Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ԶՈՀ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀ ՆՈՒՅՆԱՑՆԵԼՈՒ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

  1. Ներկայացվող նախագծի նպատակն է ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված լրացման պահանջը, քանի որ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն օրենքի եզրափակիչ մասի և անցումային դրույթներին համապատասխան այդ օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Հաշվի առնելով, որ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2022 թվականի մայիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի մայիսի 29-ին, հետևաբար «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվում է օրենքով սահմանված ժամկետում:

Նախագիծը միտված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին նույնացման հստակ չափորոշիչների սահմանմանը՝ օբյեկտիվ և կանխատեսելի նույնացում իրականացնելու համար:

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Օրենքն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, որով կարգավորվեցին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացմանը, սակայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործան զոհերի նույնացման հանձնաժողովը (այսուհետ՝ Նույնացման հանձնողով) գործել է առանց հստակ չափորոշիչների:

Բացի այդ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման յուրաքանչյուր հավանական զոհին պետք է տրամադրվի ամբողջական տեղեկատվություն, և նա իրազեկվի նրան՝ որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացման չափորոշիչների մասին: Հաշվի առնելով, որ Նույնացման հանձնաժողովը մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է, և նրա կայացված որոշման հիման վրա է նույնացված զոհը ստանալու օրենքով նախատեսված համապատասխան աջակցությունը և պաշտպանությունը, հետևաբար կայացվող որոշումները պետք է լինեն որոշակի, կանխատեսելի ու հիմնավորված: Ավելին, հաշվի առնելով որ Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչներից, հնարավոր է, որ նրանք ունենան էական հակասություններ անձին նույնացնելու գործընթացում, քանի որ այդ ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր չափորոշիչները կամ չափանիշները՝ երևույթը որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում դիտելու և հետևաբար՝ թրաֆիքինգի և շահագործման ենթարկված այդ անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու կամ չճանաչելու համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միջազգային տարբեր կազմակերպություններ՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և այլն, կազմել են ուղենիշային ցուցանիշներ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կամ դրա առանձին դրսևորումների ցուցանիշներ և ցուցիչներ, որոնք պետությունները նույնացնելով և հարմարացնելով ազգային օրենսդրության հետ դարձնում են կիրառելի իրենց տարածքում:

Նույնացման հանձնաժողովի կողմից անձանց որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույանցնելու վիճակագրությունը հետևյալն է՝ 2015-2016 թվականներին նույնացվել է 24 անձ, 2017 թվականին՝ 11 անձ, 2018 թվականին՝ 9 անձ, 2019 թվականին՝ 8 անձ, 2020 թվականին՝ 9 անձ: Նույնացումն իրականացվել է այնքանով, որքանով Նույնացման հանձնաժողովի անդամները, հիմնվելով առկա փաստաթղթերի կամ ենթադրաբար մարդկանց թարֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի խոսքերի վրա, գնահատել են նրա զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ լինելը հնարավոր:

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Նախագծով առաջարկվում է հաստատել անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները, ինչը ոչ միայն հնարավորություն կընձեռի արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկների կամ կամայականության կայացնել օբյեկտիվ ու հիմնավոր որոշում անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու վերաբերյալ, այլ նաև կբացառի կոռուպցիոն դրսևորումները, ինչպես նաև կընձեռի հնարավորություն պաշտպանվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամայական որոշումներից:

Անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու համար անհրաժեշտ ցուցիչները ներկայացված են համակարգված և դասակարգված՝ ըստ մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը բնութագրող գործողությունների, կատարման եղանակների և շահագործման ձևերի:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Ներկայացվող Նախագծի ընդունման պարագայում հստակ կլինեն Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները, ինչը հնարավորություն կընձեռի նույնացման գործընթացը դարձնել վերահսկելի և կանխատեսելի:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Վորդ Վիժն - Հայաստան» կազմակերպության փորձագիտական աջակցությամբ:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 15-րդ պարբերությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումից։

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.07.2022 - 08.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2627

