ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետով սահմանված վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում նպատակը:

2․Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծով նոր խմբագրությամբ է շարադրվում ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 398-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունը։ Մասնավորապես, նշված հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանվել է, որ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության (բացառությամբ քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման) արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ղեկավարի սահմանված ձևով և եղանակով հայտարարություն ներկայացվելու դեպքում նշված ստուգման և այլ վարչական ակտերը ենթակա են կատարման հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։ Իսկ նույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանվել է, որ քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման  արդյունքներով  կազմված ստուգման ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման ակտերը վարչական կամ դատական կարգով չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ղեկավարի սահմանված ձևով և եղանակով հայտարարություն ներկայացվելու դեպքում  նշված ստուգման ակտերը ուժի մեջ են մտնում հայտարարության ներկայացման օրվանից, վարչական կամ դատական կարգով բողոքարկման ենթակա չեն և ենթակա են կատարման ուժի մեջ մտնելու  օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։

Միաժամանակ, Նախագծով Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում կատարվող լրացմամբ և նույն մասում լրացվող 4-րդ կետով բացառություն է սահմանվել՝ նախատեսելով, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման արդյունքներով ընդունված հարկային պարտավորություններ առաջադրող ստուգման ակտերն ուժի մեջ են մտնում քրեական վարույթով եզրափակիչ դատավարական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդ օրվանից։

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝   քրեական վարույթի շրջանակներից դուրս, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կատարված ստուգման կամ վերստուգման արդյունքները կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ առանց դրանց վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզումն օբյեկտիվորեն անհնար է։

Քրեական վարույթի ընթացքում ստուգման ակտի հետ կապված բողոքների բովանդակությունը կարող է ներառել դրա որպես ապացույց ճանաչելու հարցերը` սահմանափակվելով այդ փաստական տվյալի վերաբերելիությունը, թույլատրելիությունը և հավաստիությունը վիճարկելու հնարավորությամբ: Այլ կերպ ասած` հարկային ստուգման արդյունքներով կազմված ակտը քրեական վարույթում չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ և դրա բողոքարկումը չի կարող իրականացվել այն նույն կանոններով, որոնցով կանոնակարգվում են վարչական բողոքարկման և վարչական դատավարության կարգով այդ ակտերի բողոքարկման հարաբերությունները:

Հետևաբար կարելի է ասել, որ քրեական վարույթում ստուգման ակտը գնահատման է ենթարկվելու ոչ թե իբրև վարչական ակտ ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին օրենքով նախատեսված վարչական ակտին ներկայացվող պահանջներին համապատասխանելու տրամաբանությամբ, այլ այնպես, ինչպես քրեական վարույթում առկա մյուս բոլոր ապացույցները, մասնավորապես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված չափանիշներին՝ վերաբերելիությանը, թույլատրելիությանը, հավաստիությանը, համապատասխանության տրամաբանությամբ։

Հարկ է արձանագրել նաև, որ ինչպես արտավարութային փաստաթուղթ համարվող ստուգման ակտի, այնպես էլ այլ ապացույցների գնահատման հետ կապված բողոքները դուրս են մինչդատական վարույթում դատական վերահսկողության ենթակա հարցերի շրջանակից: Փաստական տվյալները որպես ապացույց ճանաչելու կամ չճանաչելու հարցերը, որպես կանոն, չեն կարող դառնալ մինչդատական վարույթում դատական վերահսկողության առարկա, քանի որ դրանց վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում` դատաքննության ընթացքում, չի կարող լինել անհնար կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկել է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից:

 Նշված համատեքստում Նախագծով փոփոխություն է կատարվել 440-րդ հոդվածում և նշված հոդվածի 3-րդ  մասի նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում   սահմանվել է, որ քննիչի կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված հարկային ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և  ստուգման  արդյունքում կազմված ակտը ուժը մտնելուց հետո բողոքարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով:

Նախագծով, մասնավորապես՝ Օրենսգրքի 320-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նոր նախադասությամբ լրացմամբ նախատեսվել է բացառություն, որի համաձայն՝ մինչև ստուգման կամ այլ վարչական ակտերը չբողոքարկելու վերաբերյալ  հարկ վճարողի կողմից հայտարարության ներկայացման օրը և վճարման 10-օրյա ժամկետների ընթացքում ստուգման ակտով կամ այլ վարչական ակտերով առաջադրված գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում։

2022 թ. hուլիսի 1-իc ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որով հետաքննության մարմինն այլևս իրավասու չէ ստուգում նշանակելու մասին որոշում կայացնելու: Նախագծով նախատեսվում է Օրենսգրքի 337-րդ, 338-րդ և 440-րդ  հոդվածները համապատասխանեցնել ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքին:

3.Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

         Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

         5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1830-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետով սահմանված վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում նպատակից։ Մասնավորապես, Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2.1-րդ կետի 2.1.9-րդ ենթակետով նախատեսվել է կատարելագործել հարկային կարգապահության ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման գործընթացները։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության (բացառությամբ քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման) արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը ենթակա կլինեն կատարման վարչական ակտերը չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ղեկավարի սահմանված ձևով և եղանակով հայտարարություն ներկայացվելու դեպքում՝ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։

Իսկ քննիչի պատճառաբանված որոշմամբ նշանակված համալիր հարկային ստուգման արդյունքներով կազմված ստուգման ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման ակտերը վարչական կամ դատական կարգով չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմնի ղեկավարի սահմանված ձևով և եղանակով հայտարարություն ներկայացվելու դեպքում  նշված ստուգման ակտերը ուժի մեջ կմտնեն հայտարարության ներկայացման օրվանից, վարչական կամ դատական կարգով բողոքարկման ենթակա չեն լինի և ենթակա կլինեն կատարման ուժի մեջ մտնելու  օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում։

 Քննիչի կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված հարկային ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և  ստուգման  արդյունքում կազմված ակտը ուժը մտնելուց հետո կբողոքարկվեն Օրենսգրքով սահմանված կարգով:

Միաժամանակ, մինչև ստուգման կամ այլ վարչական ակտերը չբողոքարկելու վերաբերյալ հարկ վճարողի կողմից հայտարարության ներկայացման օրը և վճարման 10-օրյա ժամկետների ընթացքում ստուգման ակտով կամ այլ վարչական ակտերով առաջադրված գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվի։

  1. Այլ տեղեկություններ

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ

 ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

  • Քննարկվել է

    30.08.2022 - 14.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2208

Տպել