Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

N  - Ն

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային համաձայնագրերի դրույթների կիրառման ժամանակ հարկային մարմինների միջև ի հայտ եկած հարկային հարցերով վեճերի լուծման նպատակով փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
--------   --ի թիվ  -----Ն որոշման

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ 

 

1 Ընդհանուր դրույթներ

  1. Փոխհամաձայնեցման ընթացակարգը (այսուհետ՝ Ընթացակարգ) կարգավորում է Հայաս­տանի Հանրապետության կողմից վավերացված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի (այսուհետ՝ Համաձայնագիր) դրույթներին չհամապատասխանող հարկ­ման դեպքերում հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները:
  2. Ընթացակարգով սահմանված դրույթները կիրառելի են այնքանով, որքանով չեն հա­կա­սում Համաձայնագրերի դրույթներին:
  3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ռեզիդենտ կազմա­կեր­­պությունը (այսուհետ՝ Դիմող) կարող է, Համաձայնագրով նախա­տես­ված կարգով, Ընթա­ցա­կարգ սկսելու դիմում (այսուհետ՝ Դիմում) ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին (այսուհետ՝ Հարկային մարմին), որի արդյունքում, Օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կարող է սկսվել Ընթացակարգ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հարկային մարմնի միջև, եթե երկու երկրների միջև առկա է Համաձայնագիր:
  4. Դիմողը Դիմումը ներկայացնում է Հարկային մարմնին համապատասխան Համա­ձայ­նագ­րով սահմանված ժամկետներում: Համաձայնագրով սահմանված ժամկետի ավարտից հետո Դի­մում ներկայացնելը հիմք է հանդիսանում Հարկային մարմնի կողմից Դիմումը մերժելու համար:
  5. Հարկային մարմնի կողմից Ընթացակարգ սկսելու համար որևէ վճար չի գանձվում:

 

  1. Ընթացակարգի դիմելու գործընթաց
  2. Դիմողը Դիմումով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

1) Դիմողի և Դիմումով ներկայացված գործարքների կողմեր հանդիսացողների վավերա­պայ­ման­ները․ ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հաշվառման հասցե, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից), էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը)․

2) Համաձայնագրի կողմ հանդիսացող մյուս երկրի իրավասու մարմնի անունը և առկայության դեպքում, տարածքային հարկային մարմնի անվանումը, ում կողմից իրականացված գործողությունները հանգեցրել կամ կարող են հանգեցնել հարկման, որը չի համապատասխանում Համաձայնագրի դրույթներին․

3) Համաձայնագրի այն հոդվածը, որի դրույթները Դիմողի կարծիքով խախտվել կամ չեն կիրառվել, այդ դրույթների կիրառման վերաբերյալ Դիմողի մեկնաբանությունները․

4) Դիմումով ներկայացված գործարքներին առնչվող ժամանակահատվածը․

5) Դիմումով ներկայացված գործարքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և համա­ռոտ նկարագրություն համապատասխան փաստերի վերլուծության և հիմնավորող հաշվարկների վերաբերյալ․

6) Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթերն ըստ անհրաժեշտության, որոնք վերա­բերում են Դիմումով ներկայացված գործարքներին․

7) առկայության դեպքում՝

ա) Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնին ներկայացված կամ ներկայացման ենթակա դիմումի պատճենը, ինչպես նաև համապատասխան փաս­տաթղ­թերը, ներառյալ նամակները, առարկությունները, հղումները և այլ փաստաթղթերը, որոնք ստաց­վել են այդ երկրի իրավասու մարմնի կողմից․

բ) առարկություն, բողոք կամ փոխհատուցման չափի որոշման վերաբերյալ տեղեկանք կամ ցանկացած այլ հիմնավորող փաստաթուղթ, որը ներկայացվել է Դիմողի կողմից Համաձայնագրի կողմ հանդիսացող երկու երկների իրավասու մարմիններից որևէ մեկին․

գ) նախկինում նմանատիպ դեպքի վերաբերյալ դատարանի վճիռ կամ Համաձայնագրի կողմ հանդիսացող երկու երկրներից որևէ մեկում նմանատիպ վարույթների վերաբերյալ տեղեկատվություն․

դ) ցանկացած այլ երկրների միջև փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով նմա­նա­տիպ գործի լուծման փաստաթղթի պատճենը, որը կարող է ազդեցություն ունենալ  Ընթա­ցա­կար­գի վրա․

ե) ցանկացած այլ տեղեկատվություն, որը Դիմողը կհամարի տեղին:

