Հիշել նախագիծը

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ:

Մինչև ս.թ. մայիսի 4-ը գործել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի հունվարի 13-ի N 01-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի N 24-Ն համատեղ հրամանը (այսուհետ` համատեղ հրաման), որով սահմանված է եղել մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող` հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը:

Սակայն, համատեղ հրամանը ուժը կորցրած է ճանաչվել Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 4-ի N 25-Ն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի մայիսի 16-ի N 67-Ն համատեղ հրամանով` լիազորող նորմի բացակայության պատճառով:

2022թ. մայիսի 4-ին հաստատվել է Առողջապահության նախարարի «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1917-Լ հրամանը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Միաժամանակ, 2022թ. կատարվել են փոփոխություններ Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ, համաձայն որի ընդլայնվել և հստակեցվել է որոշմամբ սահմանած հիվանդությունների (վիճակների) ցանկը, ինչպես նաև հիվանդությունների ցանկը համապատասխանեցվել է Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի ՀԴ-014-2013 ծածկագրերին:

Ներկայում, գործող օրենսդրության համաձայն յուրաքանչյուր դեպքի համար ԱՆ հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որտեղ ներգրավվում են տարբեր բժշկական կազմակերպությունների բժիշկ-մասնագետներ, որոնց զբաղվածությունից ելնելով ոչ միշտ է հաջողվում արագ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները, հետևաբար առավել արագ արձագանքել քաղաքացու դիմումին:

Վերոնշյալ հանձնաժողովներն իրականացնում են ցանկով ներառված հիվանդությունների և քաղաքացու ախտորոշման համապատասխանության կամ անհամապատասխանության որոշման գործառույթը, ինչն իր հերթին առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառություն և Առողջապահության նախարարության, որպես քաղաքականություն մշակող մարմնի համար ոչ բնորոշ գործառույթի իրականացում:

Ելնելով վերոնշյալից, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 61-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետերում` վերոնշյալ գործառույթը վերապահելով արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստեղծվող բժշկական հանձնաժողովներին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 61-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետերում` սահմանելով առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն, մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող` հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացության տրամադրման կարգը:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր», ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ կապը բացակայում է:

6. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    31.08.2022 - 15.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3034

Տպել