Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 1.3 պաշտպանության ոլորտ, զինված ուժերի բարեփոխումներ բաժնի դրույթներին (պաշտպանության բնագավառի շարունակական բարեփոխումներ) համահունչ և ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի (այսուհետ՝ կանոնագիրք) կիրառման շրջանակներում ակնհայտ է դարձել, որ կանոնագրքի հատուկ մասում կարգապահական իրավախախտումների համար սահմանված կարգապահական տույժերի ցանկում կանոնագրքի 23-րդ հոդվածում նախատեսված տույժերի տեսակների ոչ ամբողջական ընդգրկումը խնդիրներ է առաջացրել կարգապահական իրավախախտումների դիմաց պատշաճ ներգործություն ապահովելու գործընթացում: Կանոնագրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սպաների կողմից կատարված կարգապահական իրավախախտումների պարագայում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն: Այս դրույթը բավականին ծանրաբեռնում էր տարբեր տեսակի ոչ էական բնույթի տարբեր իրավախախտումների համար սպայական կազմի զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, ինչպես նաև առավել պարզեցված կարգով կարգապահական իրավախախտման դեպքը քննելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի բացակայությունը կրկին անհամաչափ ծանրաբեռնում էր զորային օղակի գործունեությունը: Դրա փոխարեն, որպես ծառայողական քննության նշանակման պարտադիր դեպքեր, նպատակահարմար է սահմանել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հերթապահության կրման կամ սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքերը՝ որպես զինվորական ծառայության հարաբերությունների վրա առավել բացասական ազդեցություն ունեցող իրավախախտումներ: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի դրամական բավարարումից պահում՝ մինչև 30 տոկոս չափով և մինչև երեք ամիս ժամկետով, հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը և կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ և կարգավորումներ: Միաժամանակ, ընդհանուր կարգապահության վրա կանխարգելիչ ազդեցության ապահովման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել «զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժի կիրառման արդյունքում համապատասխան հրամանատարին իրավասություն ընձեռել որոշելու տույժի կիրառումից հետո իրավախախտ անձի կողմից պայմանագրային զինվորական ծառայության կրկին անցնելու հնարավորության սահմանափակում՝ մինչև 5 տարի ժամկետով: Նման գործընթացը հնարավորություն կտա առավել ամրապնդել կարգապահության վիճակը զինված ուժերում, կխթանի զինվորական ծառայության նկատմամբ առավել պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը: Առկա իրողություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նաև կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաև գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:
Զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը բարելավելու, ծառայության հետ կապված հարաբերությունները հստակեցնելու, 2020 թվականին հայտարարված զորահավաքի վերլուծության արդյունքներով կանոնակարգումներ նախատեսելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) իրականացնել մի շարք համալիր բնույթի կանոնակարգումներ: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել ըստ ծառայության կազմակերպման համակարգերի առավել ընդգրկուն սահմանել զինվորական ծառայության հասկացությունը, զինծառայողների համար օրենքով սահմանված սահմանափակումների ցանկը լրացնել զինծառայության առանձնահատկություններով և ծառայության պատշաճ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված սահմանափակումներով, պահեստազորի սպայական կազմը համալրելու նպատակով առաջին սպայական զինվորական կոչում ստանալու հնարավորություն ընձեռել նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունն ավարտող բարձրագույն կրթություն ունեցող այն զինծառայողներին, ովքեր կամավոր հիմունքներով կանցնեն սպայական կարճաժամկետ դասընթացներ, հստակեցնել երկու եղբայրների կողմից միևնույն զորամասում ծառայություն անցնելու կարգը, քանի որ որոշակի դեպքերում մեկ եղբայրը ծառայության է նշանակված այնպիսի պայմաններով զորամասում, որոնք չեն բավարարվում մյուս եղբոր կողմից, սահմանային տարիքի հասած զինծառայողների համար սահմանել հավասար հնարավորություն՝ պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու ցանկություն ունենալու դեպքում, ինչպես նաև ավագ և բարձրագույն սպայական կազմերի պահեստազորայիններին հնարավորություն ընձեռել պայմանագրային զինվորական ծառայության ընդունվել նաև սահմանային տարիքը լրանալուց հետո, զորահավաք հայտարարված լինելու դեպքում որպես պաշտոնից ազատելու հիմքեր են նախատեսվում զինծառայողի կողմից իր պարտականությունների կատարման մեջ թերանալը կամ հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե բժշկական եզրացության համաձայն զինծառայողի բուժումը կարող է տևել մեկ ամսից ավելի, հստակեցվում են համապատասխան հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետները և այն դեպքերը, որոնց հիման վրա պահպանվում է զինծառայողին պաշտոնային դրույքաչափի վճարումը, միաժամանակ, հաշվի առնելով մի շարք դեպքերով առկա դատական պրակտիկան, օրենքում սահմանվում է, որ զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումը