Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Ներկայումս գործող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» թիվ 193 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 19-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրականացվող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքում դրական միավորներ ստացած անձանց տրվում է որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք (այսուհետ՝ նաև տեղեկանք): Մինչդեռ, հարկ է նկատել, որ տեղեկանքի կորստի, այդ թվում՝ կորցնելու, ոչնչանալու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին կորած տեղեկանքի կրկնօրինակ տրամադրելու ընթացակարգ Կարգով նախատեսված չէ, որպիսի պայմաններում գործնականում մի շարք ընթացակարգային հարցեր են ծագում:    

Միևնույն ժամանակ, Կարգի 19.1-րդ կետի համաձայն՝ տեղեկանքի հիման վրա թարգմանչին տրվում է թարգմանչի որակավորման վկայական՝ այն նոտարի կողմից, ով վստահություն է հայտնել թարգմանչին: Ընդ որում, Կարգի 24-րդ կետից բխում է, որ վկայականի կորստի դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում նոտարին և տալիս հայտարարություն զանգվածային լրատվության միջոցներով։ Նոտարը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 օրվա ընթացքում։

                             

2. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Գործնականում առկա են դեպքեր, երբ Արդարադատության նախարարության կողմից տրված՝ որակավորման ստուգումն անցնելու մասին հավաստող տեղեկանքի կորստի դեպքում անհրաժեշտություն է առաջանում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին տրամադրել տեղեկանքի կրկնօրինակը, մինչդեռ Կարգում դրա վերաբերյալ համապատասխան կարգավորումներ առկա չեն: Նշվածով պայմանավորված՝ սույն նախագծով առաջարկվում է Կարգի 19-րդ կետում լրացնել տեղեկանքի կորստի դեպքում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի կողմից Արդարադատության նախարարություն համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով տեղեկանքի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ կարգավորումներ: Բացի այդ, նախագծով առաջարկվում է Կարգի 19.1-րդ կետում լրացնել կարգավորում այն մասին, որ նոտարի կողմից որակավորման վկայական տրամադրվում է նաև տեղեկանքի կրկնօրինակի հիման վրա:

Միաժամանակ, նպատակ ունենալով անձին ավելորդ չծանրաբեռնել՝ նրա վրա դնելով լրացուցիչ պարտականություններ և ազատել ավելորդ քաշքշուկներից, սույն նախագծով առաջարկվում է Կարգից հանել զանգվածային լրատվության միջոցներով վկայականի կորստի մասին անձի կողմից հայտարարություն տալու վերաբերյալ դրույթը: Նախագծով առաջարկվում է Կարգում կատարել նաև տեխնիկական բնույթի այլ փոփոխություններ:

 

3.Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Սույն նախագծի նպատակը Արդարադատության նախարարություն համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման փաստի մասին հավաստող տեղեկանքի կորստի դեպքում դրա կրկնօրինակի տրամադրման ընթացակարգի նախատեսումն է, ինչը օբյեկտիվ հնարավորություն է ստեղծում թարգմանիչների համար համագործակցելու իրենց վստահություն հայտնած նոտարների հետ:

 

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի «Արդարադատության նախարարության» բաժնի 18-րդ կետից, համաձայն որի՝ Արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի ընթացքում իրականացման ենթակա միջոցառումներից է նաև նոտարական համակարգի արդյունավետության բարձրացումը:

  • Քննարկվել է

    24.10.2022 - 08.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2336

Տպել