Հիշել նախագիծը

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 10.1-ին  կետի պահանջից։

2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Հանքարդյունաբերության ոլորտը հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ առկա խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար:

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակման հիմնական նպատակն է ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմների սահմանումը, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը։ Փաստաթղթում նախանշվում են հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները:

3. Ակնկալվող արդյունքը

Ռազմավարությունում նախանշված հայեցակարգային սկզբունքների, ռազմավարական ուղղությունների ու նպատակների իրագործումը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում հետևյալ բարեփոխումներին`

ա) Երկրի ընդերքի պետական հաշվառում, օգտակար հանածոների արդյունավետ օգտագործում ու կայուն զարգացում.

բ) սեփական միջոցներով կամ մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ երկրաբանական նոր ուսումնասիրությունների իրականացում.

գ) երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների, առկա պաշարների և արդյունահանման ծավալների վերաբերյալ հավաստի և թվայնացված տեղեկատվական բազայի առկայություն.

դ) արդյունահանվող հանքանյութերի առավել խորը վերամշակման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում.

ե) պոչամբարների և դրանց պատվարների անվտանգություն ու կայունություն.

զ) հանքերի փակման և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների տարածքների ռեկուլտիվացիային առնչվող բարելավված և գործուն, միջազգային լավագույն փորձին համահունչ կարգավորումների առկայություն.

է) բարելավված, միջազգային լավագույն փորձին և ստանդարտներին համահունչ, հստակ և առանց տարընթերցումների հանքարդյունաբերական ոլորտին առնչվող շրջակա միջավայրի օրենսդրություն.

ը) միջոցառումների իրականացման արդյունքում իրավական միասնական համակարգի առկայություն, որի շրջանակներում տարբերակված մեթոդներ կկիրառվեն պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի համալիր իրավունքների տրամադրման համատեքստում.

թ) լիարժեք գործող, միջազգային լավագույն փորձին և ստանդարտներին համահունչ աշխատանքի անվտանգության և առողջության պահպանության օրենսդրություն.

ժ) հանքարդյունաբերության՝ որպես հարկաբյուջետային կայուն և երկարաժամկետ եկամուտներ ապահովող ոլորտի զարգացման համատեքստում պետական եկամուտների հաշվարկման, հավաքագրման ընթացակարգերի և գործիքակազմի արդյունավետ կիրարկում.

ժա) ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորում.

ժբ) հանքարդյունահանող ընկերությունների և տեղական համայնքների միջև համայնքների զարգացման համաձայնագրի/պլանի պատշաճ կերպով կիրարկում.

ժգ) հաշվետվողականության համալրված և ամբողջական պահանջների սահմանում.

ժդ) խոցելի խմբերին և կանանց ուղղված թիրախային քաղաքականության մշակում.

ժե) կարողությունների զարգացում և կրթական ոլորտի բարեփոխումների իրականացում:

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն մշակելու ծրագիրը նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից և իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցության շրջանակներում («Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր», Դրամաշնորհ թիվ TF0B3556): Ծրագրի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է: Ծրագրով նախատեսված աշխատանքները համակարգվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Ռազմավարության մշակումն իրականացվել է «Գրանթ Թորնթոն» ՓԲ (ՀՀ) ընկերության կողմից:

5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, բացի ռազմավարությունից բխող գործողություններով նախատեսված իրավական ակտերի ընդունումից, առկա չէ: Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ, իսկ ռազմավարությունից բխող գործողությունների համար անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները և աղբյուրները նախատեսված են ռազմավարությամբ և դրա գործողությունների ծրագրով:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021թ.-ի օգոստոսի 26-ի № ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 2.8–րդ բաժնի 1-ին պարբերության 1-ին կետով նախատեսված հանձնառություններից և 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության 3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ և 14-րդ մեգանպատակներից:

  • Քննարկվել է

    05.08.2022 - 21.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3057

Տպել