Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։

Ռազմավարության համար արժեբանական առումով հիմնաքարային են սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը, որով տրվում են սոցիալական պետության սահմանները, սահմանվում սոցիալական պաշտպանության և աջակցության համակարգերը։

Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝ աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը։ Ռազմավարությամբ ուրվագծվող համակարգի առանցքում մարդն է, ուստի ռազմավարությունը կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ՝ ընդգրկելով նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտը։ Այն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև կանխատեսում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը մարդու, ընտանիքի և հասարակության վրա։

Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ այդպիսով ջանալով ստեղծել առաջարկվող բարեփոխումների շուրջ հանրային համաձայնություն։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։

Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և խաչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների համար։

  • Քննարկվել է

    17.08.2022 - 01.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5256

Տպել

Առաջարկներ`

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

31.08.2022

3.1. Աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգի կատարելագործման և սոցիալական գործընկերության խթանման ծրագիր Սոցիալական գործընկերությունը ենթադրում է, որ գործատուներն ու արհմիությունները համագործակցում են միմյանց հետ՝ նպատակ ունենալով սոցիալ-աշխատանքային ոլորտում համաձայնեցնելու տնտեսական շահերն ու կարգավորելու սոցիալ-աշխատանքային կոնֆլիկտները պետության հետ սերտ համագործակցությամբ։ Մինչդեռ, որոշ դեպքերում ՀՀ-ում սոցիալական գործընկերությունը արտահայտվում է ներդրողների՝ ՀՀ կառավարության հետ երկկողմ բանակցություններ վարելու տեսքով, որի արդյունքում ստանում են հանրային արտոնություններ իրենց հուզող շահագրգիռ հարցերի ուղղությամբ։ Հարկ է նշել, որ վերոնշյալ գործարարները չեն հանդիսանում Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ։ Արդյունքում՝ գործարար այլ միությունների անդամ ձեռնարկությունները չեն ճանաչվում իբրև գործատու և շրջանցում են եռակողմ կոլեկտիվ բանակցությունները, եռակողմ պայմանագրերը և դրանց պայմանները կատարելու պարտավորությունները։ Ամենից խոշոր գործատուները մի կողմից պետությունից ստանում են ցանկալի պայմաններ, իսկ մյուս կողմից խուսանավում են աշխատողների աշխատանքային պայմանների ապահովման և իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ հանձնառություններ ստանձնելուց։ Այս պատկերը խորքային բարեփոխման կարիք ունի, ուստի անհրաժեշտ է՝ ուսումնասիրել և մշակել սոցիալական գործընկերության ամրապնդման մեխանիզմներ, որոնք սոցիալական գործընկերությունը կդարձնեն պրակտիկ, արդարացի և հաշվետվողական, կներառեն խոշոր տնտեսական կշիռ ունեցող գործատուների և այլ գործատուների միություններ՝ ոչ թե ըստ ինքնավնասման, այլ ըստ ունեցած դերի և ազդեցության։

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

31.08.2022

Մասնավոր նպատակ 3 3.1.Աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգի կատարելագործման և սոցիալական գործընկերության խթանման ծրագիր Առաջարկում ենք ռազմավարական ծրագրի մեջ ներառել նաև Արհեստակցական միությունների մասին ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացումը, որը կունենա հետեւյալ նպատակները՝ - Արհմիությունների կառուցվածքային համակարգում եւ առանձին կառույցներում ներքին ժողովրդավարության (ղեկավարի փոփոխելիության) մեխանիզմների զարգացման միջոցով արհմիությունների գործունակությունը եւ անկախությունը մեծացնելը, - Թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման միջոցով գործատուների հետ հնարավոր ստվերային գործակցության ռիսկերի կանխարգելումը, հանրային վստահության բարձրացումը, նոր անդամների եւ նոր ռեսուրսների ներգրավումը, - Գործատուի որոշումների վրա ազդելու անհատական եւ կոլեկտիվ պաշտպանության գործիքներ ձեռք բերելը, այդ թվում՝ - Խորհրդատվական կարծիք հայտնելու միջոցով աշխատողների աշխատանքային շահերն ու իրավունքները գործատուի եւ (կամ) երրորդ անձի մոտ ներկայացնելու եւ պաշտպանելու իրավազորության աճը, - Աշխատանքային տեսչության վարույթ հարուցելու դիմումով հանդես գալու մեխանիզմի ներդրումը, - Գործադուլների տարբեր տեսակների հայտարարման եւ կազմակերպման մեխանիզմի հեշտացումը, Որպես երրորդ կողմ, առանց աշխատողի լիազորման՝ իբրեւ ընդհանուր շահեր ներկայացնող աշխատավորական կազմակերպություն, նրա շահերը դատարանում պաշտպանելու իրավասության (actio popularis) ներդրումը՝ առավել խոցելի խմբերի պաշտպանության եւ այլ նպատակներով։

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

31.08.2022

Մասնավոր նպատակ 3․ Ապահովել աշխատանքային իրավունքների իրացման հնարավորություններ և արժանապատիվ աշխատանքի պայմաններ Անհրաժեշտ է ընդլայնել աշխատանքային իրավահարաբերություններում առկա խնդիրների (այդ թվում օրենսդրական և իրավակիրառ) ցանկը, ինչպես նաև նշել, թե որոնք են թիրախավորվում 2022-2026 թվականների ընթացքում և դրանց լուծման ուղղությամբ հստակ միջոցառումներ ամրագրել, այդ թվում՝ Աշխատանքային օրենսգրքով հստակեցնել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքման պայմանները, սահմանել աշխատանքից անօրինական ազատման դեպքում վնասի հատուցման համարժեք մեխանիզմ, սահմանել գործատուի պարտականությունը՝ անհատական իրավական ակտ կայացնելու, որը կբավարարի իրավաչափության, հիմնավորվածության և համաչափության վավերապայմաններին, աշխատանքային հարաբերությունների փաստացի բացակայության ապացուցման բեռը օրենսդրությամբ փաստացի աշխատանքը օգտագործողի կամ, նույնն է, գործատուի վրա դնելը, ինչը կխրախուսի աշխատողին դատական կարգով աշխատանքային հարաբերությունների ճանաչման միջոցով իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը և այլ միջոցառումներ։ Ռազմավարությամբ նախատեսել իրազեկման միջոցառումներ՝ աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Տեսնել ավելին