Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթների և ՀՀ Կառավարության 05.10.2017 թվականի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին›» թիվ 1288-Ն որոշմամբ կարգավորվող հարաբերություններում առկա է հակասություն, որը ստեղծում է որոշակի խոչընդոտներ նշված դրույթներով կարգավորվող գործընթացների իրականացման ժամանակ, որից ելնելով առաջանում է օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

ՀՀ Հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված են կազմակերպությունների կողմից փոխադրամիջոցի օտարման դեպքում հարկային պարտավորությունների կատարման իրավահարաբերությունները, այն է՝ փոխադրամիջոցի օտարման դեպքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող կազմակերպությունները մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվել է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից, իսկ համաձայն ՀՀ Կառավարության 05.10.2017 թվականի N 1288-Ն որոշման 28-րդ կետի 6-րդ ենթակետի՝ օրենսգրքի 251-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տվյալ համայնքում հաշվառված` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բոլոր օբյեկտների մասով սույն կարգին համապատասխան` պարտավորությունները (ընթացիկ հարկային տարվա համար` մինչև տեղեկանքը տրամադրելու ամիսը ներառյալ հաշվարկված հարկի գումարները) մարված լինելու կամ օրենսգրքով սահմանված կարգով տվյալ հարկման օբյեկտների համար հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանված լինելու դեպքում շարժական գույքի կադաստր վարող մարմին ներկայացնելու համար  կազմակերպություններին  տրամադրում են հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը (ամիսներով), որի համար տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր հարկման օբյեկտների մասով կատարված են գույքահարկի վճարումները: Տեղեկանքը տրամադրելու ամսվա ընթացքում սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցում չկատարվելու դեպքում տրվում է նոր տեղեկանք` սույն կետի պահանջներին համապատասխան։

Վերոնշյալ իրավակարգավորումները հակասական են և գանձման գործընթացներում կազմակերպությունների կողմից ներկայացվում են անհամաձայնություններ՝ օտարվող փոխադրամիջոցի համար պարտավորություներ չունենալու վերաբերյալ տեղեկանք տրամադրելու նպատակով տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր հարկման օբյեկտների մասով, օտարման ամիսը ներառյալ փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունների պարտադիր կատարման պահանջի վերաբերյալ, հաշվի առնելով, որ օրենսգրքով սահմանվում է  /..տվյալ փոխադրամիջոցի մասով../, իսկ ՀՀ Կառավարության 05.10.2017թ. 1288-Ն որոշման համաձայն՝ տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր հարկման օբյեկտների մասով:

Հարկ է նշել, որ մինչև 31.12.2020 թվականը գործող «Գույքահարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի դրույթների համապատասխան, կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարել յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, այսինքն գույքահարկի և հողի հարկի տարեկան հաշվարկային գումարները համայնքի բյուջե մուտքագրվել են համամասնորեն, իսկ 01.01.2021թ. գործող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ժամկետ է սահմանված հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, ինչի արդունքում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող կազմակերպությունները ընթացիկ տարվա համար հաշվարկված պարտավորությունները կատարում են ընթացիկ տարվա վերջում՝ հիմնականում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում,  ինչն էլ հանդիսանում է խոչընդոտ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում, հետևաբար նաև համայնքի կողմից նախատեսված ծախսերի իրականացմանը:

Նշվածի համատեքստում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները  կհանդիսանան լծակ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում, այն պարագայում, երբ փոխադրամիջոցի գույքահարկ վճարող կազմակերպությունները սահմանված կարգով չեն իրականացնում գույքահարկի վճարումներ, իսկ համայնքների կողմից իրականացված վարչարարությունը արդյունք չի ունենում, պայմանավորված այն հանգամանքով, որ շատ դեպքերում կազմակերպությունները փոխում են իրենց հաշվառման ռեկվիզիտները, իրավաբանական հասցեները: Տվյալ պարագայում կազմակեպությունը մեկ փոխադրամիջոցի օտարման պարագայում կպարտավորվի վճարել նաև սեփականության իրավունքով պատկանող մյուս փոխադրամիջոցնրի պարտավորությունները՝ տվյալ ամիսը ներառյալ:

Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքում և վերացնել առկա հակասությունը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

  • ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
  • Երևանի քաղաքապետարան

Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված օրենսդրական փոփոխությունների կիրառման դեպքում ակնկալվում է, որ կվերանա ներկայումս առկա հակասությունները և կբարելլավվի իրավաբանական անձանց սպասարկման մակարդակը:

Lրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.10, 4-րդ ենթակետ/  ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: 

Մասնավորապես, վերացնելով առկա հակասությունները օրենսդրական դաշտում՝ կբարելավվի հանրային միջոցների հավաքագրման և նպատակային օգտագործման արդյունավետությունը։

 

  • Քննարկվել է

    17.10.2022 - 01.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2517

Տպել