  1. Դիմումը ստորագրվում է Դիմողի կամ վերջինիս կողմից Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի կողմից:
  2. Դիմողը Կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը Հարկային մար­մին է ներ­կայացնում էլեկտրոնային տարբերակով՝ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզունե­րով՝ պայմանով, որ անգլերեն կամ ռուսերեն լեզվով  տեղեկությունները և փաս­տաթղ­թերը հարկային մարմնի պահանջով թարգմանվեն հայերեն  և ներկայացվեն Հարկային մարմին՝ այդ մասին գրավոր ծանուցումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Դիմումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հարկային մարմինը գրա­­վոր ծանուցում է (թղթային կամ էլեկտրոնային) Դիմողին՝ Դիմումին ընթացք տալու կամ մեր­ժելու կամ Դիմումով ներկայացված գործարքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն պահան­­ջելու վերաբերյալ:

 

  1. Իրավասու մարմինների միջև բանակցություններ
  2. Դիմումը ստանալուց հետո, Հարկային մարմինն ուսումնասիրում է գործարքների  փաստական հանգամանքները և, անհրաժեշտության դեպքում, դիմում է այլ երկրի իրավասու մարմնին՝ Ընթացակարգի մեկնարկելու նպատակահարմարության հայցով՝ պարզելու Դիմումով ներկայացված գործարքների վերաբերյալ Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի դիրքորոշումը:
  3. Հարկային մարմինը ծանուցում է Դիմողին Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից Դիմումն ընդունելու կամ Ընթացակարգ մեկնարկելու հայցը մերժելու մասին որոշումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  4. Այն դեպքում, երբ Ընթացակարգ մեկնարկելու հայցը Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից ընդունվել է, ապա Հարկային մարմինը մյուս երկրի իրավասու մարմնի հետ սկսում է քննարկումներ այդ որոշումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Հարկային մարմինը Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնին է ներկայացնում իր դիրքորոշումը, որը կարող է ներառել հետևյալ տեղեկությունները՝

1) Դիմողի և Դիմումով ներկայացված գործարքների կողմեր հանդիսացողների վավերապայմանները․ ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հաշվառման հասցե, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից), էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը), մյուս երկրում Դիմումով ներկայացված գործարքների փոխկապակցված կողմերը և այդ հարաբերությունների որոշման հիմքերը․

2)   Հարկային մարմնի կոնտակտային տվյալները․

3) խնդրի ամփոփ նկարագիրը, Դիմումով ներկայացված գործարքները, հարկերի հաշվարկման հիմքերը․

4)  Դիմումով ներկայացված գործարքներին առնչվող ժամանակահատվածը․

5) Դիմումով ներկայացված եկամտի գումարը և յուրաքանչյուր հարկային տարվա կտրվածքով հարկի հաշվարկումը․

6) Դիմողի հարկային հաշվարկներից (հաշվետվություններից) համապատասխան ամփոփ տեղեկատվություն․

7) հարկի հաշվարկման նկարագիրը, ներքին օրենսդրության և Համաձայնագրի համա­պա­տաս­խան հոդվածները․

8) լրացուցիչ տեղեկությունների հիման վրա կատարված հաշվարկներ (կարող է ներառել ֆի­նան­­­սական և տնտեսական տեղեկությունները, հաշվետվությունները, բացատրական ուղե­ցույ­ցեր, ինչպես նաև Դիմողի փաստաթղթեր և փաստեր, եթե դրանք տեղին են)․

9)  հարկի հաշվարկի համար կիրառված մեթոդաբանության և համադրելի գործարքների նկարագրերը․

10) հարկի հաշվարկման համար կիրառված տրանսֆերային գնագոյացման մեթոդի ընտրութ­յան բացատրությունը։

  1. Հարկային մարմինը կարող է Ընթացակարգ իրականացնել Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի հետ անմիջական քննարկումների միջոցով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները։
  2. Այն դեպքում, երբ Հարկային մարմինը Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնից ստացել է Ընթացակարգ մեկնարկելու նպատակահարմարության հայց, կարող է մերժել հայցը կամ անհրաժեշտության դեպքում պարզաբանում կամ լրացուցիչ տեղե­­կություններ ստանալու համար դիմել Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրա­­վասու մարմնին։ Ընթացակարգ մեկնարկելու նպատակահարմարության հայցի պա­տաս­խանը կարող է ներառել հետևյալ տեղեկությունները՝

1) նշում, որ նախնական դիրքորոշման տեսակետն կամ առաջարկվող լուծումն ընդունելի է․

2) խնդիրների կամ հատվածների նշում, որտեղ Համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմիններն ունեն համաձայնություն կամ տարաձայնություն․

3) լրացուցիչ տեղեկությունների կամ որոշ խնդիրների պարզաբանման համար անհրաժեշտ բացատրությունների հայցում․

4) այլ կամ լրացուցիչ տեղեկությունների ներկայացում, որոնք առնչվում են դիմումով ներկայացված գործարքներին, սակայն բարձրացված չեն դիրքորոշման մեջ, և

5) խնդիրը լուծելու առաջարկներ կամ տեսակետներ:

