Հիշել նախագիծը

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`  լաբորատոր փորձաքննության արդյունքների վիճարկման դեպքում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի տված արձանագրությունը համարվում է վերջնական: Սակայն ներկայումս ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիա նշանակված չէ և բացակայում է նշանակման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը, որն իր հերթին առաջացնում է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կապված տնտեսավարողների կողմից լաբորատոր փորձաքննությունների արձանագրությունների միջև առկա հակասությունների դեպքում Հայաստանի Հանրապետությունում վիճարկման իրավունքի իրացման բացակայության հետ։

«Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով։

Բացի այդ, նախագծի ընդունմամբ կստեղծվի իրավական հիմք սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման համար, ինչը խիստ կարևոր է վստահելի և կայացած որակի ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից:

   2Առկա իրավիճակը.

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լաբորատոր փորձաքննության արդյունքների վիճարկման դեպքում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի տրված արձանագրությունը համարվում է վերջնական: Սակայն վերոնշյալ նորմի գործողությունը պայմանավորված է Կառավարության կողմից ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակմամբ, քանի որ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված նորմը ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից սահմանված կարգով ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակման պահից:

Արդյունքում, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում  վերահսկողության շրջանակներում կատարվող լաբորատոր հետազոտությունների հետ համաձայն չլինելու դեպքում, տնտեսավարող սուբյեկտին հնարավորություն չի ընձեռնվում վիճարկել իրար հակասող փորձաքննության արդյունքները, ինչն իր հերթին սահմանափակում է տնտեսավարողի՝ օրենքով սահմանված դեպքերում վիճարկելու իր իրավունքը։ Բացի այդ, ազգային ռեֆերենս լաբորատորիայի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի անվտանգությունը պարզելու գործընթացում, քանի որ վերոնշլայ լաբորատորիայի բացակայության պայմաններում բացակայում է նաև խնդրահարույց/ վիճարկելի/ դեպքերի կանոնակարգման հնարավորությունը:

  3 Կարգավորման նպատակները.

Նախագծով սահմանվում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում  ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման կարգը: Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի ազգային ռեֆերենս լաբորատորիաների համակարգ, որը կունենա արդիականացված, միջազգային չափորոշիչներին համապատասխան ստանդարտ գործելակարգեր ունեցող լաբորատորիաներ, որոնց տրամադրած արդյունքները կլինեն հուսալի, համադրելի, ճշգրիտ և ապացուցողական հիմքերով։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։

 5 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում  ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման գարծընթացը, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի  լուծել  պետական վերահսկողության ընթացքում ծագած վիճահարույց հարցերը և ստեղծել իրավական հիմք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման համար, ինչը խիստ կարևոր է վստահելի և կայացած որակի ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից:

Նախագծի ընդունումը կնպաստի միջազգային պահանջներին համապատասխան, լաբորատոր մասնագետների կրթական և շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերով և լաբորատոր որակի կառավարման սկզբունքներով առաջնորդվող,  տարբեր լաբորատորիաներում իրականացված ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներով համադրելի, վստահելի և ռեֆերենս չափորոշիչների ապացուցողական հիմքերով կայուն ռեֆերենս լաբորատորիաների ձևավորման քաղաքականության զարգացմանը:

 6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ.  միջոցառումների ծրագրի «Սննդամթերքի վերահսկողության և անվտանգության վիճահարույց հարցերի լուծում» նպատակի «Սննդամթերքի անվտանգության ոլորտում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ներկայացում կառավարության հաստատմանը» միջոցառումից:

 7.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին).

 Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

 

  • Քննարկվել է

    04.08.2022 - 22.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2747

Տպել