Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունում կյանքի է կոչվել 2009 թվականից մեկնարկած Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի առաջին փուլը: «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կենտրոն) գործում է 2020 թվականի հունիսից: Կարող ենք փաստել, որ սա ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված, տարածաշրջանում մրցակցող դեր ունեցող կենտրոն է: Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 100 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (այսուհետ` ՊԷՏ/ՀՏ) հետազոտություն: Կենտրոնում ստեղծվել են նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված մասնագետներն անցնելով համապատասխան վերապատրաստումներ, կնպաստեն ծառայությունների ծավալների մեծացմանը:

Այսօր կենտրոնը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը՝ միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաև առկա է սերտ և ակտիվ համագործակցություն «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հետ, որը միտված է միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու՝ օգտագործելով կենտրոնի հնարավորությունները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնը տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով և կենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը, կենտրոնի առաջիկա ուղղություններից է ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը:

Կենտրոնը սերտ համագործակցում է նաև Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Հարկ է նշել, որ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացում հաջողության անկյունաքարն է վաղ ախտորոշումը: Ուռուցքաբանական համալիր ծառայությունների մատուցման տեսանկյունից անհրաժեշտ է, որ ուռուցքաբանության կենտրոնն ունենա նաև ուռուցքաբանության մեջ այսօր անփոխարինելի համարվող ՊԷՏ/ՀՏ, որը թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային օջախները, տալ դրանց քանակական և որակական գնահատականը: ՊԷՏ/ՀՏ-ի դերը մեծանում է բարորակ և չարորակ նորագոյացությունների տարանջատման, նորագոյացության տարածվածության գնահատման և բուժումից հետո հիվանդության կրկնության վաղ հայտնաբերման գործընթացում:

Այսպիսով, ուռուցքաբանական ծառայության բարելավման և շարունակական զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելու նպատակով:

3. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքից` օրենքի հավելվածով հաստատված ցանկի 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչելով:

3.1. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից հանելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում է սպասվում:

Հաշվի առնելով, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի թվով 4 բյուջետային վարկերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,195,966,701.0 ՀՀ դրամ, մարումները, համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 1003-Ա և N 995-Ն որոշումների հետաձգվել են, սկսվում են 2023 թվականից, ուստի առաջարկում եմ նախագծի հիմնավորման ֆինանսական մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կողմից կազմած ֆինանսական ցուցանիշների ամփոփ տեղեկատվության համաձայն` վերջին երեք տարիների 2018-2020թթ. պետական բյուջեի հաշվին Ընկերության ծախսերի միջին ցուցանիշը կազմել է 42,722,900.0 ՀՀ դրամ: Ընկերությունը աշխատանքը սկսել է 2020 թվականի հունիսից, այդ տարում Ընկերության փաստացի եկամուտը կազմել է 151,266,718.0 ՀՀ դրամ, ծախսը կազմել է 116,650,949.0 ՀՀ դրամ, որտեղ ներառված չեն ամորտիզացիոն ծախսերը: 2021 թվականին Ընկերության փաստացի եկամուտը 01.12.2021թ-ի դրությամբ կազմել է 136,394,000.0 ՀՀ դրամ, ծախսը կազմել է 136,299,000.0 ՀՀ դրամ:

Ընկերությունն ունի 30 աշխատակից, բացի այդ 2022 թվականին կանխատեսվում է Ընկերության ծախսերի գծով աճ` սարքավորումների երաշխիքային և տեխնիկական սպասարկման, նոր սարքերի և նյութերի ձեռքբերման և այլնի գծով: Այսպիսով 2022 և 2023 թվականներին Ընկերությունը կանխատեսում է 445,1 մլն դրամի եկամուտ և 444,4 մլն դրամի ծախս, որում ընդգրկված է 21,0 մլն դրամի պետական պատվերով նախատեսվող գումարը, որը չի ներառում 2023 թվականի վարկերի մարման գումարը:

 Ընկերությունը ունի թվով 4 բյուջետային վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,195,966,701.0 ՀՀ դրամ:

Ֆինանսների նախարարության դիրքորոշման վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ կատարվել են վարկերի մարումների վերահաշվարկներ` ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 1003-Ա և N 995-Ն որոշումներով վարկերի մարումները հետաձգվել և սկսվում են 2023 թվականից, այդ տարի՝ 10.06.2023թ.-ին վարկերի մարման համար անհրաժեշտ է 800.185.938,4 ՀՀ դրամ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից` այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը եւ ապահովելով նշված ընկերության կողմից մատուցվող ծառայությունների բարելավումը և շարունակական զարգացումը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն անուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «Բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում» 21-րդ կետից, «Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծառայությունների բաշխման սկզբունքների սահմանում, հստակ մեխանիզմների նախատեսում՝ ապահովելու համար նեղ մասնագետների կապը առողջության պահպանման առաջնային օղակի հետ» 25-րդ կետից, ինչպես նաև «Չարորակ նորագոյացությունների դեմ պայքար» 3-րդ կետից:

  • Քննարկվել է

    17.08.2022 - 01.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2745

Տպել