Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ (այսուհետև՝ ՎԻՎ) օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրիքը (այսուհետ՝ նոր օրենսգիրք), որտեղ բացակայում են «քրեական գործ հարուցել» և «քրեական գործ հարուցելը մերժել» հասկացությունները: Նոր օրենսգրքի համաձայն՝ առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու դեպքում քննիչը նախաձեռնում է քրեական վարույթ, այսինքն՝ բացակայում է նախկին քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կամ, ինչպես ընդունված էր ասել, քրեական գործի հարուցման փուլը, որի արդյունքում կայացվում էր քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մերժելու կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում:
Նոր օրենսգրքի համաձայն՝ քրեական վարույթ նախաձեռնելը ենթադրում է այնպիսի դեպքի կամ գործողության կամ անգործության առկայություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, իսկ հակառակ պարագայում քննիչը չի նախաձեռնելու քրեական վարույթ, այսինքն՝ վարչական իրավախախտման նշաններ կարող են հայտնաբերվել նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Այն դեպքերում, երբ անձի արարքն ի սկզբանե պարունակում է վարչական իրավախախտման հատկանիշներ և նրա արարքին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական գնահատական չի կարող տրվել, ապա քննիչի կողմից այդ հիմքով վարույթ չնախաձեռնելու դեպքում կիրառելի չէ ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը:
Նոր օրենսգրքի համաձայն՝ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվում է հսկող դատախազի որոշմամբ` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, իսկ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայության դեպքում քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Նոր օրենսգիրքը նախատեսում է քրեական վարույթի ավարտ մեղադրական եզրակացություն կազմելով կամ քրեական վարույթը կարճելով՝ նշելով նաև կարճման հիմքերը: Բացի այդ, դատարանը ևս, ստանալով քրեական գործը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է դադարեցնել քրեական հետապնդումը, ինչպես նաև կարճել քրեական վարույթը, իսկ դատաքննության արդյունքում դատարանը կայացնում է արդարացման կամ մեղադրական դատավճիռ:
Նոր օրենսգրքի համաձայն՝ բողոքարկման ենթակա են ինչպես արդարացման դատավճիռը, այնպես էլ քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու մասին որոշումները:
ՎԻՎ օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:
Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ անձի արարքում հանցանքի բացակայության և վարչական իրավախախտման առկայության հանգամանքը կարող է արտացոլվել քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքերում և դրանց հիման վրա անձին վարչական տույժի ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկվի ոչ թե որոշման կամ դատավճռի կայացման, այլ դրանք ուժի մեջ մտնելու օրվանից:
ՎԻՎ օրենսգրքի ներկայիս կարգավորումները հնարավորություն չեն տալիս վարչական մարմնին վերոնշված որոշումները կամ արդարացման դատավճիռը ստանալիս վարչական իրավախախտման հատկանիշների առկայության դեպքում իրավախախտին ենթարկել վարչական պատասխանատվության՝ պահպանելով վարչական տույժ նշանակելու ժամկետները, և նման դեպքերում վարչական մարմնի գործողություննները լինելու են անօրինական, իսկ անգործությունը հանգեցնելու է վարչական իրավախախտման հանդեպ անտարբերության: Բացի այդ, ներկայիս կարգավորումներով վարչական տույժ նշանակելու ժամկետը հաշվարկվում է որոշումը ստանալու օրվանից՝ առանց հաշվի առնելու, որ այն դեռևս ուժի մեջ չի մտել և բողոքարկման արդյունքում հնարավոր է փոփոխության ենթարկվի:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու կամ արդարացման դատավճռի դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու մասին որոշումը կամ արդարացման դատավճիռը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան նշված որոշումներն ուժի մեջ մտնելուց վեց ամսվա ընթացքում։»:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ՎԻՎ օրենսգիրքը կհամապատասխանեցվի քրեական դատավարության նոր օրենսգրքին, կիրագործվի ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, անձի արարքում հանցանքի բացակայության, սակայն վարչական իրավախախտման հատկանիշների առկայության դեպքում վարչական մարմինը հնարավորություն կունենա վարչական տույժ կիրառելու՝ թույլ չտալով վարչական տույժ նշանակելու ժամկետի խախտում, արդարացման դատավճռի առկայության դեպքում, սակայն վարչական իրավախախտման հատկանիշների առկայության պարագայում անձը կենթարկվի վարչական տույժի:

ՀՀ ոստիկանություն

 

  • Քննարկվել է

    26.10.2022 - 10.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2915

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Հովհաննիսյան

27.10.2022

Առաջարկում եմ հետևյալ բովանդակությունը՝ ՆԱԽԱԳԻԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում, սակայն երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու որոշում կամ արդարացման դատավճիռ կայացրած մարմնի կողմից նյութերը համապատասխան վարչական տույժ նշանակելու իրավասություն ունեցող մարմնին հանձնելու պահից մեկ ամսվա ընթացքում:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

Տեսնել ավելին