Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 

          «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից: 

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 

2020-2022թթ.-ի ազգային ծրագրի գործողության ժամանակահատվածում նշանակալից օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վրա: 2022թ.-ի հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել նոր ՀՀ քրեական օրենսգիրքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, 29.05.2022թ. ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները  և  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները: 

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ձևերի, դրանց վտանգների և դրանցից խուսափելու միջոցների մասին հանրության իրազեկվածության խնդիրը որոշակի բարդացել է հետկովիդային շրջանում` առցանց դաշտի ընդլայնման և հանցագործների կողմից դրա ակտիվ կիրառման պատճառով, պահանջելով վերանայված մոտեցումներ իրազեկման ձևերի ու թիրախային խմբերին հասանելիություն ապահովելու առումով: Կորոնավիրուսային սահմանափակումների և 44-օրյա պատերազմի` հանրության սոցիալական վիճակի վրա ունեցած բացասական հետևանքների արդյունքում ծավալային ու տեսակային առումով փոփոխության է ենթարկվել նաև խոցելի խմբերի կազմը:

 2021 թվականի ընթացքում նույնացվել է 31 զոհ, որոնցից 24-ը ենթարկվել է սեռական շահագործման, իսկ 7-ը`աշխատանքային: Նույնացված զոհերից 8-ը եղել է երեխա:  2022թ.-ին հարուցված և փոխանցված քրեական գործերով տուժող են ճանաչվել 3 անձ` սեռական շահագործման և 11 անձ` աշխատանքային շահագործման կապակցությամբ:

 Ըստ ՀՀ դատախազության, 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մարդկանց շահագործման վերաբերյալ հարուցվել է 4 քրեական գործ սեռական և աշխատանքային շահագործման վերաբերյալ: 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վերսկսվել է 2007 թվականին կասեցված սեռական շահագործման 1 քրեական գործ` 1 անձի վերաբերյալ, և 2013 թվականին կասեցված աշխատանքային շահագործման 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ:

 2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման չորս դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Հարուցված քրեական գործերից 3-ն աշխատանքային, իսկ 1-ը՝ սեռական շահագործման դեպքեր են:

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը 

«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուղղված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այս հանցագործության կանխարգելմանը,  դրա վերաբերյալ հանային իրազեկվածության ավելացմանն ու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման ու աջակցության տրամադրման արդյունավետության բարձրացմանը` պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների ու ոլորտային մասնագետների կարողությունների հզորացման, պետության կողմից տրամադրվող սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների բարելավման միջոցով, միջգերատեսչական, միջազգային և հասարակական կառույցների հետ համագործակցության մեխանիզմների ամրապնդմանը։

Իրականացված օրենսդրական փոփոխությունները բարելավված հիմք կստեղծեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին կամ հավանական զոհերին ցուցաբերվող աջակցության որակի բարձրացման, նրանց իրավունքների պաշտպանության և զոհակենտրոն քաղաքականության վարման համար: Դրանք զգալիորեն կխթանեն աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումները` հնարավորություն տալով առավել արդյունավետ կերպով հայտնաբերել հարկադիր աշխատանքի, երեխաների թրաֆիքինգի ու շահագործման դեպքերը` դրանց առկայության պարագայում:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

 2023-2025թթ.-ի ազգային ծրագրի նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման  ընթացքում  զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող  ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման  միջոցով:

«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթաց­քում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի և ծրագրի իրականացման ժամանակացույցի» մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 Նախագիծը  բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 15-րդ պարբերությունից, ՀՀ կառավարության 2021թ.  նոյեմբերի 18-ի N 1902 - Լ որոշմամբ ընդունված` «Հայաստանի Հանրապպետության  կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 15.1 կետի պահանջից, ինչպես նաև Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետից:

 

 

 

  • Քննարկվել է

    19.10.2022 - 03.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3177

Տպել