Հիշել նախագիծը

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«____» ___________2022 թվականի N ____-Ն

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                       

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 9-րդ պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորին (այսուհետ` Ազգային օպերատոր) ներկայացվող հիմնական պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սահմանել, որ`

1) «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի 5-րդ պարբերությամբ սահմանված վերահսկող մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է Ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որը հրապարակում է Ազգային օպերատորին և Ազգային օպերատորի կողմից մշակվող՝ էլեկտրոնային կառավարման համակարգին ներկայացվող պահանջները։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

   

Հավելված N 1

ՀՀ կառավարության

«__»_____ 2022թ. թիվ ___-Ն որոշման

 

 

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Ազգային օպերատորը պետք է բավարարի հետևյալ հիմնական պահանջներին՝

1) ապահովի «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) 5-րդ հոդվածով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորներին վերապահված գործառույթների իրականացումը.

2) հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ: Մրցույթին իրավաբանական անձանց կոնսորցիումի մասնակցության դեպքում անդամներից առնվազն մեկը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ.

3) ունենա համապատասխան որակավորմամբ աշխատանքային ռեսուրսներ, էլեկտրոնային կառավարման համակարգի մշակման, տեղայնացման և տեխնիկական աջակցության (սպասարկման) ապահովման համար` հետևյալ համամասնությամբ և մասնագիտական աշխատանքային փորձով՝

ա.  1 նախագծի ղեկավար՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով,

բ. 1 բիզնես վերլուծաբան՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով,

գ. 1 ծրագրավորող՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով,

դ. 2 ծրագրավորող՝ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձով,

ե. 2 ծրագրավորող՝ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով,

զ. 1 որակի ապահովման մասնագետ՝ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով․

4) ապահովի համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող պահանջներին համապատասխանող տեղորոշման էլեկտրոնային կապարակնիքների կիրառությունը.

5) ապահովի  համաձայնագրի 9-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված անհրաժեշտ գործողությունների իրականացումը.

8) ապահովի Համաձայնագրի 17-րդ հոդվածով և 18-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամանակավոր ինտեգրացիոն լուծումների իրականացումը.

10) հավաստի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների օպերատորի (օպերատորների) հետ համագործակցության հնարավորությունը` հանձնաժողով ներկայացնելով օպերատորի (օպերատորների) հետ կնքված նախնական պայմանագրի կամ մտադրությունների համաձայնագրի կամ պայմանագիր կնքելու հավաստման պատճենը.

11) իրականացնի ուսուցում Հայաստանի Հանրապետության վերահսկող մարմինների աշխատակիցների համար.

12) Հայաստանի Հանրապետության վերահսկող մարմինների հասանելիությունը օպերատորի տեղեկատվական համակարգին պետք է ապահովվի անվճար:

2․ Օպերատորի լիազորությունների դադարեցման որոշման դեպքում օպերատորը պետք է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տեղեկացնի այդպիսի որոշման մասին՝ լիազորությունների դադարեցման նախատեսվող ամսաթվից առնվազն 6 ամիս առաջ։

 

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության

«__»_____ 2022թ. թիվ ___-Ն որոշման

 

 

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

  1. Սույն ընթացակարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ օպերատորի ընտրության հետ կապված հարաբերությունները։
  2. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է հանձնաժողովը, որը սահմանում է մրցութային փաստաթղթերը, իրականացնում է մրցույթի արդյունքների գնահատումը և ամփոփումը։
  3. Մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը մրցույթի անցկացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am։
  4. Մրցույթի մասնակիցները ներկայացնում են մրցութային հայտեր՝ հանձնաժողովի սահմանած և մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերին համապատասխան։
  5. Մրցույթն անցկացվում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի՝ մրցույթին մասնակցության համար սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության և օպերատորին ներկայացվող պահանջներին համապատասխանության գնահատման միջոցով։
  6. Մրցութային հայտերը ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում են հանձնաժողովին՝ ուսումնասիրության և գնահատման համար։
  7. Հանձնաժողովը հայտերը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրություն և օպերատորին ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատում։
  8. Հանձնաժողովը ներկայացված հայտերի ուսումնասիրությունից և օպերատորին ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հրապարակում է օպերատորի ընտրության մրցույթի արդյունքները։ Վերահսկող մարմինը օպերատորի ընտրության մրցույթի արդյունքների հրապարակմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
  9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված օպերատորի հետ վերահսկող մարմինը կնքում է պայմանագիր:
  • Քննարկվել է

    29.07.2022 - 19.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2394

Տպել