշի վրա հիմնականում պայմանավորված է ջերմաստիճանի և տեղումների փոփոխության ուղղակի ազդեցությամբ, ոռոգման ջրի նկատմամբ պահանջարկի ավելացմամբ և տեղումների կրճատման ու բարձր գոլորշիացման պայմաններում ոռոգման ջրի պաշարների նվազմամբ, ինչպես նաև կլիմայական ռիսկերի հաճախականության, ինտենսիվության և տևողության մեծացմամբ ու տարածական բաշխվածության ընդլայնմամբ:

               Կանխատեսումների համաձայն մինչև 2030 թվականը կլիմայի փոփոխության հետևանքով կրճատվելու է Հայաստանի արոտավայրերի ընդհանուր մակերեսը (ենթալպյան և ալպյան գոտու արոտավայրերի տարածքները՝ 19-22%-ով), իսկ դրանցից ստացվող բերքի ծավալը կնվազի 4-10%-ով: Այս ամենի արդյունքում խիստ կնվազեն անասնակերի արտադրության ծավալները, ինչն իր հերթին բացասական ազդեցություն կունենա անասնաբուծության ոլորտի վրա։

               Կլիմայի փոփոխության բացասական ազդեցության պատճառով հանրապետությունում առավել խոցելի է դառնում նաև պարենային անվտանգության հիմնահարցը։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

               Իր, 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններով Հայաստանը պարտավորություն է ստանձնել հետամուտ լինելու տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում նաև գյուղատնտեսությունում կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցության մեղմման միջոցառումների ձեռնարկմանը։

               Ներկայումս գյուղատնտեսության ոլորտում տարվող քաղաքականությունն այդ թվում ուղղված է նաև նշված բնագավառում արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, որի շնորհիվ հնարավոր կլինի հասնել հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների ազդեցության նվազեցմանը, ի նպաստ գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

               Ընդունվող հայեցակարգի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության՝ կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների դիմակայության, ինչպես նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ հարմարվողականության արդյունավետության բարձրացմանը։

               Դրված նպատակին հասնելու համար վերջինիս ուղղված միջոցառումների  շրջանակում անհրաժեշտ է մասնավորապես՝

  • հիմնվելով տեղական և միջազգային լավագույն փորձի վրա հզորացնել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կառույցների, գյուղացիական տնտեսությունների և համապատասխան մասնագետների կարողությունները,
  • կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների նկատմամբ գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացուման նպատակով պարբերաբար մշակել և ներդնել ապահովագրական նոր պրոդուկտներ,
  • մշակել և ներդրել սերմնաբուծության և սերմարտադրության ոլորտներին հասցեական աջակցության մեխանիզմներ,
  • ներդրել հողային և ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետ և խնայողական տեխնոլոգիաներ,
  • մշակել և իրականացնել հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների բացասական ազդեցությունը մեղմող միջոցառումներ,
  • տարածել և ներդրել անասնակերի որակի բարելավման ու արտադրության ծավալների ավելացմանն ուղղված տեխնոլոգիական նորարարություններ։
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

               Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

               Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

  • գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում,
  • գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ,
  • կլիմայի փոփոխության և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսվարողներին հասցվող վնասների մեղմում։
  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

               «Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության հայեցակարգը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագիծը բխում է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրից և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկից», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունից», Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից։

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

               «Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության հայեցակարգը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, քանի որ նախատեսվում է, որ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է ընդգրկել միջազգային կազմակերպություններից։

  • Քննարկվել է

    26.10.2022 - 10.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3036

Տպել