  1. Ընթացակարգի շրջանակներում իրավասու մարմինների միջև տեղեկություների փոխանակումը ամբողջությամբ պաշտպանված է Համաձայնագրի գաղտնիությունն ապահովող դրույթներով:

 

  1. Բանակցությունների արդյունքները
  2. Իրավասու մարմինների միջև քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայ­նութ­յան հիման վրա կազմվում է համառոտ տեղեկանք, որում արտացոլվում է Համաձայնագրի կողմ հան­դիսացող երկու երկրների կողմից տրամադրվելիք արտոնության չափերը, ինչպես նաև այդ­պիսի արտոնության տրամադրման եղանակը: Համառոտ տեղեկանքը ներկայացվում է մյուս երկրի իրավասու մարմնի հաստատմանը:
  3. Մյուս երկրի իրավասու մարմնի կողմից համառոտ տեղեկանքի վերաբերյալ վերջնական համաձայնություն ստանալուց հետո, Հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Դիմողին՝ ձեռքբերված համաձայնությունների մասին։
  4. Դիմողը ձեռք բերված համաձայնությունների մասին համառոտ տեղեկանքի վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում է Հարկային մարմնին՝ համառոտ տեղեկանքը ստանալու օրվան հաջորդող 30 աշխատանքային օրերի ընթացքում:
  5. Այն դեպքում, երբ Դիմողը համաձայն է համառոտ տեղեկանքով ներկայացված համաձայնությանը, ապա 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով տեղեկացնում է Հարկային մարմնին: Ստանալով Դիմողի համաձայնությունը՝ Հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում մյուս երկրի իրավասու մարմնի հետ փոխանակում է փոխադարձ համաձայնության վերաբերյալ գրավոր հաստատում: Իրավասու մարմինների միջև փոխադարձ համաձայնության վերաբերյալ գրավոր հաստատումների փոխանակումից հետո Ընթացակարգը համարվում է ավարտված:
  6. Դիմողը կարող է մասնակի ընդունել համառոտ տեղեկանքով ներկայացված համաձայնությունները։ Այս դեպքում, ստանալով Դիմողի մասնակի համաձայնությունը, Հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում մյուս երկրի իրավասու մարմնի հետ փոխանակում է փոխադարձ համաձայնության վերաբերյալ գրավոր հաստատում: Իրավասու մարմինների միջև փոխադարձ համաձայնության վերաբերյալ գրավոր հաստատումների փոխանակումից հետո Ընթացակարգը համարվում է ավարտված։
  7. Այն դեպքում, երբ Դիմողին չի բավարարում իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությունը, Դիմողը կարող է մերժել այն կամ ներկայացնել հիմնավոր այլընտրանքային դիրքորոշում: Այլընտրանքային դիրքրորշումը ստանալոց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմինը գրավոր ծանուցում է Դիմողին դիրքորոշմանը ընթացք տալու կամ մերժելու վերաբերյալ։ Այլընտրանքային դիրքորոշմանը ընթացք տալու դեպքում իրավասու մարմինը Ընթացակարգը կհամարի վերըսկսված։ Այն դեպքում, երբ Դիմողին չի բավարարի իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությունը, իրավասու մարմինները գործը կհամարեն ավարտված և 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կտեղեկացնեն Դիմողին։ Դիմումի վերաբերյալ Համաձայնագրի Կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմինների միջև ձեռքբերված համաձայնությունը մերժելու դեպքում, Դիմողը կարող է գործը շարունակել գանգատարկման գործընթացի և (կամ) դատարանի միջոցով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  8. Հարկային մարմինը կատարում է համապատասխան քայլեր Համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությունն իրականացնելու ուղղությամբ:

 