չի հանդիսանում նրա հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում և պաշտոնից ազատման, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների ծառայության այլ վայր փոխադրելու հետ կապված գործընթացների վրա չեն տարածվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամ աշխատանքի էական պայմանների փոփոխության վերաբերյալ դրույթները, առկա խնդիրների լուծման նպատակով հստակեցվում են մարտական հերթապահության իրականացման որոշակի ժամանակացույցով զինծառայություն իրականացնող զինծառայողների արձակուրդների տրամադրման, հանգստյան և ոչ աշխատանքային տոնական օրերին աշխատանքի դիմաց այդ ժամանակահատվածով շաբաթվա այլ օրերին հանգստի տրամադրման անհնարինության դեպքում այդ օրերը զինծառայողի ամենամյա արձակուրդին ավելացնելու կարգը, ներառյալ նախկինում զինծառայությունից արձակված անձանց հետ համապատասխան վարչարարության իրականացման ընթացակարգը, հստակեցվում են զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ճանաչվելու պայմանները, ներառյալ որպես կարիքավոր հաշվառված, ծառայության ընթացքում բավարարում չստացած և զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում անընդմեջ իրականացվել է զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության (մինչև 2019 թվականը) կամ քաղաքացիական ծառայության հաստիքով (2019 թվականից սկսած) փոխարինելու գործընթաց, արդյունքում տվյալ զինվորական հաստիքը զբաղեցնող զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է հաստիքների կրճատման հիմքով և նշանակվում է քաղաքացիական ծառայության (մինչև 2019թ-ը՝ քաղաքացիական հատուկ ծառայության) պաշտոնի, սակայն քանի որ այդ հիմքը նախատեսված չէ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում (նաև ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում), խնդիրներ և արդարացի դժգոհություններ են առաջացել զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված և ծառայության ընթացքում բարելավում չստացած՝ քաղաքացիական ծառայող հանդիսացող նախկին զինծառայողների իրավունքն իրացնելու գործընթացում, մարտական գործողություններին մասնակցած անձանց համար սահմանված պատվովճար ստանալու իրավունք սահմանել նաև աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց համար, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել մի շարք այլ բնույթի ընթացակարգային լուծումներ: Անհրաժեշտություն է առաջացել նաև իրականացնել զինծառայության պատշաճ կազմակերպման և դրա ապահովման վրա էական ազդեցություն ունեցող մի շարք այլ փոփոխություններ: Մասնավորապես, զինվորական կարգապահության ամրապնդման, պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում իրավական հետևանքի սահմանման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածը չհաշվարկել զինվորական ծառայության ստաժում, ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով («Պատիվ ունեմ» ծրագրով) ուսումնառություն անցած (անցնող) անձանց համար սահմանափակում նախատեսել կրթության, գիտության, մշակույթի կամ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստանալու գործընթացում, քանի որ հակառակ պարագայում վտանգվելու է քաղաքացու հետ կնքված համապատասխան պայմանագրի վերջնական արդյունքը, կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում սահմանել համապատասխան չափով հրաժարագնի վճարման պարտավորություն և ստացած զինվորական կոչման չեղարկում, վարժական հավաքների կազմակերպման գործընթացում առաջացած խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ընտանեկան մի շարք պայմաններ, որոնք ունեցող պահեստազորայինները չեն ներգրավում վարժական հավաքներին: Բացի այդ, հաշվի առնելով, որ օրենքը հատուկ սահմանել է զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինվորական համազգեստի կրման իրավունքի հատուկ կարգ, անհրաժեշտություն է առաջացել նման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստը ոչ իրավաչափ կրելու դեպքում սահմանել պատասխանատվություն, որի նպատակով համապատասխան կարգավորումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն, 09.08.2018թ. N 898-Ն, 06.12.2018թ. N 1419-Ն և 04.02.2021թ. N 141-Ն որոշումներում, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքների տրման կարգը, դրանց համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքների ձևերը, ինչպես նաև անհրաժեշտ փոփոխություններ կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք կարգավորիչ ակտերում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վարչական պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու համար:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որոնց հաշվարկները հնարավոր չէ կանխատեսել:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքների նախագծերի փաթեթը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ և վեցերորդ պարբերությունների ու 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, զինված ուժերի կարգապահության խթանման, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 8-րդ կետի 8.3 և 14-րդ կետի 14.3 ենթակետերի պահանջների կատարման հետ:

 

  • Քննարկվել է

    29.07.2022 - 14.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 761

Տպել