Տպել

Առաջարկներ`

Դեմոկրատիան այսօր ՀԿ

07.08.2022

Հաշվի առնելով, որ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցության և նույնացման օրենքում սույն թվականի մայիսին արվել են փոփոխություններ, որոնք ներառել են Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի համար ցուցիչներ, սակայն օրենքի այդ փոփոխությունները չեն քննարկվել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի և Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հետ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԳԱԾ-ում ներառված է անհրաժեշտություն նախանույնացման փուլի համար ցուցիչներ մշակել, հարկ ենք համարում վերանայել այս որոշման նախագիծը, քանի որ տվյալ ցուցիչները օգտակար կլինեն նախանույնացման փուլում կիրառել, այլ ոչ թե՝ նույնացման: Ինչ վերաբերվում է հանձնաժողովի աշխատանքին, ապա դրանում ընդգրկված են ԱՍՀՆ-ի, Ոստիկանության, Դատախազության մասնագիտացված վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև 3 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ունեն ավելի քան 15 տարվա փորձ թրաֆիքինգի զոհերի նույնացման և աջակցության ոլորտում: Նույնացումը անցկացվում է էքսպերտային մակարդակով, համատեղ քննարկումների հիման վրա՝ հաշվի առնելով հանգամանքները և օբյեկտիվ տվյալները: Ավելին առաջարկվող մի ցուցիչի առկայության հիման վրա նույնացնել զոհին անունդունելի է: Նախորդ տարիների ընթացքում չի եղել հանձնաժողովի ընդունած որոշում, որը կասկածի առիթ է հանդիսացել: Նման որոշման ընդունումը վերացնում է հանձնաժողովի գործունեության անհրաժեշտությունը, իսկ դա կարող է հանգեցնել ոչ հավաստի, ոչ կշռադատված որոշումների և կարող է բերել իրական կոռուպցիոն ռիսկեր:

Viktoria Avakova

07.08.2022

Այս նախագիցը պատրաստելու գործընթացում ինչպես նաև դրան նախորդող օրենքի փոփոխությունները ընդունելուց Նույնացման հանձնաժողովի անդամների կարծիքը հաշվի չի առնվել, չի քննարկվել ցուցիչների ներդրման նպատակահարմարությունը ինչպես նաև դրանց բովանդակությունը և կիրառելիությունը: Երբեվիցէ չի գնահատվել հանձնաժողովի աշխատանքը, նրա որոշումների օբյեկտիվությունը, առավել ևս հեղինակների կողմից նշված <<կոռուպցիոն դրսեվորումները>>, ինչպես նաև չի գնահատվել նույնացման ցուցիչների ներդրման նպատակահարմարությունը: Հարկ է նշել, որ իրոք Նույնացման հանձնաժողովի անդամները տարբեր ոլորտներից են և դեպքերը դիտարկում են տարբեր տեսանկյուններից, իսկ որոշումները ընդունվում են օգտագործելով միջազգային և տեղական օրենսդրությունը և փորձը: Հեղինակների կողմից առաջարկվող ցուցիչների ձևակերպումները հստակ չեն, դժվար կիրառելի, դասակարգումը շտկման կարիք ունի: Որպես նախագծի հիմք հեղինակները նշում են Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումը, որտեղ կետ 1.1.8.-ում նշված է. <<Փոփոխություններ կատարել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում՝.... հավանական զոհերի նախնական նույնացման ցուցիչների մշակման և ներդրման գործընթացներն ապահովելու համար>>, որի արդյունքում <<կապահովվեն պրոակտիվ միջոցառումները՝ թրաֆիքինգի և շահագործման զոհերին հայտնաբերելու և հանցագործությունը կանխելու համար>>: Այս կետը ոչ մի կապ չունի Նույնացման Հանձնաժողովի աշխատանքի հետ, քանի որ այդ հանձնաժողովը իրականացնում է արդեն հայտնաբերված զոհերի վերջնական նույնացումը : Առաջարկում եմ հետաձգել նախագծի ընդունումը և Նույնացման հանձնաժողովի անդամների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել բազմակողմանի մասնագիտական քննարկում:

Տեսնել ավելին