Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի №359Ն, 2007 թվականի հունիսի 15-ի №275Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի №359Ն, 2007 թվականի հունիսի 15-ի №275Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր ընկերությունների (արտադրող (այդ թվում՝ մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանների համար), հաղորդող, բաշխող, մատակարար) համար հաստատված են սակագների հաշվարկման մեթոդիկաներ, որոնց հիմքում ընկած են սակագների հաշվարկման նույն սկզբունքները։ Մինչև 2021 թվականը, մասնավորապես արտադրող կայանների մասով առկա էին սակագների կառուցվածքի տարբերակումներ (երկդրույք և միադրույք սակագների մասով), իսկ էլեկտրաէներգետիկական համակարգին ծառայություններ մատուցողների մասով սահմանված էին հաստատագրված վճարներ։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն որոշմամբ սահմանվել են ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականի փետրվարի 1-ից։ Համաձայն վերոնշյալ շուկայի առևտրային կանոնների՝ արտադրողները դասակարգվել են 5 խմբերում, որոնցից մրցակցային պայմաններով գործող արտադրողների գործունեությունը ենթակա չէ սակագնային կարգավորման։ Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելից բխում էր, որ սակագնային կարգավորման ենթակա արտադրողները պետք է գործեն միադրույք սակագնային համակարգում, բացառությամբ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի շրջանակում գործող արտադրողների, որոնց նկատմամբ կիրառվող սակագնային քաղաքականությունն ամրագրված է նշված պայմանագրով։

Հաշվի առնելով նշվածը՝ 2022 թվականի փետրվարի 1-ից արտադրող կայանների մասով (բացառությամբ՝ ՊՄԳ պայմանագրերով գործող կայանների) սահմանվեցին միադրույք սակագներ, իսկ էլեկտրաէներգետիկական համակարգին ծառայություններ մատուցողների համար սահմանվող սակագների համար չափման միավոր սահմանվեց դրամ/կՎտժ-ը։

Նշված փոփոխություններով պայմանավորված, ի թիվս այլ հարցերի, անհրաժեշտություն է առաջացել կարգավորվող ընկերությունների համար ներդնել հաշվարկային և փաստացի շեղումներով պայմանավորված փոխհատուցման մեխանիզմներ։

Ի կատարումն ՀՀ կառավարության 14.01.2021թ. №48-Լ որոշմամբ հավանության արժանացած էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի 4.3.3 կետի, ինչպես նաև նպատակ ունենալով հանձնաժողովի որոշումներով հաստատված սակագների հաշվարկման մեթոդիկաները և սակագների սահմանման (վերանայման) կարգը համապատասխանեցնել նոր շուկայի պահանջներին և ոլորտի ընկերությունների համար սակագնային կարգավորումները մեկտեղել մեկ միասնական փաստաթղթում, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մշակել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

 

ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը մեկ փաստաթղթում ամփոփում է սակագնային կարգավորման ենթակա էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրողների, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցողների և երաշխավորված մատակարարի սակագների ձևավորման սկզբունքները և սակագների սահմանման (վերանայման) գործընթացը՝ հաշվի առնելով էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայում լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատկությունները։ Մասնավորապես, սակագների հաշվարկման գործող մեթոդիկաների համեմատությամբ էական փոփոխություններից է հանդիսանում՝

  • ջերմային և ատոմային էլեկտրակայաններում վառելիքային ծախսի փոփոխությունների ճշգրտման բանաձևերի վերանայումը (հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի առանձնահատկությամբ պայմանավորված այն հիմնովին վերանայվել է),
  • լիցենզավորված անձանց փաստացի գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ձևավորված փոխհատուցման ենթակա դեֆիցտի կամ վերադարձման ենթակա լրացուցիչ հասույթի նախատեսումը սակագներում,
  • լիցենզավորված անձանց կողմից շուկայի կանոններով սահմանված դեպքերում հանձնաժողովի հաստատած սակագնից ավելի բարձր գնով էլեկտրական էներգիայի վաճառքից, լիցենզավորված գործունեության համար ներգրավված ակտիվների այլ նպատակներով օգտագործումից ստացվող լրացուցիչ և այլ ֆինանսական եկամուտների նվազեցումը սակագներից,
  • լիցենզավորված գործունեությանը մասնակցող կամ երբևէ մասնակցած ակտիվների օտարումից առաջացած եկամուտի ամբողջությամբ նվազեցումը մաշվածության և շահույթի հաշվարկման բազաներից։

Բացի այդ, կատարվել են մի շարք այլ փոփոխություններ ինչպես սակագների հաշվարկման մոտեցումներն ամրագրող դրույթներում, այնպես էլ սակագների սահմանման (վերանայման) ընթացակարգում։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։ 

 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների նկատմամբ կկիրառվի շուկայի նոր կանոններին համահունչ սակագնային քաղաքականություն։

 

 

 

  • Քննարկվել է

    18.10.2022 - 03.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2431

Տպել