  1. Ընթացակարգի արդյունքի իրավական ազդեցությունը
  2. Ցանկացած համաձայնություն, որ ձեռք է բերվել Ընթացակարգի ներքո, կատարվում է անկախ ՀՀ հարկային օրենսդրության մեջ առկա ժամանակային սահմանափակումներից:
  3. Ընթացակարգի արդյունքում ձեռք բերված համաձայնությունը կիրառվում է միայն այդ առանձնահատուկ դեպքի և միայն այն ժամանակահատվածի նկատմամբ, որի համար իրականացվել է Ընթացակարգը:
  4. Այն դեպքում, երբ իրավասու մարմինը Դիմողի Դիմումի համաձայն, ի վիճակի չէ Համաձայնագրով նախատեսված ժամկետներում լուծել գործը Համաձայնագրի մյուս կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմնի հետ Ընթացակարգի միջոցով, ապա ցանկացած լուծում չստացած գործ Դիմողը կարող է ներկայացնել արբիտրաժային դատարան (միջնորդ դատարան), եթե դա նախատեսված է Համաձայնագրով: Մնացած չկարգավորված հարցերը ենթակա են կարգավորման Համաձայնագրով սահմանված կարգով:
  5. Հարկ վճարողը կարող է նախընտրել խնդիրները լուծել ինքնուրույն ոչ թե Ընթացակարգի միջոցով, կամ այլընտրանքային տարբերակով. Հարկային մարմնին խնդրել ճշգրտել խնդիրներից մեկը, իսկ մյուսները՝ ինքնուրույն:
  6. Եթե Հարկային մարմինը կաշկանդված է դատարանի որոշմամբ, որը խոչընդոտում է Ընթացակարգի շրջանակներում արտոնության տրամադրմանը, Հարկային մարմինը Դիմողին է ներկայացնում այդ դիրքորոշումը՝ բացատրելով այդ որոշման իրավական հիմքերը:
  7. Այն դեպքում, երբ Ընթացակարգի արդյունքով պայմանավորված հարկի վերա­հաշ­վարկը հանգեցնում է տույժերի և տուգանքի աճի, սակայն Հարկային մարմնի կողմից բոլոր փաս­տերի և հանգա­մանք­ների ուսումնասիրությունից հետո ևս նախնական հիմնավորված տույ­ժե­րի և տուգանքի չափը մնացել է անփոփոխ, ապա Ընթացակարգի ընթացքում հաշվարկված տույ­ժեր չեն գանձվում։
  8. Համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների իրավասու մարմինները կառաջ­նորդվեն այնպիսի մոտեցումներով, որոնք կնվազեցնեն Դիմողների համար ցան­կացած ոչ տեղին պարտավորությունների վճարումը, որը պայմանավորված է Ընթա­ցա­կարգի դեպքում պար­տավորությունների հաշվարկման տարբերակված մոտեցումներով:
  9. Դիմողը կարող է խնդրել Դիմումով նախատեսված գործարքների գծով լրացուցիչ հար­կա­յին պարտավորությունների հաշվարկման հետաձգում կամ կասեցում։ Այս դեպքում Հար­կային մարմինը Դիմումի ներկայացման օրվանից մինչև Ընթացակարգի ավարտը հետաձգում կամ կասեցնում է լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկը։

 

 

  1. Տիպային ժամանակացույց
  2. Ստորև ներկայացված աղյուսակը նկարագրում է Ընթացակարգի իրականացման տիպային ժամանակացույցը:

Աղյուսակ 1. Ընդհանուր ցուցումներ Ընթացակարգի գործընթացի ժամանակացույցի վերաբերյալ

#

Գործողություն

Ժամկետ

1

Դիմողի կողմից Ընթացակարգի մեկնարկ- դիմումի ներկայացում

Համաձայնագրով սահմանված ժամկետում

2

Հարկային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրություն՝

•         դիմումի մերժում,

•         դիմողից լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով այլ փաստաթղթերի պահանջում:

Դիմումի ներկայացման օրվանից հետո 30 աշխատանքային օրվա ժամկետում

3

Մյուս երկրի իրավասու մարմնի կողմից Ընթացակարգ սկսելու հարցման համապատասխանության որոշում  

Հնարավոր չէ սահմանել

4

•    Հարցումն ընդունելու դեպքում – Ընթացակարգի շուրջ քննարկումների մեկնարկ մյուս երկրի իրավասու մարմնի հետ և ծանուցում դիմողին

•    Հարցումը մերժվում է  – ծանուցում դիմողին

Մյուս երկրի իրավասու մարմնի կողմից որոշումն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ժամկետում:

5

Մյուս երկրի իրավասու մարմնի կողմից ներկայացված գործի ուսումնասիրություն,

դիրքորոշման ամբողջականության վերաբերյալ նախնական գնահատական և անբավարար տեղեկությունների վերաբերյալ ծանուցում:

Դիրքորոշումը ստանալուց հետո

6-ամսյա ժամկետում:

6

Իրավասու մարմինների միջև բանակցությունների անցկացում

6 ամիս

7

Իրավասու մարմինների միջև փոխհամաձայնեցում, որը փոխըմբռնման հուշագրի տեսքով փաստաթուղթ է երկու իրավասու մարմինների միջև

Դիմումի ընդունումից հետո 24-ամսյա ժամկետում

8

Դիմողի կողմից փոխհամաձայնության հաստատում

30 աշխատանքային օրվա ընթացքում

9

Փոխհամաձայնեցման ընդհանուր դրույթների և պայմանների հաստատում,  վերջնական նամակների փոխանակում

Դիմողի կողմից փոխհամաձայնեցման հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում

10

Փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացում

Վերջնական նամակների փոխանակումից հետո 3-ամսյա ժամկետում։

 

 

  • Քննարկվել է

    12.09.2022 - 27.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2357

Տպել